Ովքե՞ր պետք է կանխարգելեն սննդային թունավորումներն ու հետևություններ անեն

Այս հարցն, առավել քան արդիական է վերջին շրջանում   սննդային թունավորումների դեպքերի համատեքստում:  Թունավորումների հետևանքով տուժածների թվի կտրուկ ավելացման մասին բարձրաձայնում են նաև այն մարմինները, որոնք իրենք  պետք է ժամանակին համապատասխան  գործողություններ ձեռնարկեին եւ կանխեին դրանք: Անգործությա՞ն էին մատնված եղել  թե՞ այնուամենայնիվ քայլեր արվել են, սակայն արդյունավետ չեն եղել:

 

Նկատենք, որ սննդային թունավորման կանխարգելման համար պատասխանատու են պետական երկու մարմին՝ ԳՆ Սննդամթերքի անվտագության պետական ծառայությունն ու առողջապահական պետական տեսչությունը: Այս երկու մարմիններն ունեն սննդի, դրանց պահպանման պայմանների, սանիտարահիգիենիկ վիճակի ու այլնի ստուգումներ իրականացնելու, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում նաև տնտեսվարողին տուգանելու   օրենքով սահմանված իրավունք:

 

Իսկ երբ արդեն բանը հասել է թունավորման, ապա գործի է անցնում Առողջապահության նախարարության հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ՊՈԱԿ-ը: Կենտրոնի գործառույթն է հայտնաբերել հնարավոր թունավորվածներին, վարակի հետագա տարածումը կանխելու համար:

 

«Թունավորումների դեպքերի թվի առումով ունենք  ռեկորդ: Դա արդեն գնահատական է այս կառույցների կատարած ոչ հետևողական աշխատանքի»,- ասաց WommenNet.am-ի  հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

 

Հանրապետության գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը լրագրողների հետ վերջին հանդիպմանը հայտարարեց.  «Թունավորումների դեպքերով պետք է հետևություն անեն այն մարդիկ, ովքեր սնունդ են արտադրում և մատակարարում հաստատություններին»:

 

Իրականում, հետևություններ պետք է անեն ոչ միայն արտադրողներն ու մատակարարողները, այլ նրանց գործունեությունը վերահսկող պետական մարմինները, որոնք կոչված են հասարակությանը ապահովել անվտանգ սնունդով:

 

WommenNet.am-ին Սննդամթերքի անվտագության պետական ծառայությունից հայտնեցին, որ  2015 թվականին, նախնական սննդային գործոնով պայմանավորված, արձանագրվել է թունավորման 7 դեպք, նախորդ տարում մեկ դեպք:

 

Ներկայացնելով իրականացրած միջոցառումները, ծառայությունից նշում են, որ  բռնկման օջախ հանդիսացող կազմակերպություններում իրականացված միջոցառումներից բացի, ստուգումներ են իրականացվել նաև մատակարար կազմակերպություններում: Բոլոր դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի տարածքային վարչությունների կողմից հարուցվել են քրեական գործեր, առկա բոլոր նյութերը տրամադրվել են քննչական վարչություններին՝ քննություն իրականացնելու համար, վերջնական արդյունքները պարզ կլինեն նախաքննության ավարտից հետո:

 

Իսկ մինչ թունավորման դեպքերը, որոնց առկայության պարագայում ծառայությունը ստիպված է արդեն ստուգումներ իրականցնել, կանգարգելիչ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել: Գրավոր հարցին ծառայությունից գրավոր պատասխանել են.

 

Նկատի ունենալով արձանագրված թունավորման դեպքերը, Ծառայությունը, բռնկումների օջախ հանդիսացող կազմակերպություններում իրականացրել է մի շարք կանխարգելիչ միջոցառումներ, այն է.

1. Մինչ այսօր նախակրթական ուսումնական հաստատություններում իրականացվել են 315 ստուգում, բացի այդ շրջայցեր են կազմակերպվել ստուգումներ չիրականացված մյուս նախակրթական ուսումնական հաստատություններում, տրվել է խորհրդատվություն:

2. Ծառայության պետի հրամանով` Հայաստանի Հանրապետությունում գործող հանգստյան տներում, ճամբարներում, հանգստյան գոտիներում իրականացվել են դիտարկումներ և մշտադիտարկումներ:

 

Պարզվում է, որ ծառայությունն ունի թեժ գիծ` 374 10 206040, որն ի դեպ, արդեն  մի քանի ամիս է գործում է շուրջօրյա:  Սա թերևս զարմանք է առաջացնում, քանի որ հենց միայն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գործող տարբեր խմբերում հաճախ են տեղադրվում բորբասնած, միջատ պարունակող կաթնամթերքի նկարներ, որոնց ներքո բուռն քննարկումներ են ծավալվում: Չե՞ն վստահում մարդիկ ծառայությանը, թե՞ իրազեկված չեն:

 

«Թեժ գծին» օրական միջին հաշվով հնչում է 4 զանգ: Ահազանգերը հիմնականում վերաբերում են ժամկետանց սննդամթերքի իրացմանը, սննդամթերքի որակին, սննդամթերքի մակնշմանը և սանիտարահիգիենիկ պայմանների պահպանմանը ներկայացվող պահանջների խախտումներին»,-նշում են ծառայությունից:

 

Ծառայության ներկայացաուցիչները նշում են, որ հաճախ են հանդիպում սոցիալական կայքերում կամ էջերում բողոքների և փորձում են յուրաքանչուրին հատ-հատ արձագանքել:

 

«Ցավոք դեպքեր կան, երբ քաղաքացին հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել: Ծառայությունը փորձում է օգտագործել տեղեկատվական նոր տեխնոլոգիաները և սոցիալական հարթակները՝ սպառողներին արձագանքելու և ահազանգեր ստանալու նպատակով: Ծառայության ֆեյսբուքյան սոցիալական էջը նույնպես ծառայում է այդ նպատակին»,-պատասխանում են ծառայությունից:

 

Սպառողի անվտանգ սնունդի ապահովմամբ պետք է շահագրգռված լինեն հասարակական կազմակերպությունները, որոնք  կարող են  հանդես գալ ահազանգողի ու վերահսկողի դերում:

 

Ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է, որ բացի ահազանգողի, վերահսկողի գործառույթից իր ՀԿ-ն նաև քաղաքականություն մշակողի դերում է հանդես եկել, սակայն պետական ու հասարակական սեկտորի միջև համագործակցությունը միշտ չէ, որ դրական արդյունքներ է տալիս:

 

«Նախորդ տարի մենք ուսումնասիրեցինք Երևան քաղաքի բոլոր մանկապարտեզների սննդի մատակարարման վերաբերյալ փաստաթղթերը: Ներկայացրեցինք կառավարության հավանությանը գործողությունների ծրագիր, ֆիննախում քննարկման արդյունքում հավանության արժանացան դրանք: Դրանից հետո եղավ գործառույթների իրականացման վերաբերյալ եղավ վարչապետի հանձնարարականը:  Ստեղծվեց մանկապարտեզներին սնունդ մատկարարող տնտեսվարողների տվյալների բազա:  Առաջարկել էինք ուսումնասիրության արդյունքում հասկանալ՝ որն է   բարձր ռիսկային, իրականացնել ուսումնասիրություններ, տալ համապատասխան հանձնարարություններ կամ կասեցնել: Որևէ բան էլ չարվեց»,-ասաց Պիպոյանը, նկատելով, որ այսքանից հետո ծառայությունը մարզերի մանկապարտեզներին սնունդ մատակարարողների տվյալների բազա չի ստեղծել:

 

Պիպոյանը մի դեպք էլ հիշեց «20 կոպեկ» պաղպաղակի վերաբերյալ, «թեման մնաց կիզակետում, սակայն պաղպաղակը շարունակեց վաճառվել սխալ մակնշմամբ»:

 

«Այս պարագայում ինչ-որ բանի մասին խոսելն արդեն ավելորդ է: Երբեմն մենք եղել ենք ոչ միայն ահազանգողի, այլև քաղաքականություն մշակողի դերում, հետևողական ենք եղել, տրվել է հանձնարարական, եղել են քննարկումներ: Ես չեմ կարող դրական բան չնկատել, բայց դրան քայլեր չհետևեցին»:

 

Հ. Կարապետյան

 

Հ.Գ.  Երեկ  դպրոցների ճաշարանների վերհսկման  հարցին անդրադարրձել է  Երեւանի քաղաքապետարանը:  Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանրակրթական դպրոցների ճաշարանները սպասարկող կազմակերպություններին տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ զեկուցվել է, որ թերություններ են գրանցվել քաղաքապետարանի ենթակայության 17 դպրոցներում: Քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողության տակ պահել գործընթացը և շարունակել շրջայցերը դպրոցների ճաշարաններ: «Եթե համապատասխան կազմակերպությունները սահմանված ժամանակում չեն կատարում իրենց տրված հանձնարարականները, ապա առանց քննարկումների խզեք նրանց հետ կնքված պայմանագրերը: Բոլորը պետք է հասկանան, որ երեխաներին մատակարարվող սննդի հաշվին որևէ թերացում ներելի չէ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը: Պատասխանատուները նաև զեկուցել են, որ մայրաքաղաքում ներառական կրթություն իրականացնող բոլոր դպրոցների սնունդը ձեռք է բերվում կենտրոնացված կարգով ու գործընթացը մշտական հսկողության ներքո է:

 

Դիտումների քանակը` 3318

Գլխավոր էջ