Ովքե՞ր են Երևանի ավագանու ընտրությունների ցուցակներում ընդգրկված կանայք
Մայրաքաղաքն առաջիկա մի քանի տարիներին կին ղեկավար դժվար թե ունենա: Այսպիսի եզրակացություն կարելի է հանգել՝ դիտարկելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում տեղադրված Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակները:
Յոթ քաղաքական ուժերից` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ՀՅԴ, «Առաքելություն» «Բարև Երևան», որևէ մեկի ցուցակը կին չի գլխավորում: Թեպետ գրեթե բոլորն էլ հայտարարել են, որ իրենց ցուցակները մրցունակ են և նրանք պայքարում են առաջի տեղի համար, սակայն ոչ բոլորն են հայտնել ով կդառնա այդ դեպքում քաղաքապետ: Մինչդեռ Երևանի քաղաքապետ է ընտրված համարվում այն կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը, որը ստացել է ավագանու տեղերի 40 տոկոս և ավելին: Եթե այդպիսի կուսակցություն չկա, ապա քաղաքապետն ընտրվում է ավագանու կողմից:
Ցուցակի առաջին եռյակում կանայք ներկայացված են երեք ուժերի ` «Ժառանգության», ՀԱԿ-ի և ՕԵԿ-ի կողմից:
«Ժառանգության» «Բարև Երևան» բլոկի ցուցակի երկրորդ տեղում «կուսակցության անդամ, բոլորին քաջ հայտնի Անահիտ Բախշյանն է` նախկին պատգամավոր, այժմ` Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն:
ՀԱԿ ցուցակի երկրոդ տեղում՝ ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանն է, նա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ամբիոնի դոցենտ է, տնտեսական գիտությունների դոկտոր:
ՕԵԿ ցուցակի երրորդ տեղում ՕԵԿ անդամ Սոֆյա Արթենյանն է, ով թիվ 185 դպրոցի ուսուցչուհի է:
Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքով Երևանի ավագանու ընտրությունների դեպքում էլ է գործում նույն գենդերային քվոտան, ինչ խորհրդարանական ընտրություններում, այսինքն, կուսակցությունների կողմից ներկայացված ցուցակներում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը:
Ինչպես արդեն ներկայացրել ենք, կանանց թիվը կուսակցությունների ցուցակներում միջինում 24 տոկոս է կազմում՝ տատանվելով 20-ից մինչև 28 տոկոս:
Առավել մեծ թվով կանայք ընդգրկված են նոր գրանցված, առաջին անգամ ընտրությունների մասնակցող «Առաքելություն» կուսակցության ցուցակում` իգական սեռի ներկայացուցիչները 29 հոգուց բաղկացած ցուցակի 28 տոկոսն են կազմում: «Առաքելության» ցուցակը ներկայացվածների մեջ ամենափոքրն է(օրենքով կուսակցությունների ընտրական ցուցակում պետք է ընդգրկված լինի առնվազն 25 մարդ) :
«Առաքելություն» կուսակցության ցուցակում առաջին կինը 5-րդ հորիզոնականում է, 8 կանանցից չորսը նույն կուսակցության անդամներ են, չորսը` անկուսակցական: Նրանցից երեքը չեն աշխատում, մյուսները կամ բանկերում են աշխատում կամ էլ այլ ընկերություններում` որպես գանձապահ, վաճառող:
«Բարև Երևան» բլոկի ցուցակն ունի 64 անդամ, որից 25%-ը կանայք են: Համամասնական ցուցակում ընդգրկված են ինչպես «Ժառանգության» անդամներ, այնպես էլ անկուսակցականներ, Ժողովրդավարական ուղի, Ժողովրդավարական հայրենիք, «Շրջադարձ» կուսակցությունների կին և տղամարդ ներկայացուցիչներ: Բախշյանին ցուցակում հաջորդում է Անի Քոչարյանը, նա 10-րդ հորիզոնականում է, հանրությանը հայտնի է որպես «Ես» ամսագրի խմբագիր: «Ժառանգության» ցուցակում էլ կան կանայք, ովքեր աշխատանք չունեն` Սուսաննա Բարխուդարյան /19-րդ/, Թերզյան Սուսաննա /53-րդ/, Մարինա Սարկիսովա /61-րդ/:
Հայ Ազգային կոնգրեսի/ ՀԱԿ 42 հոգանոց ցուցակի 26 տոկոսն են կանայք: Ցուցակի առաջին տասնյակում երեք կանայք կան` բացի Զոյա Թադևոսյանից ընդգրկված են նաև ՀԱԿ անդամ, չաշխատող Անահիտ Եղոյանը և անկուսակցական, սոցիոլոգ Գայանե Ղազարյանը: Հաջորդ տասնյակում են ՀԱԿ անդամներ, լրագրողներ Եվա Թովմասյանն ու Լիլիթ Թադևոսյանը, ինչպես նաև ՀԱԿ անդամ Ելենա Դավթյանը: Ցուցակի երրորդ տասնյակում անկուսակցականներ Աննա Նաղաշյանն ու Թամարա Մինասյանն են, այնուհետև ՀԱԿ անդամ Սեդա Նազարյանն է/38-րդ/:
«Օրինաց երկիր»» կուսակցության /ՕԵԿ-ն այն միակ քաղաքական ուժն է, որի համամասնական ցուցակում ընդգրկված բոլոր տղամարդիկ ու կանայք կուսակցության անդամ են: ՕԵԿ 105 հոգանոց ցուցակի 25%-ն են իգական սեռի ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսուցիչներ, կուսակցությունում տարածքային կառույցների աշխատակիցներ, ուսանողներ, ԱԻՆ աշխատակիցներ:
Հայ Յեղափոխական Դաշնակցության / ՀՅԴ ցուցակում 65 մարդ է ներառված, բացի 4-ից մյուսները դաշնակցական են: Անկուսակցականներից մեկը Լիլիա Խաթլամաջյանն է, ով «Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտ» ՀԿ-ի ծրագրերի համակարգողն է: Կանայք ՀՅԴ ցուցակում ընդգրկվածների 22 տոկոսն են կազմում: Առաջին կինը ներկայցված է 4-րդ տեղում՝ Ալեսյա Բեջանյանն է, ով Հանրային հեռուստաընկերության առաջին լրատվականի մեկնաբան է: Այնուհետև Իդա Հակոբյանն է /13-րդ/, ով ՍՊԸ տնօրենն է, Գայանե Մանուկյանը /28-րդ/` ՀՅԴ հանրային կապերի պատասխանատուն է, Գայանե Ներսիսյանը /33/` Երևանի տնտեսաիրավգիտական համալսարանի դասախոս և այլք: Ուշագրավ է, որ ցուցակում ներառված չեն հանրությանը հայտնի ՀՅԴ ակտիվիստ կանայք:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության/ ԲՀԿ ցուցակում կանայք 24 տոկոսն են կազմում: Կուսակցության 194 հոգանոց ցուցակում առաջին կնոջ անունը 6-րդ հորիզոնականում է: Նա շատերին հայտնի, ԲՀԿ-ական դարձած Թամար Պողոսյանն է, հաջորդ կինը 9-րդ հորիզոնականում է` ԲՀԿ-ական Մարինա Մարգարյանը: «Բարգավաճ Հայաստան»-ի համամասնական ցուցակը հիմնականում բաղկացած է կուսակացության անդամների անուններից, կան Միավորված Աշխատանքային Կուսակցության մի քանի անդամներ ու անկուսակցականներ: Վերջինների թվում է նաև Երանուհի Օհանյանը /128-րդ/, ով «Երանուհի Օհանյան և ընկերներ» ՍՊԸ տնօրենն է: ԲՀԿ ցուցակում էլ կան կանայք, ովքեր աշխատանք չունեն` կուսակցության անդամներ Մարիանա Գևորգյանը /147-րդ/, Լիանա Բորեցյանը /152-րդ/, Մարետա Մկրտչյանը /176-րդ/, Մարինե Հովսեփյանը /190-րդ/, Քնարիկ Ներսիսյանը /191-րդ/, Աննա Կոստանյանը /192-րդ/, Աննա Գրիգորյանը /193-րդ/, Օֆելյա Շատվորյանը /194-րդ/: Արդարության համար նշենք, որ ԲՀԿ-ցուցակում գրեթե նույն թվով չաշխատող տղամարդիկ են ընդգրկված, այսինքն այս հարցում գենդերային հավասարություն է:
Հայաստանի Հանրապետական կուսակցության/ ՀՀԿ ամենամեծ` 195- հոգանոց ցուցակում կանայք 20 տոկոսն են կազմում, այսինքն, ճիշտ այնքան , ինչքան օրենքն է պահանջում և ոչ ավելի: Ցուցակում ընդգրկված են ՀՀԿ-ականներ, ՄԻԱԿ, ԱՄԿ, ՍԻՄ անդամներ ու անկուսակցկաններ:
ՀՀԿ Ցուցակի առաջին տասնյակում մեկ կին կա` «Ժուռնալիստների միության» 80-ամյա Աստղիկ Գևորգյանը/6-րդ/: Անկուսակցական Գևորգյանն այժմ էլ Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ է: Ցուցակի հաջորդ կինը /11-րդ/ ԳԱԱ արվեստի ինստիտուտ ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալն է, նույնպես Երևանի ավագանու ներկայիս անդամ Աննա Ասատրյանն է: Ցուցակում այլ անկուսակցական կանայք էլ կան` Նատալյա Լափաուրին /26-րդ/, ով «Հայաստանի համայնքերի միություն» իրավաբանական անձանց միության գործադիր տնօրենն է, Մարիամ Ղազարյանը 21-րդ/, ով Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհի է, ավագանու անդամ, Նարինե Բալայանը/56-րդ/, ով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդականն է, Նաիրա Պապյանը /176-րդ/:
Ընդհանուր առմամբ, յոթ քաղաքական ուժերի կողմից ներկայացված ցուցակների առաջին տասնյակներում ընդամենը 13 կին է ընդգրկված:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 3988