Ոստիկանության խորհուրդներն ու իրավապաշտպանների արձագանքը
ՀՀ Ոստիկանությունը սեռական բռնությունից խուսափելու վերաբերյալ խորհուրդներ է հրապարակել կանանց համար: Ոստիկանության կայքում « Կանացի անվտանգություն» խորագրի ներքո տեղադրված տեքստում, մասնավորապես, ասված է.
…Բռնության զոհ չդառնալու լավագույն երաշխիքն անծանոթ ու տարօրինակ վարք ունեցող տղամարդկանց չվստահելն է: Կասկածամտությունը յուրօրինակ ինքնապաշտպանական «բնազդ» է, որ երբեմն դիմացինին ստիպում է վերանայել իր մտադրությունը: Իսկ բուն ինքնապաշտպանության անհրաժեշտ է դիմել միայն այն ժամանակ, երբ կարող եք ակնկալել ուրիշների օգնությունը: Հարձակումը կարելի է կասեցնել հարձակվողի ուղղությամբ անսպասելի ինչ-որ իր նետելով` պայուսակ, բանալիների խուրձ եւ այլն: Եթե նկատում եք, որ ձեզ հետապնդում են, փորձեք փոխել երթուղին, սակայն նախապատվությունը տվեք ձեզ հայտնի եւ հնարավորինս մարդաշատ ուղիներին:
– Գիշերային ժամերին ինչ-որ տեղ ուղեւորվելիս խնդրեք, որ հնարավորության դեպքում ձեզ ուղեկցեն կամ դիմավորեն:
– Ուշ ժամերին ժամադրվեք միայն մարդաշատ եւ լուսավորված վայրերում:
– Երեկոյան ժամերին զբոսնելիս աշխատեք այնպիսի հագուստ կրել, որը չի սահմանափակի ձեր շարժումները եւ չի գայթակղի հնարավոր մոլագարներին: Երկար վարսեր ունեցողներին խորհուրդ է տրվում մազերը հավաքած պահել, քանի որ դրանք, ինչպես նաեւ` վզնոցները, կարող են հարձակման ժամանակ հանցագործի համար «գործիք» հանդիսանալ: Աշխատեք ձեռքերը չծանրաբեռնել պայուսակներով:
– Հարձակման ժամանակ կնոջ համառ դիմադրությունը երբեմն ավելի է գրգռում դիմացինին: Առավել ցանկալի է հոգեբանական «հարձակումը», քանի որ կնոջ համար դժվար է տղամարդու նկատմամբ համարժեք ֆիզիկական ուժ կիրառել: Ամեն գնով անհրաժեշտ է ժամանակ շահել, ասենք` առաջարկել «ագրեսորին» մի տեղ նստել, մի բան խմել, քննարկել. այս մարտավարությունը կարող է հնարավորություն ընձեռել հարձակվողին մարդաշատ վայր տեղափոխել: Առավել զգուշավորություն է պետք ցուցաբերել զինված հանցագործի հետ շփվելիս: Խուճապը, լացն ու բղավոցը կարող են հանցագործին դրդել դիմելու վտանգավոր միջոցների:
– Երբեմն բռնության ենթարկված կանայք ամոթից կամ այլ պատճառով չեն դիմում իրավապահներին եւ այդպիսով հանցագործի համար ստեղծում են անպատժելիության պատրանք, որը նոր հանցանքների պատճառ է դառնում:
Մեկնաբանելով այս խորհուրդները «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի համանախագահ, իրավապաշտպան Լարա Ահարոնյանը Epress.am-ի հետ զրույցում նկատել է, որ ոստիկանությունը դրանք հրապարակելուց առաջ չի խորհրդակցել կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ների հետ, որոնք կարող էին բացատրել խնդրի նրբությունները և օգնել ավելի պրոֆեսիոնալ խորհուրդներ մշակել։
«Ըստ ոստիկանության խորհուրդների կինը պաշտպանված լինելու համար որոշակի վարք պետք է ձևավորի։ Այսինքն՝ ոստիկանությունը ամրապնդում է այն կարծրատիպերը, որ արդեն կան։ Մասնավորապես, այն կարծրատիպը, թե եթե բռնաբարվել է, ապա մի բան հաստատ արել է, հաստատ կարճ էր հագել և այլն։ Ոստիկանությունն էլ է փաստորեն այդ կարծրատիպը պաշտպանում։ Նրանք պետք է փոխեն այդ մտածելակերպը…», – նշել է Լարա Ահարոնյանը։
Իրավապաշտպանի խոսքով՝ ՀՀ ոստիկանությունը միայն հրապարակային հայտարարություններով չէ, որ ապացուցում է կարծրատիպերով շարժվելը, այլև կոնկրետ գործերի քննությամբ։ Մասնավորապես, 28-ամյա բռնաբարված կնոջ գործով (անունը գաղտնի է պահվում) Ոստիկանությունն առաջ է տանում վարկածը, թե կինը ուշ ժամերին համաձայնել է հանդիպել իրեն հետագայում բռնաբարած անձի հետ, նշում է, թե կինը շփվել է նրա հետ, թե տեղի ունեցածը բռնաբարություն չէր, այլ սեռական ակտ կողմերի համաձայնությամբ։
«Կինը մերկ էլ քայլի փողոցով, չպետք է բռնաբարվի։ Նման հայտարարություններ անելուց հետո՝ ՀՀ ոստիկանություն ավելի քիչ կանայք կդիմեն, առանց այն էլ չեն դիմում՝ վախենալով, որ իրենց են մեղադրելու»,- ասել է Ահարոնյանը։
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ինչպե՞ս հասկանալ ոստիկանության խորհուրդները
Դիտումների քանակը` 4136