Ոչ միայն հացիվ…

Ի՞նչ ապագա է սպասվում սոցիալական պատճառով օժանդակ դպրոց հաճախող երեխային

Գորիսի Շինուհայր գյուղի 12-ամյա բնակչուհի Արփինե Վարդազարյանը 4-րդ դասարանից սկսած՝ սովորում է Սիսիանի թիվ 1 հատուկ` օժանդակ, դպրոցում: Այժմ Արփինեն այդ  դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի է:  Ինչպես ասում է դպրոցի ուսմասվար Վարդանուշ Սաֆյանը՝ «Օժանդակ դպրոցում բոլոր ուսումնական առարկաներն ուսուցանվում են, պարզապես, ուսումնական պլանն այստեղ ավելի թեթեւ է եւ չափորոշիչներով նախատեսված է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար»:

 

Շինուհայր գյուղի գյուղապետարանի սոցիալական աշխատող Թեհմինա Իվանյանն հավաստում է. «Վարդազարյանների բոլոր երեխաներն առողջ են: Եթե ուշադրություն դարձնող լինի` իրենք սովորելու ընդունակ, մտավոր  որեւէ խնդիր չունեցող երեխաներ են: Պարզապես այդ ընտանիքը սոցիալապես ծայրահեղ աղքատ է: Գյուղում նույնիսկ սեփական տուն չունեն: Ապրում են ուրիշի տան նկուղային հարկում, որի համար վարձ չեն վճարում: Իրենց հանապազօրյա հացը վաստակում են, հիմնականում, ուրիշների անասունները պահելով: Բայց սեփական անասուններ ու հող ունեն: Եթե ցանկանան` կարող են իրենց երեխաներին ինչ-որ կերպ պահել ու օժանդակ դպրոց չուղարկել. դե, որտեղ երեքն, այնտեղ էլ 6-ը: Ուղղակի ուսման հարցում հետեւողական չեն, իրենց մայրն գրեթե միշտ սարերում է լինում. ամուսնուն է օգնում: Տանն իրենց հետ ապրող երեխաներին էլ հետներն են սար տանում»:

Վարդազարյան Կամոյի եւ Ամալյայի 7 զավակներից միակ չափահասը` 19-ամյա Բարդինեն, ամուսնացած է: 17-ամյա Արթուրը, ով 8-րդ դասարանից նույնպես Սիսիանի թիվ 1 հատուկ օժանդակ դպրոց էր տեղափոխվել, 9-րդ դասարանն ավարտելուց հետո (Սիսիանի թիվ 1 հատուկ օժանդակ դպրոցում կրթությունն 9-ամյա է) ոչ մի տեղ չի շարունակել կրթությունը եւ այժմ օգնում է ծնողներին` պահելով ուրիշների եւ իրենց անասունները, մշակելով իրենց հողամասն ու այգին: 7-րդ դասարանից Սիսիանի թիվ 1 հատուկ օժանդակ դպրոց տեղափոխված, այժմ արդեն 15-ամյա Ալլա Վարդազարյանը օժանդակ դպրոցը նախորդ տարի ավարտելուց հետո նույնպես ոչ մի ուրիշ տեղ չի սովորել եւ զբաղվում է տնային տնտեսությամբ, անասնապահությամբ, հողագործությամբ ու այգեգործությամբ: 7-ամյա Վարդազարյան Լիանան սովորում է Սիսիանի թիվ 1 հատուկ` օժանդակ, դպրոցի 2-րդ դասարանում, իսկ նրա 5-ամյա եղբայր Սլավիկը նույն դպրոցի 1-ին դասարանում: 3-ամյա Մերին տանն է եւ մանկապարտեզ չի հաճախում, թեպետ Շինուհայր գյուղում կա գործող մանկապարտեզ:

 

Իմ այն հարցին, թե ինչո՞վ են զբաղվում Արփինեի քույր Ալլայի Սիսիանի թիվ 1 հատուկ օժանդակ դպրոցի նախկին համադասարանցիները` օժանդակ դպրոցն ավարտելուց հետո, ուսմասվար Վարդանուշ Սաֆյանը պատասխանեց. «Նրանցից ոչ մեկը ոչ մի տեղ չի սովորում եւ ոչնչով չի զբաղվում: Բոլորն էլ տանն են: Այդ դասարանի աշակերտներն 8 հոգի էին, որից 3-ն` աղջիկ, 5-ը` տղա»:

 

Իսկ Արփինեն ունի երազանք. «Երազում եմ հատուկ օժանդակ դպրոցն ավարտելուց հետո ստանալ վարսահարդարի մասնագիտություն»:

 

Հետաքրքրվեցի Արփինեի՝ Շինուհայր գյուղի դպրոցի արդեն նախկին դասարանով: «Շինուհայրի դասարանցիներիս կարոտում եմ»,- անկեղծացավ Արփինեն: Նա նաեւ ասաց, որ ինքը շատ է սիրում իր գյուղը եւ միշտ կցանկանար ապրել Շինուհայրում, որովհետեւ իր հարազատներն այնտեղ են:

 

Ընտանեկան ջերմությունն ու դաստիարակությունն ամենակարեւոր նախապայմանն են երեխայի ներդաշնակ զարգացման համար: 12-ամյա Արփինեն, իր 7-ամյա Լիանա քույրը եւ 5-ամյա Սլավիկ եղբայրը այդ ջերմությունից զրկված են լինում յուրաքանչյուր ամսվա ուղիղ կեսը` 2 շաբաթ: Այդ 2 շաբաթներին նրանք բնակվում եւ գիշերում են Սիսիանի թիվ 1 հատուկ օժանդակ դպրոցում: 2 շաբաթ անցկացնել տանը, իսկ հաջորդ 2 շաբաթները` հատուկ օժանդակ դպրոցում, եւ այդպես շարունակ. օժանդակ դպրոցում սովորելու կարգն է այդպիսին:

 

Արփինեի հետ իմ զրույցը երկուշաբթի օրն էր, երբ Արփինեն նոր էր վերադարձել տնից: Ինձ հետաքրքրեց, թե տանն իր ժամանակն ինչպես էր անցկացրել. «Տան մաքրությամբ եմ զբաղվել: Հողամասում կարտոֆիլն ենք ցանել-վերջացրել: Քույրերիս հետ դաշտերից բանջար եմ հավաքել»,- պատասխանեց գեղեցկադեմ աղջնակը:

 

Արփինեն պատկերացում չունի հարազատ քույրերի ու եղբայրների` կյանքում ունեցած նպատակների ու երազանքների մասին: Հավանաբար նրանք երբեւէ այդ մասին չեն բարձրաձայնել կամ չեն զրուցել իրար հետ: Արփինեի համար հիմա ապագան անորոշ է. նա չգիտի, թե հատուկ օժանդակ դպրոցն ավարտելուց հետո ինքն ինչով է զբաղվելու կամ որտեղ է բնակվելու:

 

Հատուկ օժանդակ դպրոցում ինձ հայտնեցին, որ Արփինեն շատ է սիրում ասեղնագործել: Այն հարցիս, թե որ ուսումնական առարկան է սիրում եւ ավելի լավ սովորում Արփինեն, նա պատասխանեց` մաթեմատիկան: Սակայն դրան հաջորդած այն հարցին, թե ինչ կստացվի, եթե 6000-ը բաժանենք 60-ի  7-րդ դասարանի 12 տարեկան աշակերտուհին դժվարացավ պատասխանել…

 

Ինչպիսի՞ ապագա  է սպասում  սոցիալական խնդիրների պատճառով հատուկ օժանդակ դպրոցներում  հայտնված  երեխաներին:  Արփինեն միայն մեկն է նրանցից, ով  այս պահին զրկված է իր հնարավրություններին  համապատասխան  կրթություն ստանալու իրավունքից:

 

Քանի որ արդեն ճաշի ժամն էր` զրույցից հետո Արփինեին ուղեկցեցի օժանդակ դպրոցի ճաշարան: Այստեղ նրան միացավ քույրը` նույն դպրոցում սովորող փոքրիկ Լիանան, ում հայացքը ինձ շատ ընկճված թվաց: Ուշադրությունս գրավեց  ճաշարանի պատին խոշոր տառերով գրված քառատողը.

 

«Հացն է ձեզ հացի տեր անում.

Սուրբ հացից ճամփան մի՛ շեղեք,

Մեր արդար բառը հիշեցեք

Ու հացին արժանի եղեք»:

 

Իսկ իմ մտքով  անցավ, որ Արփինեի ու նրա քրոջ  դեպքում  ոչ միայն հացիվ… Դիտում եմ դպրոցում արված լուսանկարներն ու նրանցից ոչ մեկում  քույրերի  դեմքին ժպիտի  թույլ նշույլ  անգամ չեմ նկատում: Չգիտեմ,  ժպտալու իրական առիթներ նրանց կյանքում լինում են  թե ոչ: Եվ ինչպես օգնել նրանց, նույնպես չգիտեմ…

 

Դիանա Բախշյան 

Դիտումների քանակը` 4674

Գլխավոր էջ