Աշխարհում՝ 5 պատգամավորներից մեկը՝ կին է

Միջխորհրդարանական միության վերջին տվյալներով կանանց ներկայացվածությունը աշխարհի խորհրդարաններում միջինում  19,5 % է կազմում, ինչը նշանակում է, որ ամբողջ աշխարհում  յուրաքանչյուր 5 պատգամավորներից առնվազն մեկը կին է:

 

Խորհրդարաններում կանանց ներկայացվածության ամենաբարձր ցուցանիշը 42%-ը՝  Հյուսիսային Եվրոպայի երկրներում է , ԵԱՀԿ երկրների միջին ցուցանիշը 22,6 % է: Կանանց խորհրդարանական մասնակցության ամենացածր տոկոսն արաբական աշխարհի երկրներում է `ընդամենը 11,3%:

 

Հայաստանի Ազգային ժողովում կանանց ներկայացվածությունը  8,3% է:

 

Նախորդ տարվա ընթացքում կանանց քաղաքական մասնակցությունը ամբողջ աշխարհում արտացոլող այս տվյալները զետեղված են նաև «Կանայք քաղաքականության մեջ 2012» Միջխորհրդարանական միության և «ՄԱԿ-կանայք» կառույցի  համատեղ զեկույցում, որը ներկայացվել է հանրությանը բոլորովին վերջերս, մարտի սկզբին:

 

Ըստ զեկույցի, կրկնակի աճել է պետության և կառավարության ղեկավարների պաշտոններում ընտրված կանանց թիվը՝  8-ից (2005)  մինչև 17 (2012): Համընթաց աճել է նաև կին նախարարների թիվը՝ 14, 2%-ից (2005) մինչև 16, 7 % (2012):

 

Սկանդինավյան երկրներում կին նախարարներն ամենաբարձր տոկոսն են կազմում` 48,4%, դրանց  հետևում են Ամերիկան 21,4 %-ով և Հարավային Աֆրիկան` 20,4 %-ով:

 

Հայաստանի կառավարության կազմում կին նախարարները 11% են: Այս հանգամանքը  թերևս  զրկում է մեր որոշ քաղաքական այրերին կուրծք ծեծել՝ պնդելով, որ «մենք Աֆրիկա չենք»:

 

 

Զեկույցը  ներկայացնելիս «ՄԱԿ –կանայք» ստորաբաժանման գործադիր տնօրեն Միշել Բաչելետը կարևորեց քվոտաների դերը կանանց քաղաքական մասնակցությունը բարձրացնելու գործընթացում, ավելացնելով, որ այս հարցում նշանակալի առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է կիրառել ավելի պրակտիկ միջոցներ:

 

Նրա դիտարկմամբ, տվյալները վկայում են, որ քվոտաները ակնհայտ դրական ազդեցություն են ունեցել:  Այսպես, 59 երկրներից, որտեղ անցյալ տարի ընտրություններ են անցկացվել, 17-ում գործել են  քվոտաներ: Այդ երկրներում կանայք զբաղեցրեցին խորհրդարանական տեղերի  27%-ը, այն դեպքում երբ  քվոտաներ չկիրառող երկրներում նրանք ընդամենը  16 % են:

 

Հայաստանում  գործող  քվոտայով՝   կուսակցությունների  ընտրական համամասնական ցուցակներում  կանանց  ներկայացվածությունը  չի կարող  20%-ից  պակաս լինել , կամ  ինչպես  ձևակերպված  է  Ընտրական օրենսգրքում ՝ «յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը  չպետք է գերազանցի  80 տոկոսը» :   

 

“Այսօր ես կոչ եմ անում լիդերներին ավելի մեծ պարտավորվածություն ստանձնել քաղաքականության մեջ կանանց մասնակցությունը բարձրացնելու համար: Կոչ եմ անում բոլոր երկրներին օգտագործել քվոտաները կանանց մասնակցությունը խորհրդարանում ընդլայնելու նպատակով, քանզի կանանց լիակատար և հավասար մասնակցության պարագայում ժողովրդավարությունը ավելի է հզորանում», -ասաց Միշել Բաչելետը Նյու Յորքում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

 

Նա նաև տեղեկացրեց, որ «ՄԱԿ-կանայք» գործակալությունը  աջակցություն կցուցաբերի կանանց շարժումներին, կաշխատի խորհրդարանների հետ օրենքներում գենդերային հավասարության վերաբերյալ փոփոխություններ մտցնելու նպատակով, խորհրդատվություն կապահովի բոլոր այն օրենքների ընդունման համար, որոնք ներառում են քվոտային համակարգ, կաջակցի կին թեկնածուների վերապատրաստմանը, և կաշխատի կառավարությունների հետ գենդերային հավասարություն սկզբունքը կիրառելու առնչությամբ:

 

Միջխորհրդարանական Միության նախագահ Աբդելվահադ Ռադին, իր հերթին նշեց, որ համատեղ զեկույցը վկայությունն է այն բանի, որ կանայք դեռևս շատ քիչ մասնակցություն են ցուցաբերում քաղաքականությանը: «Բոլոր երկրների համար շատ կարևոր է անել ամեն հնարավոր և անհրաժեշտ քայլերը և օգտագործել յուրաքանչյուր ընձեռված հնարավորություն` կանանց նշանակալի մասնակցությունը քաղաքականության մեջ երաշխավորելու համար»,- ասաց նա:

 

Միջխորհրդարանական միության  վերլուծությունները վկայում են, թե որքան շատ կանայք են ներկայացված լինում խորհրդարաններում, այնքան հատկապես երեխաների իրավունքների պաշտպանության հարցերն ավելի մեծ կարևորություն են ստանում: Բացի այդ, այն մեխանիզմները, որ ստեղծվում են կանանց իրավունքների համար, դրականորեն են ազդում երեխաների իրավիճակի վրա:

 

 

Նշենք, որ պառլամենտարիզմի համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ եթե երկրի օրենսդիր մարմնում կանայք 10%-ից պակաս են, ապա դա դժվարացնում է ի պաշտպանություն երեխաների և տարբեր կարգի սոցիալական  օրենքների ընդունումը:

 

 

Իսկ որոշումների ընդունման մշակույթի վրա ներազդելու, քաղաքական խաղի կանոնները փոխելու, քաղաքականությունն ավելի մարդասիրական դարձնելու հնարավորությունն ի հայտ է գալիս միայն այն դեպքում, երբ խորհրդարանի 25-30% կանայք են:

 

Թ.Հ.

Դիտումների քանակը` 4669

Գլխավոր էջ