Ողբերգություն, որը կարելի էր կանխել…
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հայտարարությունը՝
Շենգավիթում տեղի ունեցած արյունալի սպանության կապակցությամբ
Հուլիսի 08-ին, ժամը 04-ի սահմաններում, Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի աստիճանահարթակում 35-ամյա Վ. Մարտիրոսյանը վիճաբանել է Երևան քաղաքի բնակիչներ, նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի և վերջինիս ծնողներ Վաչագան և Կարինե Մանսուրյանների հետ, որի ընթացքում կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին: Ստացած մարմնական վնասվածքներից 64-ամյա Կարինե Մանսուրյանը մահացել է, Թագուհի և Վաչագան Մանսուրյանները՝ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վ. Մարտիրոսյանըի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ «սպանություն» և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը», ստեղծվել է քննչական խումբ:
Դեպքի առիթով «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.
… Սույն թվականի հուլիսի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցաել Երևանում, որն ուղեկցվել է կացնահարությամբ և անդամահատությամբ: Հանցագործությունը, որը կատարվել է Շենգավիթում՝ Վ. Մարտիրոսյանի կողմից, ունի նախապատմություն:
Կացնահարվել է մի ողջ ընտանիք՝ տղամարդու կողմից, ով եղել է այդ ընտանիքի դստեր ամուսինը: Հարձակման արդյունքում կացնով սպանվել է ընտանիքի մայրը, իսկ հայրն ու դուստրը գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Նախկինում՝ այդ նույն տղամարդը պարբերաբար ծեծի է ենթարկել իր կնոջը` Թագուհի Մանսուրյանին, վերջինիս դիտավորությամբ ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել: Դատարանն ապացուցված է համարել, որ Վ. Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, չնայած դրան նա դատապարտվել էր ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Չկիրառման հարցում իր դերակատարումն է ունեցել Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը, ով որոշել է պայմանական ազատ արձակել վերջինիս՝ համարելով, որ նա կարող է ուղղվել առանց պատիժը կրելու:
Այստեղ մենք ակնհայտորեն գործ ունենք դատական սխալի հետ, որի արդյունքում էլ տեղի է ունեցել այս ողբերգությունը: Թագուհի Մանուկյանը բազմիցս դիմել է նաև ոստիկանությանը, սակայն ոստիկանության գործողությունները բավարար չեն եղել նրան բռնարարից պաշտպանելու համար:
Թեև Շենգավիթի ոստիկանությունը ներգրավված է եղել ԵԱՀԿ կողմից ոստիկանության վերապատրաստման ծրագրերում և ստացել է անհրաժեշտ գիտելիքներ ընտանեկան բռնության դեպքերում ոստիկանության կողմից անհրաժեշտ գործողություններ կատարելու վերաբերյալ: Այս ամենը վկայում է նրա մասին, որ Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգը չի կարողանում բավարար կամք դրսևորել կանանց անվտանգությունն ու կյանքի իրավունքը պաշտպանելու համար:
Չենք կարող չանդրադառնալ նաև «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ազդեցությանը, որը հրավիրելով Վ.Մարտիրոսյանին տաղավար և մարդու իրավունքների տեսանկյունից բազմաթիվ խախտումներ թույլ տալով, անտեսելով նրա բռնարար բնույթն ու բազմաթիվ հանցագործությունները, հորդորում էր միանալ կնոջ հետ, և կասկածելի հոգեբանի շուրթերով հիացմունք հնչեցնում բռնարար տղամարդու հասցեին:
Վստահեցնում ենք՝ եթե լիներ պատժելիության մթնոլորտ, պատշաճ ուշադրություն զոհի նկատմամբ և դեպքերի որակյալ լուսաբանում , այլ ոչ մակերեսային և կարծրատիպային շոուների միջոցով բռարար տղամարդու կերպարի գովերգում, շատ և շատ դեպքերում ողբերգական նմանատիպ ավարտ չէր լինի:
Դիմում ենք՝ ՀՀ արդարադատության նախարարին և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին` պահանջելով կարգապահական վարույթ հարուցել Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի նկատմամբ: Պահանջում ենք՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակին վերանայել և գնահատել ոստիկանության վերափոխմանն ու արդիականացմանն ուղղված ծրագրերի արդյունավետությունը:
Հորդորում ենք՝ ՀՀ կառավարությանն նախաձեռնել «Ընտանեկան բռնութան կանխարգելման» օրենքի ընդունումը, որը հնարավորություն կտա իրականացնել ընտանեկան բռնության արդյունավետ կանխարգելումը և ապահովել ընտանեկան բռնության զոհերի նպատակային պաշտպանությունն ու աջակցությունը: Իսկ զանգվածային լրատվության միջոցներին խորհուրդ ենք տալիս նման դաժանության դեպքերին անդրադառնալ բազմակողմանիորեն, վեր հանելով ընտանեկան բռնություն երևույթի վտանգավորությունն ու հանրության շրջանում ամրացնել բռնության անթույլատրելիության գիտակցումը, այլ ոչ մակերեսային և կարծրատիպային շոուների միջոցով բռնարար տղամարդու կերպարի գովազդով զբաղվել:
Նշենք, որ այս դեպքի առթիվ հուլիսի 8-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ «սպանություն» և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը», ստեղծվել է քննչական խումբ:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ողբերգություն, որը կարելի էր կանխել…
Փաստաբանը կանխատեսել է նման ելք ամուսինների հարաբերություններում…
Դիտումների քանակը` 3508