Ո՞ր տարիքից զբաղվել երեխաների սեռական դաստիարակությամբ

Սեռական դաստիարակություն  չստացած մարդիկ են ավելի հաճախ բռնաբարության, կոպտության, անհասկանալի սեռական կապերի զոհ դառնում: Բացի այդ  նրանք պրոբլեմներ են ունենում սեռական առողջության հետ, ասում են մասնագետները՝ հիշեցնելով, որ  դրանից մեծապես կախված է կյանքի որակը։

 

ԵՊԲՀ Սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, «Սեքսուալ առողջության պաշտպանություն» հ/կ-ի անդամ Վրեժ Շահրամանյանը նշում է, որ որքան էլ սեռական դաստիարակության մասին խոսենք, քննարկումներ կազմակերպենք, այդուհանդերձ շատ հարցեր դեռևս մնում են չքննարկված և չլուծված:

 

Սեքսապաթոլոգի խոսքերով՝ ի տարբերություն նախորդ տարիների, ներկայումս սեռական դաստիարակության ուղղությամբ հսկայական աշխատանքներ է տարվում: Դրա վառ վկայությունն այն է, որ տարեցտարի մեծանում է այն երիտասարդների թիվը, ովքեր ավելի շատ են ուշադրություն դարձնում իրենց սեռական առողջությանը, հաճախ են հետազոտվում, ինչպես նաև փորձում են այս կամ այն հարցերի շուրջ խորհրդակցել բժիշկների հետ:

 

Այդուհանդերձ, ինչպես բոլոր ժամանակներում, այսօր առավել ևս հարց է ծագում՝ որ  տարիքից  զբաղվել երեխաների սեռական դաստիարակությամբ:

 

Վ. Շահրամանյանը գտնում է, որ սեռական դաստիրակությունը պետք է սկսել վաղ տարիքից: Սեռակրթությունը բաժանվում է  մի քանի փուլի և յուրաքանչյուր փուլ պահանջում է յուրահատուկ մոտեցում:

 

«Մանկահասակ երեխաներին միշտ հետաքրքրում է, թե որտեղից են իրենք լույս աշխարհ եկել, և այդ հարցերով հաճախ են դիմում իրենց ծնողներին: Բայց շատ հազվադեպ է լինում, երբ ծնողը  երեխայի տարիքին համապատասխան ճիշտ մեկնաբանություն է տալիս: Հաճախ լինում են բոլորիս հայտնի պատասխանները՝ «կաղամբի միջից ես դուրս եկել», «արգիլներն են բերել» և այլն: Սակայն մենք պետք է հասկանանք, որ վաղուց եկել է ժամանակը, որպեսզի վերախմբագրենք այս մոտեցումները, որոնք հետագայում կարող են մի շարք խնդիրների առաջ կանգնեցնել թե ծնողներին, թե երեխաներին»,- ասում է  սեքսապաթոլոգը:  Վ.Շահրամանյանի խոսքերով՝  այսօր բոլորն ուզում են լինել սեռակրթված, բայց, ցավոք սրտի, «չենք կարողանում գտնել այն բանալիները, որոնցով կարողանանք բացել համապատասխան կողպեքները»:

 

Այդուհանդերձ, բժիշկը նշում  է, որ շնորհիվ զանազան հարցազրույցների, քննարկումների, հրապարակումների` նկատվում է դրական տեղաշարժ, առաջընթաց, մարդիկ հասկանում են սեռակրթության անհրաժեշտությունը եւ մեր պատկերացումներում գոյություն ունեցող տաբուները հանվում են :  «Կարծես թե սայլը տեղից շարժվում է: Եթե մոտ 5 տարի առաջ կաշկանդվում էին դիմել, հարցեր ուղղել սեքսապոթոլոգին, ապա այսօր քիչ թե շատ առաջընթաց ունենք», -ասաց նա:

 

Սակայն մարզերում խնդիրը մնում է չլուծված, այստեղ անելիքները շատ են, քանի որ գյուղերում ինֆորմացիայի պակաս կա: Վ.Շահրամանյանը գտնում է, որ պետք է ստեղծել մի համակարգ, որը պարբերաբար կներկայացնի սեռական դաստրիակության համար անհրաժեշտ տեղեկատվություն: Նա նաև նշեց, որ բուհերում պետք է ներմուծել սեռակրթության նվիրված դասընթացներ, որպեսզի երիտասարդները ձեռք բերեն համապատասխան գիտելիքներ և հասկանան, որ սեռական առողջությունն ամոթալի չէ: «Ի վերջո պետք է հասկանան, որ գրագետ սեռական կյանքի իմացությունը հնարավորություն է տալիս խուսափել ոչ միայն անցանկալի հղիությունից, այնպես էլ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից»:

 

Հոգեբույժ Արթուր Պողոսյանն էլ իր հերթին նշեց, որ համաձայն չէ այն  կարծիքի հետ, որ  սեռական դաստիարակությունը իբր  կբերի սանձարձակության:  «Կարծում եմ ճիշտ հակառակը՝ տեղեկացված, գիտակից մարդը միշտ էլ կարողանում է կառավարել իր սեռական իմպուլսները, պահանջները: Մինչդեռ սեռական կրթություն չստացած և անտեղյակ մարդիկ են ավելի հաճախ բռնաբարության, կոպտության, անհասկանալի սեռական կապերի զոհ դառնում: Կրթված երեխան, կրթված մարդը երբեք սեռական սանձարձակությամբ չի զբաղվի»,- ասաց հոգեբույժը:

 

Մերի Մարգարյան

Դիտումների քանակը` 7713

Գլխավոր էջ