Ո՞րն է նորահայտ գործիչ Անի Զաքարյանի իրական մեսիջը

 

 «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության  նախագահ Անի Զախարյանի անհասկանալի եւ   քաղաքականության հետ կապ չունեցող  մեսիջներին  անդրադարձ է կատարում   Հայելի.ամ  կայքը՝ դիտարկելով նրա մուտքը  հանրային ասպարեզ որպես  կանանց  քաղաքական  մասնակցությունը նսեմացնելու  փորձ: Հիշեցնենք, որ Զաքարյանը  իր առաջին իսկ ասուլիսում հայտարարեց, որ   խորապես ուսումնասիրելով  կնոջ ֆիզիոլոգիան  հանգել է այն մտքին, որ   26 տարեկանից հետո հայ աղջիկներին հակացուցված է կույս լինելը: Իր իսկ խոսքերով «հասարակությունը շոկի մեջ գցելու» սիրահար կուսակցականապետի  հաջորդ խորհուրդներն  ու խոստովանությունները  նույն  շարքից էին… 

 

 

Արդեն մի քանի օր է, ինչ համացանցը տրաքում է Անի Զախարյան անունով մի կնոջ արտառոց հայտարարություններով։  Անի Զախարյանը մուտք գործեց հայոց քաղաքական դաշտ` նախ կուսությունից ազատվելու կոչերով, կիսաէրոտիկ լուսանկարներով եւ իր կույս չլինելու աչքալուսանքով: Բայց քիչ ժամանակ անց պարզվեց, որ այս կինը ոչ սովորական սեռագար է, ոչ էլ սեքս մանյակ, իր «գաղափարներն» իրացնելու համար է տիկինը գրանցել իր կուսակցությունը, օֆիս եւ տեխնիկա վարձակալել, շարքային կուսակիցներ հավաքել:

 

 

Կանաչ լաքապատ եղունգներով  տիկնոջ միայն առաջին թոթովանքն էր սեքսի մասին, բայց  «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության շիկահեր ղեկավարը սեքսից սահուն անցում կատարեց նաեւ այլ թեմաների՝ փակ շուկա, նոր պատժիչ օրինագծի առաջարկ ԱԺ-ին՝ ընդդեմ սեռաբովանդակ հայհոյանք տվողների եւ այլն:Նա հավակնում է լուրջ քաղաքականությամբ զբաղվել, ավելին իր կարծիքով արդեն իսկ դա է անում.«Լուրջ քաղաքականությամբ զբաղվելը չի նշանակում անընդհատ երեւալ թերթերում: Նախ, աշխատանք եմ տարել բոլոր մարզերում, որ ինձ ճանաչեն տարբեր հասարակական շերտերում, քաղաքական զանգվածները»,- Հրապարակ թերթին ասում է ազգային գործիչը: Տիկինը բացատրում է, որ սա չի նշանակում, թե ինքը պատրաստվել է քաղաքական գործիչ դառնալու համար, «այլ ինքս ինձ համարում եմ քաղաքական գործիչ»:
Եւ կարծես թե  այս հավակնոտ հայտարարության մեջ էլ թաքնված է այն, թե ինչու է այս տիկինը ասպարեզ նետվել ու ինչ նպատակով: Սա ամենեւին էլ այն «սեւ բադիկը» չէ, որոնցով Հայաստանում  բուն խնդիրներից հասարակությանը մշտապես փորձ է արվել շեղել, բայց  այս պարագայում էլ ոչ թե պետք է փնտրել, թե ով է Անի Զախարյանը, այլ ով է այն ուժը, ով երկնել է Անի Զախարյանի կերպարը, որով իրականում փորձում են նսեմացնել հայ կնոջ դերը հասարակական-քաղաքական կյանքում:

 

 

Գաղտնիք չէ, որ հատկապես վերջին տարիներին կանայք սկսել են ավելի ակտիվ դերակատարում ունենալ մեր կյանքում, հայ ընտանիքի հոգսը իր ուսերին շալակած հայ կինը նաեւ պատրաստակամություն է ստանձնել նույնն անել հասարակական–քաղաքական կյանքում, ինչն այս տարիներին, անշուշտ, բավական հաջող է ստացվել: Բազմաթիվ անուններ կարելի է մատնանշել, որոնց համառության եւ նպատակասլացության արդյունքում թեեւ լոկալ, բայց բազում հարցեր են իրենց տեղն ընկել, մինչդեռ նորահայտ կուսակցության ղեկավար Անի Զախարյանի կերպարով, ով իր անհեթեթ պահվածքով դարձավ ընդամենը ծիծաղի առարկա , ինչ-որ կենտրոններ եւ շրջանակներ փորձում են ցույց տալ, որ կինը եւ հատկապես հայ կինն անկարող է  լուրջ գործերով եւ այն էլ քաղաքականությամբ զբաղվել, որ նրանց տեղը կամ մեղմ ասած խոհանոցում է, կամ էլ սիրուհու աթոռին:

 
Որքան սնանկ են այս պնդումները, նույնքան էլ ակնհայտ, որ իրականում հայ ակտիվ կինը գլխացավանք է դարձել այս իշխանությունների համար, ի վերջո կանայք ավելի հետեւողական ու նպատակասլաց են եւ քիչ դեպքերում են  իշխանությունների կամքին տուրք տալիս եւ ընկրկում,ի վերջո, կնոջ հետ դժվար է խոսել այն լեզվով, ինչը որ բանեցնում են այս իշխանությունները տղամարդկանց դեպքում. ծեծ, բռնություն եւ այլն: Պատճառները շատ են, որոնք անցանկալի են դարձնում հայ կնոջ ակտիվացումը:

 

 

Մյուս կողմից Անի Զախարյանի բաց եւ ինչ-որ առումներով սանձարձակ հայտարարությունները հաշվի առնելով, չի բացառվում, որ իշխանությունները նրան հրապարակ են բերել նաեւ այլ նպատակով: Ի վերջո, ազատ մտածողությունը համարվում է եվրոպական արժեհամակարգի ընկալման արդյունք, այս պարագայում իրականում ոչ թե ազատ, այլ գռեհիկ արտայտություններով փորձ է արվում  նսեմացնել այդ համակարգը մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանում մեծ աղմուկ  բարձրացել ոչ թե Եվրոպա, այլ դեպի կայսերական Ռուսաստան գնալու առիթով:

 

 

Անի Սահակյան

 

Աղբյուրը՝  Hayeli.am

Դիտումների քանակը` 12192

Գլխավոր էջ