Ի՞նչն է ստիպում մարդկանց դիմել պլաստիկ վիրաբույժին

Պլաստիկ վիրաբուժությունն ու էսթետիկ միջամտությունը վերջին տարիներին մեծ տարածում է գտել ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Տարեցտարի մեր երկրում ավելանում են տարբեր վիրահատական միջամտությունները, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդիկ ցանկանում են լինել էլ ավելի գեղեցիկ և երիտասարդ: Գաղտնիք չէ, որ շատ ժամանակ  պլաստիկ վիրաբույժին դիմելու  պատճառը՝   հատկապես կանանց արտաքինի նկատմամբ օրեցօր շատացող  պահանջներն են: Ու իրականում  դա ոչ թե կնոջ ընտրությունն է, այլ հասարակության պարտադրանքը:

 

Տղամարդկանց դեպքում պարտադրանքի  խնդիրը չկա , թեև, ինչպես պլաստիկ վիրաբույժներն են նշում՝ տղամարդիկ վերջին շրջանում սկսել են ավելի շատ դիմել պլաստիկ վիրաբույժներին: Սակայն նրանց դեպքում  խնդիրը արտաքին գեղեցկությունը չէ. հայերի մեծ մասի մոտ առկա է քթի միջնապատի և շնչառական խնդիրներ, որոնց պատճառով էլ նրանք դիմում են բժշկի:

 

Դա հաստատեց  WomenNet.am-ի հետ  զրույցում «Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը՝  նշելով, որ  Հայաստանում ամենից շատ կատարվում են քթի վիրահատությունները. այսօր շատերն են ցանկանում ազատվել «հայկական քթից», դրան հաջորդում են կրծքագեղձի, որովայնի, կոպերի, ականջախեցիների վիրահատությունները:

 

Ըստ Գ.Ստեփանյանի՝ վերջին տարիների ընթացքում վիրահատության դիմողների թիվն ավելացել է, սակայն նրանց մեջ բավականին մեծ տոկոս են կազմում օտարերկրացիները: Մասնավորապես` պլաստիկ վիրահատության գալիս են Ռուսաստանից, Եվրոպայից, ԱՄՆ-ից: Այսինքն` հիվանդների քանակն ավելանում է նաև նրանց հաշվին: Ըստ վիրաբույժի՝ պատճառը ոչ միայն Հայաստանում վիրահատության համեմատաբար մատչելի գներն են, այլև այստեղ պլաստիկ վիրահատության որակն է բավականին բարձր, ուստի աճ է արձանագրվում:

 

«Ինձ հիմնականում դիմում են իմ հիվանդների շրջապատի մարդիկ: Այսինքն՝ աշխատանքը տեսնելուց հետո փորձում են իրենք էլ նույն արդյունքն ունենալ»,- ասաց վիրաբույժը:

 

Նշենք, որ պլաստիկ վիրահատությունների վերաբերյալ տարբեր տեսակետներ են կան: Ոմանք այն կարծիքին են, որ պլաստիկ վիրահատությունները դեմ են բնությանը և մարդը պետք է ունենա այն տեսքը, ինչ տվել է Աստված: Գևորգ Ստեփանյանն ասում է՝  նախ պետք է հասկանալ, թե ի՞նչ է նշանակում իրական գեղեցկություն: Վիրաբույժի խոսքերով՝ գեղեցկության չափանիշ գոյություն չունի, քանի որ յուրաքանչյուրի համար իր պատկերացրածն է գեղեցիկ:

 

«Եթե տրավմայից հետո խնդիրներն են առաջացել և կա հնարավորություն այդ ամենը շտկելու, ապա ինչո՞ւ չտկել: Կամ՝ եթե պլաստիկ վիրահատությամբ շտկում ենք այն ամենը, ինչը ի ծնե կարող է անհանգստացնել մարդուն` կապված իր արտաքին տեսքի հետ, ապա ինչու չդիմել այդ քայլին: Ծննդաբերությունից հետո կանանց կուրծքը, որովայնը փոփոխության են ենթարկվում, բնական է, որ շատ կանանց մոտ դա հոգեբանական խնդիրներ է առաջացնում և, եթե մենք կարող ենք այդ ամենը շտկել, ուրեմն պետք է շտկենք: Ի վերջո պլաստիկ վիրահատության արդյունքում մարդը ձեռք է բերում ֆիզիկական գեղեցկություն և հոգեկան ներդաշնակություն»,- ասաց Գ.Ստեփանյանը:

 

Վիրաբույժի խոսքերով՝ լինում են դեպքեր, երբ համոզում են, որպեսզի մարդիկ հրաժարվեն վիրահատությունից: «Եթե տեսնում ենք, որ օրինակ՝ քթի վիրահատությունից հետո փոփոխությունն  աննշան պետք է լինի, ապա խորհուրդ ենք տալիս հրաժարվել այդ մտքից: Իհարկե, փորձը ցույց է տալիս՝ եթե կինը որոշել է դիմել նման վիրահատության, ապա ինքը հաստատ կգնա այդ քայլին»,- նշեց Գ.Ստեփանյանը:

 

Վիրաբույժը նաև կարևորեց հոգեբանական զրույցները հաճախորդների հետ, հատկապես այն դեպքում, երբ նրանք ցանկություն են հայտնում վիրահատության միջոցով ունենալ Անջելինա Ջոլիի քթից: Ըստ նրա՝ հաճախ են երիտասարդ աղջիկները գալիս վիրահատության հայտնի մարդկանց նկարները ձեռքներին, սակայն նրանց բացատրում են, որ քիթը պետք է դեմքին ներդաշնակ լինի: «Վիրահատության ցանկացած տեսակի դիմելիս պետք է հաշվի առնվեն նաև մարմնի չափսերը, որպեսզի ամեն ինչ ներդաշնակ լինի»,- ընդգծեց գևորգ Ստեփանյանը:

 

Պլաստիկ վիրահատությունը որպես ինքնահաստատվելու միջոց

 

… Կարինեն 30 տարե­կան է, մասնագիտությամբ՝ տնտեսագետ: Դեռևս փոքր տարիքից, նա երազում էր փոխել իր դեմքը, մասնավորապես, մեծ քիթը, քանի որ արդեն հոգնել էր հասակակիցների ծաղրանքներից: 10-15 տարի առաջ պլաս­տիկ վիրահատության ու դրա հնարավո­րությունների մասին տեղեկությունները սահմանափակ էին: Համալսարան ընդունվելուց հետո էլ Կարինեն փորձում էր հաղթահարել թերարժեքության բարդույթը: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ ուսանող տարիներին իրեն թվում էր, որ ինքը համալսարանի ամենատգեղ աղջիկն է: «Եթե տղաներն ուզում էին ինձ հետ խոսել, մտածում էի, որ ձեռ են առնում, ոչ մեկ արտաքինիս պատճառով չի ցանկանա ինձ հետ լուրջ հարաբերություններ սկսել: Արդյունքում՝ սկսեցի խուսափել տղաների հետ շփումից: Համալսարանն ավարտելուց հետո բանկում աշխատեցի, բայց աշխատանքի ընդունվեցի միայն այն պատճառով, որ հորեղբայրս տվյալ բանկում զբաղեցնում էր լուրջ պաշտոն: Աշխատելու ժամանակ գու­մար հավաքեցի և դիմեցի Հայաստանում հայտնի պլաստիկ վիրաբույժներից մեկին: Քթիս վիրահատությունից հետո կյանքս կտրուկ փոխվեց: Ես այսօր ինք­նավստահ եմ, ինչի արդյունքը միանշանակ փոխված արտաքինս է»,- պատմեց Կարինեն:

 

Հոգեբան Նարինե Պետրոսյանը՝ անդրադառնալով մեզ հետ զրույցում  պլաստիկ վիրահատությանը հոգեբանական տեսանկյունից, նշեց, որ մարդը արտաքին տեսքը ցանկանում է փոխել, եթե առաջին հերթին ինքնահաստատման  խնդիր ունի: «Մինչև հասարակությանը գոհացնելը, նախ պետք է ինքներս մեզ սիրենք: Այսինքն՝ այն մարդը, ով ունի բարձր ինքնագնահատական, նա երբեք չի դիմի որևէ վիրահատական միջամտության, սակայն կան մարդիկ, ովքեր գոհ չեն իրենց արտաքինից և փորձում են շտկել այդ թերությունները: Մենք կարող են հստակ ասել, որ երկու տարբերակում էլ խնդիրը հոգեբանական է»,- ասաց հոգեբանը:

 

Սակայն, եթե մարդը գտնում է, որ իրեն լիարժեք երջանիկ զգալու համար ինչ-որ բան պակաս է, ապա կարող է դիմել պլաստիկ վիրահատությանը, բայց անընդհատ փոխել ամեն ինչը, ապա այստեղ լուրջ խնդիր կա: Սա նշանակում է, ըստ հոգեբանի, որ տվյալ անձը չի ընդունում իր արտաքինը, իր մարմինը. «Գոյություն ունի դիսմորֆոֆոբիա հիվանդություն, երբ մարդուն թվում է, որ իր մոտ միշտ ինչ-որ բան թերի է ու նա սկսում է դիմել տարբեր բժիշկների»,- նշեց Ն.Պետրոսյանը:

 

Այդուհանդերձ հոգաբանը գտնում է, որ կան մարդիկ, ովքեր սկսել են ավելի հաճախ դիմել պլաստիկ վիրահատությանը, սակայն որքան էլ փորձեն փոխել արտաքինը, եթե չունեն ներքին ինքնաբավարարվածություն, միևնույն է թերարժեքության խնդիրը մնալու է: Ն.Պետրոսյանը գտնում է, որ մինչև պլաստիկ վիրաբույժներին դիմելը, պետք է անցեն հոգեբանական խորհրդատվություն՝ հասկանալու համար, թե ինչն է պատճառը, որ իրենք գնում են այդ քայլին: «Ի վերջո գեղեցկության չափանիշը յուրովի է: Ամեն մարդու համար մի տեսակն է գեղեցիկ. մեկը սիրում է նուրբ շուրթեր, մեկ ուրիշը՝ ավելի ընդգծված: Բայց եթե մենք ունենք թերարժեքության բարդույթ, թեկուզ ամբողջ մարմինը փոխենք, այդ բարդույթը չի անցնի»,- ասաց հոգեբանը:

 

Անդրադառնալով բոտեքսին, որը վերջին շրջանում ավելի  արդիական է, Ն.Պետրոսյանը նշեց, որ ըստ իրեն՝ այդ քայլին կանայք ավելի հաճախ գնում են ուշադրության կենտրոնում լինելու համար: Շատերին թվում է, թե որքան շուրթերը մեծ են, այդքան ավելի սեքսուալ են, սակայն տղամարդկանց շրջանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ նրանք  բնավ էլ գրավիչ չեն համարում արհեստականորեն ուռացրած շրթունքները: «Այս պարագայում մենք ավելի շատ ուշադրության պակասի խնդիր ունենք»,- ասաց նա:

 

Հոգեբանը նշեց, որ իրեն դիմել է մի երիտասարդ աղջիկ, ով քթի վիրահատությունից հետո փորձել էր շտկել այտոսկրերը,  հետո շրթունքները, ցանկություն ուներ նաև ծնոտը, ոտքերը վիրահատել.  «Սա բարդ հոգեբանական խնդիր է, նույնիսկ եթե տվյալ անձնավորությունը ամբողջ մարմինը ձևափոխի, նա ներքուստ չի կարող ձերբազատվել թերարժեքության բարդույթից»:

 

Հոգեբանը նաև ասում է, որ կինը պետք է իրեն ճիշտ ներկայացնի, ի վերջո ֆիզիկական գեղեցկությունը տևում է երեքից մինչև 5 վայրկյան: Կարևորը՝ ներքին գեղեցկությունն է, հարուստ ներաշխարհը:

 

Նշենք, որ ըստ վիճակագրության՝ ողջ աշխարհում տարեկան կատարվում է շուրջ 17 մլն պլաստիկ վիրահատություն։ Պլաստիկ վիրաբույժների միջազգային ասոցիացիայի մասնագետները, հիմնվելով ողջ աշխարհի վիրաբույժների հաշվետվությունների վրա, կազմել են ամենապահանջված վիրահատությունների վարկանիշային ցանկը։
Աշխարհում առաջին տեղում կրծքի մեծացումն է՝ իմպլանտների միջոցով։ Այս վիրահատության գծով առաջատար են Չինաստանը, Իտալիան, Մեքսիկան, Բրազիլիան, ԱՄՆ-ն։ Իսկ Հարավային Կորեայում յուրաքանչյուր 77-րդ բնակիչը դիմում է մասնագետներին՝ աչքերի բացվածքի վիրահատության համար։

 

Մ. Մարգարյան 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ի՞նչն է ստիպում մարդկանց դիմել պլաստիկ վիրաբույժին

 

Կոտրել կարծրաիպերը. Bratz տիկնիկները նշանավոր կանանց տեսքով

 

Barbie-ի գովազդում առաջին անգամ տղա է նկարահանվել

 

Փրկե՛ք ձեր դուստրերին/ տեսահոլովակ

 

Գեղեցկության իդեալները. հարափոփոխ, ինչպես աշխարհը

 

 Գեղեցկությունը զոհեր է պահանջում

 

Ինչպե՞ս փրկել հայուհիներին գեղեցկության կարծրատիպերից

 

Դիտումների քանակը` 3873

Գլխավոր էջ