Շուշան Նազարյան. «Նոր Հաճընում բոլորը գիտեն մեր տան տեղն ու հեռախոսի համարը»

Խելք, ուժ, կանացիություն, դիվանագիտություն, խորամանկություն եւ հետաքրքրասիրություն  –  Նոր Հաճըն համայնքի ավագանու թեկնածու՝ Շուշան Նազարյանը հենց այս հատկանիշներն  է առանձնացնում, երբ խոսում է իր կյանքի, անցած ուղու եւ ունեցած ձեռքբերումների մասին:  Թեպետ նա  անկուսակցական է, բայց   իր  թեկնածությունը  դնելու առաջարկը ստացել է իշխող Հանրապետական կուսակցությունից: 

 

«Երբ ՀՀԿ-ն առաջարկեց, որ համայնքում դնեմ իմ թեկնածությունը` անկեղծ ասած շոյվեցի, դա ինձ համար մեծ պատասխանատվություն էր, նաեւ` վստահություն: Բայց համաձայնվեցի միայն  մտածելուց, վերլուծելուց հետո», – ասում է նա` հավելելով, որ իրեն մի հարց էր անհագստացնում ՝  արդյո՞ք արժանի է այդ վստահությանը  եւ արդյո՞ք կկարողանա պատվով կատարել այդ գործը:

 

Առաջարկությունը երեկոյան քննարկել են ընտանիքում՝  ամուսնու եւ երեք որդիների խորհուրդները հաշվի առնելով եկել է եզրակացության, որ կուտակած փորձն ու մասնագիտական գիտելիքները բավարար են  ժողովրդին  ծառայեցնելու համար:

 

Շուշան Նազարյանը հպարտությամբ խոստովանում է, որ ընտանիքում կարողացել է հասնել ներդաշնակության եւ  անդորրի: «Իրականում դա դժվար աշխատանք էր»,- ասում է նա` խոստովանելով, որ ժամանակի ընթացքում ինքն  իրեն հղկել է` երբեմն լռել, համբերել, կանացի դիվանագիտություն եւ խորամանկություն բանեցրել եւ կարողացել է ձեռք բերել ոչ միայն ընտանեկան երջանկություն այլեւ մասնագիտական վերելք:

 

Մասնագիտությամբ իրավաբան Շուշանը համալսարանն ավարտելուց հետո ամուսնու հետ գործուղվել է Նովոսիբիրսկ: «Մենք նույն կուրսում ենք սովորել, հետո` ամուսնացել: Ամուսինս Նովոսիբիրսկում աշխատում էր ոստիկանությունում, որպես քննիչ, իսկ ես` իրավաբան էի տնտեսական ապրանքների բազայում: Թեպետ մեր պայմաններն այնտեղ շատ լավ էին, երիտասարդ մասնագետներին գնահատում եւ հարգում էին, սակայն ութսունականներին ամուսինս որոշեց, որ պետք է վերադառնանք Հայաստան»,- հիշում է Շուշանը: Կնոջ միակ հարցին` «Ինչո՞ւ», ամուսինը պատասխանել է` «Մեր կարիքն էնտեղ էլ են զգում»:

 

Շուշան Նազարյանը պատմում է, որ Նոր Հաճընում սկսվեց իրենց նոր` հայկական կյանքը: Քաղաքում գործում էր միութենական մեծ նշանակություն ունեցող ադամանդի գործարանը, որտեղ աշխատանքի ընդունվեցին երիտասարդ ամուսինները:

 

 

«Սկզբում գործարանի արտադրության բաժնում էի աշխատում, հետո տնօրենի օգնականն էի կադրերի եւ իրավական գծով: Երբ գործարանը մասնավորեցվեց` տեղափոխվեցի Երեւան` DCA ընկերություն, որը  նույնպես ադամանդագործական գործունեությամբ էր զբաղվում»: 2003-ից Շուշանն աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունում որպես գլխավոր մասնագետ:

 

 

Ավագանու թեկնածուն խոստովանում է, որ առաջադրվել է, որովհետեւ էությամբ հետաքրքրվող է եւ բարեփոխումների կողմնակից:  «Սակայն միայն դա չէր պատճառը, հաշվի առա գենդերային գործոնը: Մեր համայնքում կան կանայք, որոնք լիդեր են, քաղաքականությամբ են զբաղում, տարբեր կուսակցություններում են ընդգրկված, սակայն համայնքի կառավարման մարմիններում ներկայացված չեն: Չեմ ուզում թերագնահատել տղամարդկանց որոշումներ կայացնելու ունակությունն ու կարողությունները, սակայն ցանկացած կոլեկտիվում կնոջ ներկայությունը բերում է ներդաշնակության , մթնոլորտը մեղմացան: Համոզված եմ , կանանց ներկայությամբ խնդիրներին ավելի ճիշտ մոտեցում ցույց կտրվի,  մասնավորապես,  լուրջ ուշադրություն կդարձվի սոցիալական ոլորտին, խոցելի խմբերին»:

 

Մինչ ավագանու թեկնածու առաջադրվելն էլ Շուշանին եւ նրա ընտանիքին Նոր Հաճընում գրեթե բոլորն էին ճանաչում: Նազարյանը խոստովանում է, որ հենց այդ փաստն է իրեն ամենից շատ ոգեւորել:

 

 

« Ցանկացած ժամանակ, Նոր Հաճընի ցանկացած բնակիչ հնարավորություն  է ունեցել թակել մեր տան դուռը կամ զանգել եւ մեր անվճար իրավաբանական օգնությունն է ստացել: Դա բոլորը գիտեն: Հիմա, երբ երբ հանդիպում եմ մարդկանց, նրանց` երախտագիտությամբ լի հայացքներ եմ տեսնում: Դա նշանակում է, որ նրանք շնորհակալ են եւ հիշում են իրենց խնդիրներն ու այն լուծումները, որոնք տրվել են մեր օգնությամբ»:

 

 

Շուշանը պատմում է, որ ամուսիններով խորհուրդ էին տալիս պայմանագրերի, վեճերի հետ կապված խնդիրներով ո՞ւմ դիմել, ի՞նչ անել:

 

 

«Շատ են դիմում  զինվորների մայրեր: Նրանք տեղյակ չեն  այն արտոնությունների մասին, որոնցից կարող են օգտվել: Մենք էլ օգնում ենք, խորհուրդ տալիս, միասին դիմումի ձեւն ենք լրացնում: Ընդհանուր առմամբ, այն մարդիկ, ովքեր իրավաբան չեն, շատ դժվարությամբ են ընկալում խնդրի իրավական կողմը, անհրաժեշտություն է առաջանում գրածը մեկնաբանել, առավել մատչելի ներկայացնել»,- ասում է Շուշանը` հավելելով, որ դեպք է եղել, երբ կարողացել են իրենց խորհուրդներով անմեղ մարդուն փրկել գնդակահարությունից:

 

 

«Սա թերեւս կատարած գործերից ամենահիշվողն ու ցայտունն է. Քրեական գործ էր, խորհրդային տարիներին ադամանդի վաճառքը համարվում էր արգելված գործունեություն: Նոր Հաճընից մեկին ձերբակալել էին, շատ ծանր հոդված էր` 15 տարի ազատազրկում կամ գնդակահարություն: Ինչ-որ խմբի էին ձերբակալել, նրանք էլ այս մարդու անունն էին տվել, թե իբր ընդգրկված է իրենց խմբում: Ապացույց չունեին,  որ հանցագործության մասնակից է,  բայց  այս մարդն էլ  չէր կարողանում ապացուցել իր անմեղությունը, թեպետ փաստաբան ուներ, սակայն մասնագիտական առումով ոչինչ չէր կարողանում ձեռնարկել: Որոշեցինք օգնել, որովհետեւ ողջ քաղաքն էր այդ մասին խոսում: Քանր որ ամուսիններով աշխատել էինք ադամանդի գործարանում եւ տեղյակ էինք արտադրությունից եւ ադամանդի հետ կապված գործունեությունից, կարողացանք հոդվածը փոխել եւ 15 տարվա ազատազրկումը կամ գնդակահարության փոխարեն նրա պատիժը սահմանվեց մինչեւ վեց տարի ազատազրկում: Դա ամենախոշոր ձեռքբերումն էր»:

 

 

Շուշանը պատմում է, որ հասարակության մեջ իրավագիտակցության մակարդակը ցածր է: Հենց դա է պատճառը, որ ընտրվելուց հետո առաջին իսկ  գործը, որ կատարելու է՝  իրավական փոքրիկ խորհուրդի ստեղծումն է: «Երիտասարդներից թիմ կհավաքեմ, նրանց կսովորեցնեմ, իմ մասնագիտական փորձը նրանց կփոխանցեմ, որպեսզի նրանք էլ կարողանան օգնել հասարակությանը, որպեսզի պետության քաղաքացին իմանա իր իրավունքներն ու պարտականնությունները եւ ճիշտ պահին դրանք օգտագործի կամ օգտվի դրանցից»:

 

 

Բացի այդ, Շուշան Նազարյանը մտադրվել է համագործակցել հասարակական եւ միջազգային կազմակերպությունների հետ, նաեւ իրավական հարցերով օգնել այն անհատներին, ովքեր քաղաքում ներդրում կկատարեն:

 

 

«Քաղաքապետը միայնակ չի կարող բոլոր հարցերին լուծում տալ, նրան անհրաժեշտ է ուժեղ թիմ», –  ասում է Շուշանը` կարեւորելով ավագանու անդամների պատրաստվածությունն ու կրթական մակարդակը:

 

 

Հասմիկ Հարությունյան

Նոր Հաճըն-Երեւան

 

 

Հ.Գ. Տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները  Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքում տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: Ավագանու անդամ դառնալու համար պայքարի մեջ են մտել   19 թեկնածու, որոնցից երկուսը կին են:

 

 

Դիտումների քանակը` 5754

Գլխավոր էջ