Շնորհավոր Ապրիլի 7-ը. բարեմաղթանքներով փուչիկները հասան երկինք…

«Ուզում եմ, որ կանայք ազատագրվեն, ինքնագիտակցությունը բարձրանա, որ չվախենան խոսել, ապրել, իրենց կարծիքն արտահայտել»,-այս եւ նմանատիպ այլ մաղթանքներով  այսօր մի խումբ երիտսարդներ շնորհավորեցին Ապրիլի  7-ը՝ Մայրության եւ գեղեցկության  տոնը:

 

Հյուսիսային պողոտայում մոտ երկու տասնյակ աղջիկներ եւ պատանիներ  իրենց, Հայաստանի ու աշխարհի կանանց  ուղղված  ցանկությունները գրեցին թերթիկների վրա, դրանք փակցրեցին փուչիկներին,  ապա բաց թողեցին` ուղարկելով դրանք դեպի երկինք:

 

«Ես իրոք հավատում եմ, որ իմ` երկինք ուղարկած փուչիկն ունի անչափ դրական էներգիա, դրական զգացողություններ: Ուզում եմ` կանայք գնահատված լինեն: Մաղթանքս թող որ իրոք տեղ հասնի…. Սեր, սեր, սեր եմ նաեւ մաղթում»,-ասաց մասնակիցներից Գոհար Հայրումյանը: Երիտասարդները  չէին մոռացել նաեւ խորհրդարդանական ընտրությունների մասին. նրանք մաղթում են նաեւ, որ բոլոր կին թեկնածուները հաղթեն:

 

«Ես, իհարկե, չեմ կարծում, թե կոնկրետ  այս փուչիկն ինչ-որ բան կփոխի, բայց հավատում եմ, որ սա եւս մեկ քայլ է ընդհանուրի մեջ, նաեւ քաղաքացիական նվեր»,-համոզված է մասնակիցներից Արմինե Ապրեսյանը:

 

Հավաքվածների  ցանկությունները տարբեր էին, սակայն մի բանում բոլորը համոզված էին. կանայք եւ  տղամարդիկ   հավասար են եւ   միայն միասին կարող են շենացնել մեր երկիրը, իսկ տոնը պարզապես առիթ է` եւս մեկ անգամ հիշելու այդ մասին եւ այն գեղեցիկ պահերով հագեցնելու համար:

Ակցիան, ի դեպ,  նախաձեռնել էր «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ-ն:

 

 

Մարիամ Մուղդուսյան

Դիտումների քանակը` 6502

Գլխավոր էջ