Ն.Փաշինյան. «Մենք պետք է նպաստավոր պայմաններ ապահովենք, որպեսզի կանայք ավելի շատ ընդգրկվեն պետական կառավարման համակարգում»

Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում իր այսօրվա րագրային ելույթի ընթացքում հատուկ անդրադարձ կատարեց հանրության կյանքում կանանց դերի բարձրացման խնդրին ՝ շեշտադրելով երկրի զարգացման եւ կառավարման գործընթացներում կանանց մասնակցության հրամայականը…

 

Մասնավորապես, անդրադառնալով  թավշյա հեղափոխության ընթացքում  արձանագրված  կարեւորագույն իրադարձություններին,  Նիկոլ Փաշինյանը  հիշատակել է  երիտասարդության, ինչպես նաեւ  կանանց աննախադեպ ակտիվությունը  հանրային-քաղաքական կյանքում:

 

«Վերջին մեկ ամսվա քաղաքական գործընթացներին կանանց մասշտաբային մասնակցությունն էր կարեւորագույն գործոններից մեկը, որ մեզ հնարավորություն տվեց Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններն անվանել սիրո եւ համերաշխության հեղափոխություն: Մենք պետք է իսկապես լրջագույն ջանքեր գործադրենք, որ կանանց ընթացիկ ակտիվությունը շարունակի նորանոր դրսեւորումներ ստանալ մեր հանրային, պետական կյանքում: Մենք պետք է նպաստավոր պայմաններ ապահովենք, որպեսզի կանայք ավելի շատ ընդգրկում ունենան պետական կառավարման համակարգում, քաղաքական եւ հանրային գործունեության մեջ, որովհետեւ վերջին մեկ ամիսը ցույց տվեց, որ նման ակտիվությունը լիովին համատեղելի է մեր ազգային ինքնության, ընտանիքի մասին մեր ազգային պատկերացումների հետ: Նոր Հայաստանում կանայք դառնալու են կամ արդեն դարձել են հզորագույն գործոն, ու նրանց դերակատարման մեծացումը ապահովելու է Հայաստանի կայուն եւ անցնցում զարգացումը սիրո եւ համերաշխության պայմաններում: Եւ հիմա այս բարձր ամբիոնից որպես ժողովրդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու՝ ուզում եմ քաջալերել Հայաստանի կանանց եւ նրանց կոչ անել հեղափոխության այս հաղթական հանգրվանից հետո շարունակել ժամանակ տրամադրել հանրային կյանքին ու գործունեությանը, որովհետեւ համոզված եմ, որ այն մթնոլորտը եւ տրամադրությունը, որ հիմա Հայաստանում ստեղծվել են նաեւ նրանց ջանքերով, խթանելու են Հայաստանի Հանրապետության զարգացումը եւ ավելի են ուժեղացնելու առանց այն էլ ուժեղ հայկական ընտանիքը», – ասել է նորընտիր վարչապետն իր ելույթում :

 

Ելույթն ամբողջությամբ այստեղ

 

Դիտումների քանակը` 2988

Գլխավոր էջ