Նրանց միայն համարձակությունն է պակասում
Ծաղկաձորի «Գրողների տան» նախասրահը կրկին մարդաշատ էր: Բիզնես ոլորտը ներկայացնող կանայք Հայաստանի 9 մարզերից և Երևանից փոքրիկ ցուցադրություն էին կազմակերպել` ներկայացնելով իրենց արտադրանքը ու փորձելով նոր գործընկերներ գտնել: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախաձեռնած երկրորդ սեմինար-քննարկումն էր, այս անգամ կին ձեռներեցների ցանցի ևս 25 անդամների համար:
– Այս 3 օրերի ընթացքում բավականին ինֆորմացիա ենք ստացել տարբեր խաղերի, վարժությունների, քննարկումների միջոցով: Սակայն ամենամեծ ձեռքբերումը այն է, որ ծանոթացանք միմյանց հետ և նոր գաղափարներով եմ վերադառնալու Տավուշ:
Էմմա Հակոբյանը Տավուշի մարզից է: Զբաղվում է oրգանական գյուղատնտեսությամբ. արտադրում է կաթնամթերք և մեղր:
– Կարելի է ասել հենց այստեղ էլ առաջացավ նոր բիզնես գաղափար: Կփորձեմ այն զարգացնել և էկոտուրիզմով զբաղվել, քանի որ դրա մի բաղադրիչը, այն է` oրգանական գյուղատնտեսությունը, որով ես հիմա զբաղվում եմ, արդեն կա:
Սեմինարը նաև նոր գործընկեր գտնելու լավ հնարավորություն է: Հասմիկ Հարությունյանին, ով Արմավիրում ունի Հանրային սնունդի սեփական հացատուն, շատ էր հետաքրքրել Աիդա Ավետիսյանի ներկայացրած պանրի տեսականին.
– Ճիշտ է տարածությունը զգալի է, Աիդան Շիրակի մարզից է, սակայն հենց արտադրողից կաթնամթերք գնելը կարծում եմ ավելի հետաքրքիր է:
Հասմիկ Հարությունյանի բիզնեսն արդեն կայացած է: Այն 14 տարվա պատմություն ունի:
– Սկսել ենք 1 սենյակից, հիմա շատ ավելի ընդարձակ է մեր հացատունը: Ունենք մշտական հաճախորդներ, անգամ տուրիստներ արտերկրից, այլ մարզերից: Ունեմ աշխատողներ, խոհարարներ, մատուցող, սակայն հատուկ տնօրենի կարգավիճակում երբեք ինձ չեմ զգում: Ես ինքս շատ եմ սիրում խոհանոցը: Աղցաններ կան, որ ես եմ պատրաստում: Վերջնական ձևավորումը նույնպես իմն է, առանց իմ միջամտության չի լինի: Խմորեղեն, մուրաբա, չիր և կոմպոտ, սա էլ իմ հաճախորդների հյուրասիրությունն է, որ իմ ձեռքով եմ պատրաստում:
Աիդա Ավետիսյանը մասնագիտությամբ անասնաբույժ է և 1992 թ.-ից զբաղվում է անասնապահությամբ:
– Ամուսնուս հետ սկսել ենք 1 կովից, իսկ այսօր արդեն մեծ տնտեսություն ունենք: Կաթնամթերք, մսամթերք, մեղր ենք մատակարարում մեր գյուղի բնակիչներին:
Տիկին Աիդան մտածում է իր արտադրության շրջանակները մեծացնելու մասին, բայց.
– Դեռ համարձակություն չունեմ: Կարծում եմ դեռ հայ գյուղացի կնոջը պակասում է այդ համարձակությունը: Շատ բան է դրված նրա ուսերին, նա ամեն ինչ պետք է հասցնի ընտանիքում, իսկ ժամանակի մեջ հնարավոր է չտեղավորվեմ:
Մասնակիցների մեջ էին նաև այս ոլորտի սկսնակ ձեռներեցներ: Նրանցից է Գայանե Խաչատրյանը: Նա Լոռու մարզից է և հիմնել է «Համտեսիկ» կիսաֆաբրիկատների արտադրամասը:
-Արտադրում ենք սառեցված խորտիկներ, ունենք նաև նորություն. լումպիա` այն մսով, բանջարեղենով ուտեստ է, յուրահատուկ խմորի մեջ փաթաթված:
Գայանեն խոստովանում է, որ իր համար օրինակ է եղել հատկապես մայրիկը, ով նույնպես ձեռներեց է և «Ռուզ- Դան» հագուստի արտադրամասի տնօրենն է:
– Ես մեր տանը միշտ ունեցել եմ հայրիկիս, մայրիկիս օրինակը: Նրանք միշտ աշխատել են, գումար են վաստակել, եղել են կայացած ու ինքնուրույն:
Իր նոր բիզնեսն է սկսում նաև Սիլվա Չոբանյանը, ով Արմավիրից է և որոշել է զբաղվել շերամապահությամբ, մետաքսի արտադրությամբ:
– Շատ երկար ուսումնասիրել եմ շերամի արտադրության տեխնոլոգիան: Այն կախարդական ու յուրահատուկ հետաքրքրություն ունի, միևնույն ժամանակ էլ շատ պարզ է: Հայաստանում մենք ունենք այդ հնարավորությունը, ունենք թթի տարբեր տեսակներ: Իմ գործընկերը հիմա Հնդկաստանում վերապատրաստվում է, սովորում է տեխնոլոգիան: Սիլվան նշում էր, որ միակ խնդիրը ոռոգման հարցն է, որտեղ պետության աջակցությունն է ակնկալում:
Լիլիթ Քոչինյան
Դիտումների քանակը` 5736