Նունե Ավագյան. « Ձեռք ձեռքի, ուս ուսի` կառուցենք մեր ապագան»

Այս կարգախոսով է Զառիթափի   ավագանու ընտրություններում  մասնակցում Գոմքի ավագանու անդամ , «Վանքաձոր» գյուղատնտեսական կոոպերատիվի նախագահ Նունե Ավագյանը, ում իր համայնքի բնակիչները  առանձնակի ջերմությամբ ասում են՝  «Մեր Նունեն» :   

 

Վայոց ձորի Գոմք համայնքը թեև մարզի  հեռավոր, սակայն  անտեսված համայնքներից  չէ, քանի որ վայելում է տեղական  և միջազգային  կառույցների աջակցությունը: Այստեղ  յուրաքանչյուր բնակչի երազանքն է համայնքի կյանքը տեսնել   այնքան   բարեկեցիկ, որ  մարդիկ  չարտագաղթեն,  չէ՞ որ համայնքը բնակիչներով է  շեն:  2012 թվականից  Գոմքի ավագանու անդամ  հանդիսացող  Նունե Ավագյանը համոզված է , որ  այդ երազանքները հեռու չեն  իրականություն  դառնալուց:

 

«Մենք այսօր ունենք աշխատանք, կարողանում ենք տարբեր մշակաբույսեր աճեցնել, հիմնել ենք ջերմոցային տնտեսություններ, չորանոցներ և ուզում ենք զարգացնել ջերմոցային կուլտուրաներ ու մեր գյուղը դարձնենք փոքրիկ Շվեյցարիա»,- ասում Նունե Ավագյանը, ով   կրկին  ինքնառաջադրվել է  ավագանու ընտրություններում, այս անգամ խոշորացված Զառիթափ համայնքում, որի կազմի մեջ այսուհետ կմտնի նաև Գոմքը:  Նունեն հույս  ունի , որ խոշորացման արդյունքում իրենց գյուղը կշահի:

 

Իր կածիքով,  ավագանու  ինստիտուտն, ընդհանուր առմամբ, կայացման  փուլում է,  և   կանայք  այն կայացնելու  հարցում   նույնպես անելիք ունեն:

 

«Կարծում եմ` ժամանակն է, որ կինն էլ իր խոսքն ասի: Ընտանիքը պետք է լինի կնոջ աշխարհը, բայց ոչ` սահմանը: Կինը պետք է դրսևորվի որպես քաղաքացի, եկեք չմոռանանք այս մասին: Երբ տեսնում ես բացթողումներ, խնդիրներ, պետք է բարձրաձայնես դրանց մասին: Ի վերջո, տղամարդն իր հոգսերն է հասկանում, իսկ կինը՝ իրենը, և միայն միասին գործելով կարելի է արդյունքի հասնել: Մեր համայնքները խնդիրներ ունեն, բայց անհնարին, անլուծելի խնդիրներ չկան, և պետք է հասկանանք, որ մենք ենք այդ խնդիրները լուծողը»:

 

Համայնքում  իրականացվող  մեծ ու փոքր ծրագրերի իրականացմանն ակտիվորեն  մասնակցող Նունե Ավագյանը մանկավարժի աշխատանքը համատեղում է «Վանքաձոր» գյուղատնտեսական սպառողական   կոոպերատիվի ղեկավարի գործունեության  հետ:

«Մեր կոոպերատիվը 37 ֆերմեր կանանց է միավորումԱյն 2012-ին  Օքսֆամի աջակցությամբ ստեղծվեց ու խթան հանդիսացավ, որ մենք այսօր ունենք աշխատանք, հիմնել ենք ջերմոցային տնտեսություններ, չորանոցներ, մշակում և պահածոյացնում ենք նաև ոչ ավանդական մշակաբույսերի շատ օգտակար տեսակներ` չերրի լոլիկ ու բրոկոլի կաղամբ: Կոոպերատիվը գործում է սոցիալական ձեռնարկության մոդելով՝ եկամուտ բերելով ոչ միան կոոպերատիվի անդամներին և իրենց ընտանիքներին, այլև եկամտի մի մասն ուղղելով համայնքի սոցիալական խնդիրների լուծմանը»,- պատմում է Նունեն:

 

Ասում է, սկզբում  կանայք   տրտնջում էին, թե  բա որ ընդգրկվենք  կոոպերատիվում,  բա  մեր  լվացքը,  ճաշը,  տնային  մյուս գործերը ո՞վ կանի: « Նրանց համոզեցի ձեռք  բերել կենցաղային  հոգսը թեթևացնող լվացքի մեքենահացի  վառարան, որոնց  օգնությամբ  երեկոյան ժամերին   ենք հասցնում  կատարել  կենցաղային  բոլոր գործերը, որպեսզի  օրվա  ընթացքում  դրսում  մեր զբաղվածությունից  տանեցիները  չտուժեն»,-ասում է Նունեն:

 

Հիշում է, որ ժամանակին ինքն էլ ավագանու անդամ առաջադրվելու որոշմանը  միանգամից   չի եկել:

 

«Դա 2012 թվականին էր: Սկզբում  կասկածում էի  իմ  ուժերին, արդյոք  կկարողանա՞մ արդարացնել  իմ  ընտրողների հույսերը, զբաղվել  հանրային  գործունեությամբ, միաժամանակ ղեկավարել  կոոպերատիվի աշխատանքերն ու կատարել տնային տնտեսուհու պարտականություններս,- հիշում է Նունեն,- Երբ ինձ  ընտրեցին  կոոպերատիվի  նախագահ, ամուսինս, երեխաներս, բարեկամներս ու ծանոթներս ուրախությամբ  ընդունեցին նորությունը, իսկ երբ առաջադրվեցի ավագանու անդամի թեկնածուի ընտրություններում, բոլորն էլ միանշանակ  իմ կողքին էին. «էլ ո՞վ, եթե ոչ դու»: Ընտրություններից  հետո  ավագանու անդամ  ընտրված համայնքի ևս երեք  կանանց հետ սկսեցինք   աշխատել»:

 

Հանրագումարի բերելով անցած  չորս  տարիների ավագանու անդամի  իր կատարած աշխատանքը Նունե Ավագյանը հիշում է, որ դժվարություններից  երբևէ  չի  հուսահատվել: Թեև  համայնքի ղեկավարի հետ եղել են  ընկերներ, սակայն համայնքային  խնդիրների շուրջ  բախումներից ու  տարաձայնություններից չեն  խուսափել, և այնուհանդերձ,  հաջողվել է  միջազգային  կառույցներին «կապել»  համայնքի  հետ, համայնքի ֆոնդային  գումարների ճիշտ  բաշխման արդյունքում իրականացնել նպատակային  ծախսեր, ջրագծի  հարց  լուծել: Ասում է,  ավագանիում իր աշխատանքը  ճիշտ կազմակերպելու հարցում  իրեն օգնեց  միջազգային եւ տեղական  տարբեր կազմակերպությունների  կողմից  մարզում անցկացվող  դասընթացներին  ակտիվ մասնակցությունը:

Նունեի  խոսքով,  կանանց  հաջողություններն, այնուամենայնիվ  առիթ չեն սեփական ուժերն ու հնարավորությունները  գերագնահատելու համար.

 

«Չեմ սիրում  կանանց  դերը  գերագնահատել, կարծում եմ, ինչպես  ընտանիքում, այնպես էլ  հանրային  աշխատանքում  կին-տղամարդ  փոխհարաբերությունները  հավասար են: Սակայն կարող եմ ասել, թե կին ավագանու առավելությունն  ինչումն է  կայանում:  Կինը  իրազեկվում էիմացածը տարածում էթափանցիկ է աշխատումհամայնքին  տեղեկացնում է նորություններին, թեկուզ  սուրճի սեղանի  շուրջմասնավոր զրույցների ընթացքում: Հետաքրքիր  գաղափարներ է  առաջարկում, մտմտում է անգամ ճաշ եփելիս, լվացք անելիս,  հողամասում աշխատելիս: Ի  տարբերություն  կանանց,  տղամարդիկ մտածում են գլոբալ  հարցերի շուրջ, մինչդեռ  կինն ավելի  լայնախոհ է, քանի որ նա և  մայր է, և  կին է և  տնային  տնտեսուհի է: Այդպիսի կինը տնտեսության  համար  շքեղ մեքենա  չի  գնի, այլ կմտածի,  որ համայնքն ունենա մաքուր ու  լուսավոր փողոցներ,  երեխաներն ունենան  խաղահրապարակ ու նմանատիպ այլ հարցերի մասին: Կինն այդ ամենը  կարող է ծրագրել,  սակայն առանց  տղամարդու կդժվարանա  իրագործել:  Այստեղ է , որ բոլորը էկին թե տղամարդ պետք է ուս ուսի աշխատեն» :

 

Նունեն  համոզված է, որ  Գոմքում  հնարավոր է  կառուցել պահածոների փոքրիկ  գործարան, որտեղ կարելի է  համայնքի  հարուստ խոտաբույսերից  և մրգերից  պատրաստել  զանազան  պահածոներ: Համայնքն ունի այդ  հնարավորությունը, ինչի իրագործումը Նունե Ավագյանի առաջիկա պլաններում է;

 

Նունեի  խոսքով համայնքային  խնդիրները շատ են, սակայն  առաջնահերթ  պետք է  լուծել  բնակչությանը  մտահոգող  խնդիրները, ինչի համար  պահանջվում է գրագետ  կառավարում: Այսօր համայնքի համար հույժ կարևոր է ճանապարհների վերանորոգման,  բնակարանաշինության, նոր այգիների  և  ջրանոցի ստեղծման  հարցը: Եթե  հնարավոր լինի  լուծել համայնքի  մրգի,  հատապտուղի ու  բանջարեղենի  հարուստ պաշարների իրացման հարցը, գյուղն ավելի արագ կզարգանա ու  մի օր էլ  կդառնա Նունե Ավագյանի  երազած «փոքրիկ Շվեյցարիա»:

Անուշ Ներսիսյան

Դիտումների քանակը` 3555

Գլխավոր էջ