Նուբարաշենի բնակիչներ. «Մենք անընդհատ դիմել ենք, բայց ոչ ոք չի զբաղվել, որ խնդրին լուծում տան»

 

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի հարակից տարածքում բնակվող բնակիչներն արդեն 4 տարի ապրում են գարշահոտության պայմաններում: Բնակիչների պնդմամբ, մի քանի անգամ դիմել են Երեւանի քաղաքապետարան, Երեւանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին, սակայն, այդպես էլ ոչ մի քայլ չի ձեռնարկվել: «Մենք անընդհատ դիմել ենք, բայց ոչ ոք չի զբաղվել, որ խնդրին լուծում տան: Բերդի կանալիզացիան փողոցով գալիս ա, սաղ հայաթներն ա լցվում: Ինֆեկցիայի բուն ա, անգամ պատուհանները բաց թողնել չենք կարողանում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը:

 

 

Բնակիչների խոսքով, Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին իրենք են փոխանցել կոյուղաջրով լցված տարաները, որպեսզի դրանք փոխանցեն քաղաքապետ Տարոն Մարգարյանին. «Կանչում էինք՝ չէր գալիս, ասինք, որ տանի էդ բանկան տա իրան: Եթե էդ պաշտոնյաները ընդամենը 5-10 րոպեի ընթացքում էդ հոտից զզվեցին, վատացան, մենք 5 տարի էդ հոտին ո՞նց ենք դիմանում, մենք մարդ չե՞նք: Ի՞նչ շնորհք ա, որ կնոջ վրա ձեռք բարձրացնեն, ապտակեն, էդ տղամարդու անելու բան ա՞, հազիվ աքլորանում են, փոխանակ գործ անեն»:

 

 

Բնակիչների խոսքով, կոյուղաջրից առաջացած գարշահոտն անտանելի է  դառնում առավոտյան եւ ցերեկը ժամը 17:00-ին. «Իրիկունը հինգից հետո անհնար է դուրս գալ, ահավոր հոտ է ընկնում, երբ կալանավորներին լողացնում են էդ ժամին, ջուրը սաղ գալիս ա ստեղ, դուռ պատուհան սաղ փակում ենք, ներս ենք գնում»:

 

 

Բացի գարշահոտությունից բնակիչներին անհանգստացնում են մոծակները. տարբեր ձեւերով փորձում են պայքարել դրանց դեմ, բայց ոչինչ չի օգնում. «Մեծ մոծակներ կան, ամբողջ տունը արյունլվիկ ա լինում, սատկացնում ենք, որ երեխեքին չգզեն: Կծում են երեխեքին ինֆեկցիա կրող մոծակները, բայց ու՞մ պետքն ա… դեղեր ենք առնում, որ երեխեքին բուժենք, չհիվանդանան»:

 

«Առավոտ»-ի հետ զրույցում  նույն տարածքի  մեկ այլ  բնակիչ Աննա Գեւորգյանը , իր հերթին,  նշեց, որ  պաշտոնյաները գալիս-գնում են, խոստանում հարցը լուծել ու մոռանում խոստումը,մինչդեռ  կեղտաջրերը  ոչ միայն գարշահոտություն  են տարածում,  այլ հոսում լցվում մշակովի հողատարածքները: Տիկնոջը վրդովվեցրել էր  ՀՀԿ խմբակցության կին անդամներից մեկի  ասածը, որ «նիստերի դահլիճում  կարող էին հղի կանայք լինել», որոնց վրա կանդրադառնար կեղտաջրով տարայի պարունակությունը: «Նա ո՞նց կարողացավ նման բան ասել: Այսինքն, այս հինգ շենքում հղիներ չկա՞ն: Ուզում է ասել՝ այս հինգ շենքում բոլորը որձե՞ր են, հարս չկա՞, մարդ չկա՞…ինչպե՞ս կարող էր այդպես արտահայտվել: Փոխանակ հարցին լուծում տան, կռիվ են սարքում»,-ասաց Աննա Գեւորգյանը: 

 

Բնակիչները պատկան մարմիններին կրկին խնդրում են՝ նորոգել կոյուղին ու վերջապես իրենց շնչելու  հնարավորություն տալ: «Մենք չենք ուզում խառնվել քաղաքապետ-Փոստանջյան ներքին խոհանոցին, դա մեր գործը չէ: Մենք ուղղակի խնդրում ենք այս հարցը լուծել»,-ընդգծեց  «Առավոտ»-ի զրուցակից  տիկին Աննան: 

 

«Ռադիոլուր»-ի  լրագրողը  այս տարածքն այցելեով փաստեց ՝  «երեկ քանի դեռ քննարկվում էր հանրապետածիրանական կամ տղամարդականանց պայքարը, նուբարաշենցիները քնեցին ու զարթնեցին նույն անփոփոխ միջավայրում»: Փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը նախօրեին «Ռադիոլուրի»՝ Նուբարաշենի խնդիրն ինչ է լինելու հարցին անդրադարձավ մեկ նախադասությամբ. «Գործընթացը շարունակվում է, կարծում եմ կլինի համապատասխան արձագանք»…

 

 

Ինչպես բնակիչները հայտնեցին,   այսօրվա հյուրերը միայն լրագրողներն են եղել, որևէ աշխատանք ոչ ոք չի իրականացրել: Փոխարենը՝ կոյուղակեղտակղանքաջրերը շարունակում են հոսել, տեղ-տեղ էլ խոչընդոտի հանդիպում ու դառնում լճակ: Կողույաջրերի խնդիրը Նուբարաշենի բնակիչներին գարշահոտությունից ու տհաճությունից բացի դժբախտություն էլ է բերել. մի քանի տարի առաջ երկու երեխա են խեղդվել կոյուղակեղտաջրերում ու մահացել՝ ասացին բնակիչները:

 

 

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները  Նուբարաշենից  բերված կոյուղաջրով լցված տարաներ էին տարել քաղաքապետարան՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցելու համար: Երբ փորձում էին տարան մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձեցին արգելել նրանց, ինչից հետո քաշքշուկ սկսվեց,  որի ընթացքում   «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ ակնհայտ բռնություն  գործադրվեց ՀՀԿ խմբակցության մի քանի տղամարդկանց կողմից:

 

 

Հ.Գ.   «Երկիր Ծիրանի»-ի ակցիայից և ծեծկռտուքից հետո «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկսել են վերանորոգել կոյուղագծերը: Այս մասին  այսօր  լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՔԿՀ վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:  ««Վեոլիա Ջուր» ընկերության հետ մենք վաղուց ունեցել ենք պայմանավորվածություն այս հարցի շուրջ, իսկ հիմա արդեն ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ», – նշեց Ղլեչյանը՝ հավելելով, որ աշխատանքները կսկսվեն և ստեղծված իրավիճակը կկարգավորվի: Գ.Ղլեչյանի խոսքով՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների թաղապետարանները ևս կներգրավվեն կոյուղագծերի վերակառուցման աշխատանքներում: 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Ժողովուրդը  շնչում է այս գարշահոտությունը, դուք էլ պետք է շնչեք». ծեծկռտուք քաղաքապետարանում/ տեսանյութ

 

Պահանջում ենք խիստ գնահատականի արժանացնել ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի հանդեպ կոպիտ բռնության փասստը

 

«Բռնությունը չունի արդարացում». բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց

 

«Կրծքերիս, մարմնիս ձեռք տվեց, ապտակեցի». Մարինա Խաչատրյանը ահազանգում է սեռական ոտնձգության մասին

 

«Կնամեծարները »…

 

 

Դիտումների քանակը` 3117

Գլխավոր էջ