Նոր կյանք, նոր բիզնես…
Տիկին Զվարթ Հակոբյանն, ում հետ մենք ծանոթացանք Հայկական Կարմիր Խաչ ընկերության գրասենյակում, բոլորովին վերջերս է տեղափոխվել Հայաստան: Ասում է, մայիսին են եկել, ողջ ընտանիքով, շատ շատերի պես միայն առաջին անհրաժեշտության իրերն են կարողացել վերցնել իրենց հետ.
– Յոթ հոգանոց ընտանիք ունեմ: Վարձով ենք ապրում: Ամեն ամիս 100 հազար դրամ ենք վճարում, դժվար է, խոհանոցում ոչ մի եփելու պարագա չունենք, ոչինչ չենք կարողացել մեզ հետ բերել,- պատմում է տիկին Զվարթը և հավելում, որ Հայկական Կարմիր Խաչի գրասենյակ է եկել՝ լսելով, որ այստեղ իրեն կկարողանան տրամադրել անհրաժեշտ խոհանոցային պարագաներ ու սարքավորումներ:
– Ուտեստներ կպատրաստեմ ու կվաճառեմ, այդպես գոնե օգտակար կլինեմ հարազատներիս:
Մյուս մեր զրուցակիցը՝ տիկին Սիտան, գրասենյակ է եկել Գյումրիից, որոշել են տեղափոխվել այնտեղ ապրելու:
– Կար անել գիտեմ, բայց էնպես ստացվեց, որ մի ճամպրուկով Հայաստան եկանք: Կարի մեքենա եմ խնդրել, տեսնեք, եթե հաստատվի դիմումս, ապա պատվեր կվերցնեմ ու ընտանիքս կպահեմ:
Տիկին Զվարթն ու Սիտան Հայկական Կարմիր Խաչի ընկերության կողմից ՄԱԿ ՓԳՀ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շահառուներն են: Ծրագրի շրջանակներում անհրաժեշտ սարքավորումներ են տրամադրվում Սիրիայից տեղահանված մեր հայրենակիցներին՝ նոր բիզնես սկսելու համար: Արդյունքում միայն այս տարի արդեն 154 սիրիահայ ընտանիք Հայաստանում իր ապագան տեսնելու նոր հնարավորություն է ստացել: Երկրորդ փուլում նախատեսվում է օժանդակել ևս 125 ընտանիքի:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Հայկական Կարմիր Խաչի աշխատակից, Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի ծրագրի համակարգող Հասմիկ Խաչատրյանը, Սիրիայից ժամանած ընտանիքների եկամտաբեր գործունեությունը խթանող այս նախաձեռնության սկիզբը դեռ 2013 -ին է դրվել :
– Մարդկանց աշխատանքով ապահովելու խնդիր կա , սակայն աշխատատեղերը հայաստանյան աշխատաշուկայում սահմանափակ են: Իսկ այստեղ եկած սիրիահայերից շատերը հմտություններ ունեն, տարբեր արհեստների են տիրապետում,և համապատասխան գործիքներ ունենալու դեպքում, նրանք ինքնուրույն կարող են եկամտաբեր գործունեությունը սկսել և թեթևացնել իրենց ընտանիքների հոգսը, – ասում է Հասմիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ այդ նպատակով տրամադրվող գումարը այս տարի ավելի մեծ է՝ 500-ից 1000 դոլար:
– Գործիքները տրամադրվում են անվարձահատույց, ունեն համապատասխան երաշխիքային սպասարկում, կատարում ենք նաև մոնիտորինգային այցեր, զանգեր, որպեսզի հասկանանք, թե տվյալ օգնությունը, որքանով էր նպատակային, հիմա հենց այդ փուլում ենք , – նշեց նա:
Նրա խոսքով, ամենապահանջվածը՝ նորոգման գործիքներն են՝ մեքենայի, համակարգչի, հեռախոսի համար, նաև խոհարարական պարագաներ, կարի մեքենա…
– Ունեցել ենք նաև յուրահատուկ դեպքեր, օրինակ, օճառ պատրաստելու պարագաներ էր խնդրել մեր շահառուն և այժմ շատ հաջող գործունեություն է ծավալում: Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ հատկապես սկզբնական շրջանում կանանց թիվը քիչ էր, կարծում եմ, մշակութային առանձնահատկություն է, այժմ սակայն կանայք ավելի ակտիվ են և մենք էլ խրախուսում ենք նրանց մասնակցությունը,- ասաց Հասմիկ Խաչատրյանը:
… Տիկին Սեդային ու Հայկուհուն էլ հանդիպեցինք Հայկական Կարմիր խաչի ընկերության գրասենյակում, նրանք նույնպես սպասում էին հարցազրույցի իրենց հերթին: Պատմեցին, որ ինչպես Սիրիայում հենց իրենք էին բարեգործական ճաշկերույթներ կազմակերպում, անապահով ընտանիքներին օգնելու համար.
– Գումար էինք հավաքում, որ երեխաները հայկական դպրոցներում սովորեն, բայց այսօր մենք ինքներս օգնության կարիք ունենք. երեխաներ ունեմ, բայց ինչ ասեմ, տանս անգամ սրբիչի ու արդուկի կարիք ունեմ:
Խաչատուր Խաչատրյանն էլ երեք ամիս առաջ է Հայաստան եկել՝ կնոջ և երեխայի հետ: Սիրիայում մեքենա է նորոգել ու այդպես գումար վաստակել:
– Հիմա ավտոլվացման կետում եմ աշխատում, բայց եթե գործիքներ ունենամ, իմ գործին կանցնեմ: Դիմել եմ այս ծրագրին, տեսնենք ինչ կլինի:
Նշենք, որ Սիրիայից ժամանած մեր հայրենակիցների եկամտաբեր գործունեությունը խթանող այս նախաձեռնությունը Հայկական Կարմիր Խաչ ընկերության կողմից եւ ՄԱԿ ՓԳՀ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ավելի մեծ ծրագրի միայն մեկ բաղադրիչն է: Այդ ծրագիրը ներառում է նաեւ ապաստան հայցողներին և փախստականներին համապատասխան խորհրդատվության եւ հոգեբանական աջակցության տրամադրումը, սահմանակետերի մոնիտորինգային այցերի կազմակերպումը, սահմանակետերում աշխատող պաշտոնյաների համար վերապատրաստման դասընթացների անցկացումը, սեռով և գենդերով պայմանավորված բռնությունների կանխարգելումն ու դրանց արձագանքումը և այլ բաղադրիչներ՝ միտված Հայաստանում փախստականների ընդունման եւ նրանց ինտեգրման խնդիրների լուծմանը:
Սիրիահայերի աջակցության ուղղությամբ Հայկական Կարմիր խաչի ընկերության այլ ծրագրերի մասին կարելի է տեղեկանալ կազմակերպության կայքից` www.redcross.am:
Լիլիթ Քոչինյան
Դիտումների քանակը` 3951