Նորընտիր խորհրդարանում ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց թիվը նվազել է
Մայիսի 18-ին մեկնարկած 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշարջանում ձևավորվել է ԱԺ ղեկավար կազմը՝ պատգամավորներն ընտրեցին խոհրդարանի նախագահին, երեք փոխխոսնակներին, խմբակցության ղեկավարներին և քարտուղարներին, մշտական հանձնաժողովների ղեկավարներին: Փաստենք, որ թեպետ նախորդ գումարման հետ համեմատած կին պատգամավորների թիվն աճել է՝ դառնալով 14-ից 18 , սակայն նրանցից միայն երկուսն են ընտրվել ԱԺ ղեկավար կազմում: Համեմատության համար նշենք, որ 5-րդ գումարման ԱԺ-ի ղեկավար պաշտոններում 5 կին էր ներկայացված:
ԱԺ նախագահությունում մեկ կին է ընտրվել
Ազգային ժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ-ի առաջադրած թեկնածու Արա Բաբլոյանը: Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց 88 պատգամավոր, դեմ՝ 12-ը: «Ելք»-ի կողմից առաջադրված այլընտրանքային թեկնածու Էդմոն Մարուքյանի օգտին կողմ քվեարկեց 12, դեմ՝ 88 պատգամավոր:
Ազգային ժողովի նախագահի տեղակալներ ընտրվեցին Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը ՀՀԿ խմբակցությունից և Միքայել Մելքումյանը «Ծառուկյան» դաշինք» խմբակցությունից: Համեմատության համար նշենք, որ նախորդ գումարման խորհրդարանն ուներ երկու փոխնախագահ, որից մեկը կին էր՝ Հերմինե Նաղդալյանը:
Ըստ քվեարկության արդյունքների, Էդուարդ Շարմազանովը ստացել է կողմ՝ 84 ձայն, դեմ՝ 13-ը, Արփինե Հովհաննիսյանը՝ կողմ՝ 73 ձայն, դեմ՝ 22-ը, Միքայել Մելքումյանը՝ կողմ՝ 65-ը, դեմ՝ 29-ը: Փակ, գաղտնի քվեարկությանը 105 պատգամավորից մասնակցել է 100-ը:
Ի դեպ, իր ելույթում Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իրեն կողմ և դեմ քվեարկողներին, ասաց. «Շնորհակալությում են հայտում քաղաքական դիրքորոշում արտահայտածներին և անձնական դիրքորոշում արտահայտածներին: Նվազագույնը ազնիվ էր»…
Խմբակցության ղեկավարների թվում կանայք չկան
Նորընտիր ԱԺ-ի 4 խմբակցությունից որևէ մեկը կին չի գլխավորի, ի տարբերություն նախորդ գումարման, երբ 6 խմբակցությունից երեքը ղեկավարում էին կանայք ՝ Հեղինե Բիշարյանը (ՕԵԿ), Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ) , Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»):
Մշտական հանձնաժողովների նախագահներից միայն մեկն է կին
Ինչ վերաբերում է մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններին, ապա այստեղ էլ կանանց ներկայացվածության առումով հետընթաց կա: Նախ խորհրդարանի քվեարկությամբ 12 հանձնաժողովների թիվը դարձավ 9-ը:
Այլ հանձնաժողովների հետ միավորվեցին մարդու իրավունքների պաշտպանության, գյուղատնտեսության և բնապահպանության, ինչպես նաև առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովները: Օրինակ, ԱԺ նորընտիր նախագահ Արա Բաբլոյանի կողմից նախկինոմ ղեկավարած առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը կգործի սոցիալական հարցերի հանձնաժողովի կազմում, ինչը նույնքան վիճելի է, որքան մարդու իրավունքների հանձնաժողովի կրճատումը, քանի որ ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունեն:
Ի դեպ, իրավապաշտպանները և նախկին գումարման Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախկին ղեկավարը խիստ բացասական են գնահատում նորընտիր խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի վերացումը։
«Ցավում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովը միացվել է Պետաիրավական հանձնաժողովին, և կարծում եմ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մարդու իրավունքների պաշտպանության վիճակը Հայաստանի Հանրապետությունում մտահոգիչ է, այս պահին այսպիսի որոշում չպետք է կայացվեր», – «Ազատության» հետ զրույցում ասել է հանձնաժողովի նախկին նախագահ, մասնագիտությամբ իրավաբան Էլինար Վարդանյանը՝ նկատելով, որ նոր օրենքով հանձնաժողովներին տրվել են վերահսկողական ավելի լայն գործառույթները, և հիմա հատկապես մարդու իրավունքների հանձնաժողովը Հայաստանում կարող էր է՛լ ավելի լուրջ դեր ունենալ․ – «Այս պարագայում հանձնաժողովի գործառույթների վերապահումը մեկ այլ հանձնաժողովի իրականում մտահոգության տեղիք է տալիս»:
Ընդդիմադիր «Ելք» դաշինքի առաջարկը Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը պահպանելու ու 10 հանձնաժողով ունենալու մասին քվեարկությամբ մերժվեց: «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանն ասաց, որ կրճատելու պարագայում իրենք հանձնաժողովի նախագահ չեն ունենա, հետաքրքրվեց, գուցե կրճատումը հենց այդ նպատակով է նախաձեռնվե՞լ: Հարցը ներկայացնող Հրայր Թովմասյանն ասաց, որ երբ նախաձեռնում էին սահմանդրական փոփոխությունները, չգիտեին, որ «Ելք» դաշինք է լինելու: Նա նաև հիմնավորեց կրճատումը այն հանգամանքով, որ պատգամավորների թիվը նախորդ գումարման հետ համեմատած կրճատվել է 131-ից դառնալով 105: Բացի այդ, փորձը ցույց է տվել, որ հանձնաժողովներում աշխատանքային ծանրաբեռնվածությունն անհավասար էր: Եվ վերջապես, բյուջետային խնայողություններ էլ կլինեն. մի հանձնաժողովի ստեղծումը հինգ տարվա ընթացքում մոտավորապես 70-80 միլիոնի լրացուցիչ ծախս է մեր պետբյուջեի վրա: Մի խոսքով, ինչպես միշտ խնայողությունն արվեց «մարդու իրավունքների» հաշվին:
«Ելք» դաշինքի խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց, այդ ո՞ր առաջավոր երկրների փորձն է ուսումնասիրվել, այդ ո՞ր երկրում են նման հանձնաժողով կրճատել: «Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը միջին ծանրաբեռնվածություն ունի, ինչպես որ շատերը: Ո՞րն է տրամաբանությունը որ դուք այն կրճատել եք ու միացրել ամենածանրաբեռնված պետաիրավական հանձնաժողովին, ձեր ներկայացրած տրամաբանությունը դա չի բացատրում: Ես ուզում եմ հասկանալ, ինչպե՞ս է այդ ծանրաբեռնված հանձնաժողովն իրականացնելու նաև այդ գործառույթը»,-հետաքրքրվեց Թանդիլյանը: Թովմասյանն ի պատասխան ասաց, Ավստրիայի օրենմսդիր մարմինն ունի 6 մշտական հանձնաժողով, մարդու իրավունքների պաշտպանություն հանձնաժողով չկա դրանց թվում, նույնը Շվեդիայում, Նորվեգիայում, Շվեցարիայում, Ֆրանսիայում: «Ես կարող եմ թվարկել թե ովքեր ունեն, և այդ երկրներում մարդու իրավունքների պաշտպանությունն ինչ վիճակում է: Օրինակ, Ադրբեջանն ունի»,-ասաց Հրայր Թովմասյանը: Թանդիլյանն արձագանքեց՝ պատահական չէ, որ հարցրեցի երկրների մասին: «Այն երկրները որ դուք թվարկեցիք, այո, կարող են իրենց թույլ տալ նման հանձնաժողով չունենալ: Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը խնդրահարույց է, պաշտպանությունն այն մակարդակի վրա չէ, որ հանձնաժողովը վերացվի»,-ասաց «ԵԼՔ»-ի ներկայացուցիչը:
Ի վերջո, 64 կողմ, 9 դեմ, 4 ձեռնպահ ձայների համամասնությամբ ընդունվեց ՀՀԿ խմբակցության առաջարկած նախագիծը, ըստ որի, վեցերորդ գումարման Ազգային ժողովում կլինի թվով 9 հանձնաժողով, որից միայն մեկը լին ղեկավար կունենա:
Հանձանաժողովներից վեցի համար ՀՀԿ-ն է նախագահի թեկնածուների անուններ հրապարակել: Նրանց թվում կին գործիչներ չկան: Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հակոբ Հակոբյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը կղեկավարի Արմեն Աշոտյանը, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կղեկավարի Կորյուն Նահապետյանը, Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովը՝ Հրայր Թովմասյանը, Տնտեսական հարցերի հանձնաժողովը՝ Խոսրով Հարությունյանը , Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվել է ՝ Գագիկ Մինասյանը:
«Ծառուկյան» դաշինքը երեք հանձնաժողովի նախագահի թեկնածուներ էր առաջադրել, նրանցից մեկը կին է՝ Նաիրա Զոհրաբյանը, ով կլինի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Ծառուկյան» դաշինքից Վարդան Բոստանջյանը կգլխավորի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը և Վարդևան Գրիգորյանը կղեկավարի Տարածքային կառավարման և գյուղատնտեսության հանձնաժողովը:
Համեմատության համար նշենք, որ նախորդ գումարման ԱԺ-ի 12 մշտական հանձնաժողովներից երկուսը կանայք էին գլխավորում՝ Նարիա Զոհրաբյանը՝ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողով և Էլինար Վարդանյանը՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով: Նրանք երկուսն էլ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից էին:
Հ. Կարապետյան
Կարդացեք «ԱԺ ընտրություններ-2017» խորագրի ներքո մեր կայքում.
«Կանանց օրակարգը» շարունակում է ուժի մեջ մնալ. ուղերձ նորընտիր պատգամավորներին
Նորընտիր խորհրդարանում ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց թիվը նվազել է
Ազգային ժողովի կազմում կին պատգամավորները 17 տոկոս են կազմում
Հայտնի են խորհրդարան անցած կին պատգամավորների անունները. նրանք 18-ն են
ԱԺ ընտրություններ. Որքան քվեներ ապահովեցին կին թեկնածուները Երևանում
Ռեյտինգային ընտրակարգը փողատեր տղամարդկանց դեմք ունի
Կին թեկնածուները պատասխանում են WomenNet.am-ի հարցաշարին. ամփոփում
Դիտումների քանակը` 3099