Նորա Առուստամյան. « Շատ լավ եմ հասկանում երիտասարդների խնդիրները»
Նորա Առուստամյանը «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակում ներկայացված երիտասարդ սերնդի ներկայացուցիչներից է: Դաշինքի առաջնորդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնական Նորա Առուստամյանը վարկանիշային ընտրակարգով առաջադրված է Արագածոտնի մարզում: Ասում է` այլ կերպ չէր կարող լինել, քանի որ ծնունդով Աշտարակից է և շատ լավ պատկերացնում է թե’ մարզի առանձնահատկությունները, թե’ մարզի խնդիրները: WomenNet-ի հետ զրույցում երիտասարդ թեկնածուն պատմեց, որ կենտրոնացած է ընտրողներին իրենց առաջնահերթ քայլերն ու ծրագրերը ներկայացնելու վրա: Ու մինչ մամուլը գրում է տեղերում այս կամ այն միջադեպերի մասին, Նորայի խոսքով` իրենք հանգիստ առաջ են տանում աշխատանքը ու որևէ միջադեպի, որևէ աղմկահարույց դեպքերի կիզակետում չեն:
–Որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնք Դուք առանձնացնում եք ընտրողների հետ հանդիպումների ժամանակ:
-Ես ինքս երիտասարդ լինելով շատ լավ հասկանում եմ երիտասարդների խնդիրները և մարզում հանդիպումների ժամանակ շեշտում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի նպաստեմ մարզի երիտասարդության զբաղվածության , ուսման խնդիրների լուծմանը: Հիմնական ուղղությունը «Ծառուկյան» դաշինքի ծրագրում այն դրույթն է, որը վերաբերում է բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների աջակցությանը: Մենք շատ լավ հասկանում ենք, որ երիտասարդներին օգնելով, նրանց աջակցելով և նրանց համար հնարավորություններ ստեղծելով մեր երկրում կկարողանանք կանխել երիտասարդների արտագաղթը, ինչն այսօր, ցավոք, լուրջ խնդիր է:
-Ինչպե՞ս եք գնահատում Ձեր թիմի ու Ձեր շանսերը:
-Դաշինքի շանսերը գնահատում եմ շատ բարձր՝ չմոռանանք, թե ով է մեր ղեկավարը և ինչպիսի ճանաչում ու վարկանիշ ունի հանրության շրջանում: Ինչ վերաբերում է իմ վարկանիշին, ապա այն տեսանելի կդառնա ապրիլի 2-ից հետո, թող ընտրողն ինձ գնահատի:
-Քանի որ օրենսդիրում աշխատանքային փորձ ունեք՝ որպես պատգամավորի օգնական, որոշակիորեն պատկերացում ունեք պատգամավորի գործունեության մասին: Որո՞նք են, ըստ Ձեզ, դժվարությունները:
-Դժվարությունները լինելու են այն դեպքում, երբ թիմը մեծամասնություն չունենա, որովհետև ամեն անգամ առնչվելու ես այն խնդրին, որ չես կարող առաջ տանել քո հիմնական ծրագրերը: Իսկ մեծամասնություն դառնալու դեպքում շատ հարցեր են լուծվում՝ այնպես որ մեր խնդիրն է ունենալ մեծամասնություն, մեր ծրագրի 15 առաջնահերթ դրույթները կյանքի լիարժեք, առանց խոչընդոտների իրականացնելու համար: Ավելին՝ դաշինքը հայտարարել է, որ դրանք կյանքի կկոչվեն հենց առաջին իսկ ամսում և այդպես էլ կլինի:
-Հայաստանում կանանց մուտքը քաղաքականությունը արհեստականորեն դժվարեցվում է: Դուք երբևէ խոչընդոտների հանդիպե՞լ եք միայն այն պատճառով, որ կին եք:
-Կարծում եմ, որ մի քանի տարի առաջ դա ավելի ակտուալ էր, քան այսօր, տարիներ առաջ կին-տղամարդ անհավասարությունն ավելի շատ էր արտահայտված: Իրականությունն այսօր մի փոքր այլ է. մենք ունենք շատ կին քաղաքական գործիչների օրինակներ, որոնք լավ ընդունված են հանրության կողմից ու լավ աշխատում են, այնպես որ չեմ կարծում, որ այսօր կանայք քաղաքականություն մուտք գործելուց դժվարությունների են հանդիպում: Եվ իմ հանդիպումների ժամանակ էլ զարմանք, որ թեկնածուն կին է, չեմ տեսնում:
-Չե՞ք լսում այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են ՝ «քաղաքականությունը կնոջ գործը չէ» կամ «կնոջ տեղը խոհանոցում է»:
-Ո՜չ, դրա ժամանակները իրոք անցել են: Մեր հասարակությունն ընդունում է կին լիդերների:
-Մարզերում և՞ս հաղթահարել ենք այդ կարծրատիպերը:
-Իրականում Արագածոտնը բավականին զարգացած ու առաջադեմ մարզ է (ծիծաղում է- Լ.Խ.), այնպես որ ՝ ոչ, նման բաներ չեմ լսել ու վստահ եմ, որ չեմ էլ լսի:
-Բայց, այդուհանդերձ, Հայաստանում կանանց շահերը դեռ պաշտպանության կարիք ունեն: Եթե դառնաք պատգամավոր՝ այդ հարցը կլինի Ձեր գործունեության օրակարգում:
-Անշուշտ: Ես կին եմ ու ամենը, ինչ վերաբերում է կանանց, կլինի իմ ուշադրության կենտրոնում:
Զրուցեց Լիա Խոջոյանը
Դիտումների քանակը` 5541