Նոյեմբերի 20-ը՝ Երեխաների համաշխարհային օր
Այս տարի Երեխաների համաշխարհային օրը նվիրված է անազատության մեջ գտնվող երեխաների խնդիրներին, ուշադրության կենտրոնում են նաեւ փախստական երեխաները:
Դեռ 1954 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն առաջարկեց նշել նոյեմբերի 20-ը որպես Երեխաների համաշխարհային օր (Universal Children`s Day), որի առաքելությունն երեխաների բարօրության ապահովումն է ողջ աշխարհում :
Օրվա ընտրությունը պատահական չէ. 1959 թվականի հենց այդ օրն է ընդունվել «Երեխայի իրավունքների հռչակագիրը»: 1989 թվականին էլ այդ նույն օրը ընդունվել է «Երեխայի իրավունքների կոնվենցիան»։
ՄԱԿ-ի տվյալներով տարեկան 11 միլիոն երեխա է մահանում՝ դեռ հինգերորդ տարին չբոլորած, եւս տասնյակ միլիոններ էլ մնում են հիվանդ՝ չունենալով հասունանալու, լիարժեք ապրելու ու զարգանալու հնարավորություն: Այդ մահերից շատերի պատճառը հեշտ կանխարգելվող կամ էլ հեշտ բուժվող հիվանդություններ են, իսկ մյուսները աղքատության, անգրագիտության, խտրականությունների ու բռնությունների կործանարար հետեւանքներն են:
« Այս տարի Երեխաների համաշխարհային օրն անցնում է այնպիսի իրավիճակում, երբ աշխարհում պատերազմներից տեղահանված մարդկանց թիվը աննախադեպ չափերի է հասել: Այսօր աշխարհում առկա 60 մլն փախստականների կեսը երեխաներ են, ովքեր բռնությունների, ահաբեկման, շահագործման զոհ են դառնում», – ասված է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Բան Կի Մունի ուղերձում:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի օրացույցում երեխաների իրավունքներին նվիրված եւս մեկ օր կա ՝ հունիսի 1-ին նշվող Երեխաների պաշտպանության միջազգային օրը:
Դիտումների քանակը` 4446