Նոյեմբերի 19-ը Տղամարդկանց միջազգային օրն է

international-mens-dayԱմեն տարի նոյեմբերի 19-ին աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է Տղամարդկանց միջազգային օրը:   Գաղափարը  ծագել է  Տրինիդադ և Տոբագոյում, հետագայում տարածվել է Ավստրալիայում, Կարիբյան ավազանի, Հյուսիսային Ամերիկայի, Ասիայի, Եվրոպայի և բազմաթիվ այլ երկրներում:

 

Մտահղացման հեղինակ դոկտոր Ջերոմ Թիլուքսինգհոմն իր որոշումն այսպես է հիմնավորել. «Ես հասկացել եմ, որ ոչ մի օր տղամարդկանցը չէ… Ոմանք կասեն, որ կա Հայրերի օրը, սակայն ի՞նչ կասեք այն տղաների, պատանիների ու տղամարդկանց մասին, որոնք հայր չեն»: Տոնը նշելու համար Թիլուքսինգհոմն ընտրել է իր հոր ծննդյան օրը՝ նոյեմբերի 19-ը՝ այն համոզմամբ, որ նա եղել է ընդօրինակման արժանի տղամարդ և հայր:

 

Տղամարդկանց միջազգային օրը կոչված է հրավիրելու հանրության   ուշադրությունը  ընտանիքում և երեխաների դաստիարակության հարցում տղամարդկանց դերակատարմանը,  տղամարդկանց  ու տղաների   առողջության պահպանման խնդրին,  խոսել գենդերային խտրականության դրսեւորումների մասին, տղամարդկանց  վրա գենդերային կարծրատիպերի ազդեցության մասին եւ խրախուսել  գենդերային հավասարությունը:

 

Տոնը  նշվում է   հասարակական սեմինարների, դպրոցներում միջոցառումների, ռադիո և հեռուստածրագրերի, խաղաղ ցույցերի և երթերի կազմակերպման միջոցով:

 

Այս տարի Տղամարդկանց միջազգային օրվա թեման է «Կանգնեցնենք  տղամարդկանց ինքնասպանությունները»: Համաշխարհային վիճակագրությունը փաստում է , որ տղամարդկանց ինքնասպանությունների մակարդակը  3 անգամ բարձր է, քան  կանանց  պարագայում եւ այս խնդիրը հատուկ ուսումնասիրությունների  կարիք ունի : Առավել հաճախ ինքնասպան են լինում երիտասարդ, կրթական ցածր մակարդակ ունեցող միայնակ տղամարդիկ: Հայաստանում   ՀՀ ԱՎԾ տվյալներով  ինքնասպանությունների թիվը 2015 թվականին արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 722 դեպք, որոնցից 439  տղամարդկանց եւ  283 կանաանց  կողմից:

imd-2016

ՀՀ ԱՎԾ տվյալներով  Հայաստանում կյանքի սպասվող տեւողությունը տղամարդկանց համար գրանցվել է 71,1 տարի, իսկ կանանց համար 78,2: Մասնագետների պնդմամբ` չնայած «ուժեղ սեռ» որակմանը, տղամարդիկ անհամեմատ թույլ են կանանցից, ավելի քիչ են ապրում և ավելի հաճախ են հիվանդանում: Պատճառները բազմաթիվ են՝ սկսած միգրացիայից, մինչև ավելի համարվող մասնագիտական գործունեության ծավալում ու հիվանդության դեպքում բժշկի ավելի քիչ դիմելիություն: Իրավիճակն այսպիսին է ոչ միայն Հայաստանում, այլև` ամբողջ աշխարհում. տղամարդիկ իրենց առողջության մասին ավելի քիչ են հոգում:

 

 

Դիտումների քանակը` 2779

Գլխավոր էջ