Նշեք առնվազն երեք պաշտոնյա, որոնք…

Նշեք առնվազն երեք պաշտոնյա, որոնք պատրաստ են հրապարակային հայտարարել, որ գենդերային հավասարության կողմնակից են:  Այս հարցադրման շուրջ բավականին հետաքրքիր քննարկում ծավալվեց  «Կանանց և  տղամարդկանց հավասար իրավունքների և  հավասար հնարավորությունների ապահովման մասին»  օրինագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում:

 

«Տղամարդիկ պետք է պատրաստ լինեն զիջել իրենց տեղը կանանց, քանի որ կանայք ասելիք ունենք», – մեջբերեց իր ելույթում վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքը Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Քաղաքացիական նախաձեռնությունների Կոտայքի մարզային կենտրոնի համադասող Անահիտ Աղոյանը, պատասխանելով իր իսկ հարցադրմանը երեք պաշտոնյայի մասին:

 

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի  նախագահ Ջեմմա Հասրաթյանը նշելով իր ելույթում, որ Հայաստանը, մի շարք միջազգային փաստաթղթերի, այդ թվում Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում  պարտավորություն ունի կարգավորելու  իր երկրում այն հարաբերությունները, որոնք բերել են գենդերային անհավասարակշռության կառավարման և կյանքի այլ ոլորտներում, նա հիշեցրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեռ 2009թ-ին մայիսին ստորագրել է համպատասխան միջոցառումների ցանկը, որում նաև  ընդգրկված է եղել այս օրենքի ընդունման մասին կետը:

 

«Այսինքն  այս օրենքը պետական քաղաքականության մի մասն է և  բոլոր պետական կառույցները, այդ թվում և ԱԺ-ն, պետք է նպաստեն դրա ընդունմանը: Սակայն դա չի  նշանակում, որ Հայաստանը միայն  եվրոպական կառույցներին  ընդառաջ գնալով է  ուզում ինչ-որ քայլեր անել: Կարծում եմ իրականությունը այլ է և  Հայաստանը ի դեմս երկրի  ղեկավարի, պարզ գիտակցում է , որ խնդիր ունի երաշխավորելու կանանց հնարավորությունները օրենսդիր և  գործադիր իշխանության բոլոր մարմիններում մասնակցելու և կանանց ներուժը զարգացման գործընթացին լիարժեք ներգրավելու առումով», – նշեց բանախոսը, ընդգծելով, որ քաղաքական կամքը օրինագծի շուրջ անշուշտ առկա է, մնում են մեխանիզմները:

 

Շարունակելով այս միտքը, Կանանց հանրապետական խորհրդի նախագահ Աիդա Թոփուզյանը նկատեց, որ քաղաքական կամքը գուցե և  առկա է, բայց միայն վերև ներում: «Նախագահից և  վարչապետից այն կողմ ես չեմ լսել  որեէ պաշտոնյայի հրապարակային ելույթ, որում նա պաշտպաներ կանանց և  տղամարդկանց հավասարության գաղափարը:  համենայն դեպս, իշխանության ստորին օղակներում  չեմ հանդիպել մարդկանց, որոնք խոստովանեին, որ կանանց պետք է առաջ տանել, հավասարեցնելով տղամարդկանց հետ», – ասաց  նա:

 

Այնուամենայնիվ, քննարկումների ավարտին կանայք նկատեցին, որ գենդերային հավասարության գաղափարի ամրապնդման հարցում առաջընթաց  կա.  այդ մասին է վկայում նաև  ԱԺ նախագահի մասնակցությունն ու ելույթը լսումներին:

 

Չմոռացան նաև  շնորհակալություն հայտնել կառավարության ներկայացուցիչ Ֆիլարետ Բերիկյանին, որը օրինագիծը առաջ տանելու հետ մեկտեղ իրապես  փորձում է վերափոխել իր անձնական դիրքորոշումները գենդերային հավասարության վերաբերյալ, ինչի ապացույցն է նրա կողմից հնչեցված հետեւյալ միտքը.

 

«Գենդերային հավասարություն ասելով Հայաստանում հիմնականում հասկանում են կանանց իրավունքների ոտնահարում, բայց երբ հասարակությունը սկսեց ընկալել ոչ թե միայն կանանց, այլ ընդհանրապես սեռերի իրավունքների հավասարություն ասվածը` հաջողության կհասնենք: Ու այս օրենքը հենց այդ կոնտեքստում է հարկավոր հասկանալ»…

 

Հ.Թ.

Դիտումների քանակը` 3715

Գլխավոր էջ