Նյու Յորքում քննարկվում են գյուղաբնակ կանանց խնդիրները

 

 

Այս տարվա ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 62-րդ նստաշրջանը , որն անցնում է Նյու Յորքում  մարտի 12-23-ը ՝ առաջնորդվելով Կանանց միջազգային օրվա  կարգախոսով ՝ «Ժամանակն է եկել. գյուղական եւ քաղաքային ակտիվիստները  վերափոխում են կանանց կյանքը»,  կենտրոնացել է հատկապես  գյուղաբնակ կանանց իրավունքների եւ ակտիվության վրա:

 

 

Գյուղաբնակ կանայք  կազմում են աշխարհի բնակչության քառորդ մասը եւ  կանանց համաշխարհային աշխատուժի 43տոկոսը:  Ու թեպետ հենց նրանք են հիմնականում ապահովում են իրենց համայնքների պարենային անվտանգությունը, այնուամենայնիվ, գենդերային անհավասարության և խտրականության հետևանքով գյուղի  կանայք շատ ավելի վատ վիճակում են, քան գյուղաբնակ տղամարդիկ կամ քաղաքաբնակ կանայք: Նրանց համար հասանելի չեն  ենթակառուցվածքներն ու ծառայությունները, նրանք ավելի խոցելի են սոցիալական պաշտպանության տեսակետից, կլիմայի փոփոխության հետեւանքների նկատմամբ: Աշխարհում հողատերերի 20-ից քիչ տոկոս են կազմում կանայք, ու եթե միջինում տղամարդկանց եւ կանանց միջեւ աշխատավարձի տարբերությունը 23 տոկոս է կազմում, գյուղական բնակավայրերում այն կարող է լինել 40 տոկոսից բարձր:

 

 

ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 62-րդ նստաշրջանը անդրադառնում է գյուղի կանանց հիմնախնդիրներին  Կայուն զարգացման նպատակների համատեքստում ՝  առաջնորդվելով ոչ ոքի ետեւում չթողնելու խոստումը իրականություն դարձնելու պահանջով: Դա անհապաղ գործողություններ է պահանջում գյուղական ակտիվիստներից և պետություններից ` բարձրացնելու համար գյուղի կանանց կենսամակարդակը, ապահովելու նրանց համար  բռնությունից զերծ կյանք, ռեսուրսների եւ արտադրական ակտիվների հասանելիություն,  սննդի անվտանգություն եւ սնուցում, արժանապատիվ աշխատանք, կրթություն եւ առողջություն, սոցիալական և իրավական պաշտպանվածություն:

 

***

 

Հայաստանում գյուղատնտեսությունը զբաղվածության ամենախոշոր ոլորտն է, որտեղ աշխատում է զբաղվածների շուրջ 34%-ը: Նրանցից 52%-ը կանայք են, ինչը կանանց դարձնում է գյուղատնտեսության զարգացման առավել կարևոր մասնակից: Ընդ որում, տղամարդկանց զբաղվածության կառուցվածքում գյուղատնտեսությանը բաժին է ընկնում 31%-ը, իսկ կանանց զբաղվածության կառուցվածքում՝ 37%-ը: Ըստ էության, գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը ստեղծվում է կանանց կողմից, և նրանք են սննդամթերքի մատակարարման և գյուղական վայրերում տնային տնտեսությունների գոյատևման հիմնական երաշխավորները: Դրա հետ մեկտեղ կանանց զբաղվածությունը գյուղատնտեսության ոլորտում հիմնականում ոչ ֆորմալ բնույթ է կրում, ինչը հիմք է տալիս բնութագրելու կանանց որպես աշխատաշուկայի ամենացածր վարձատրվող և սոցիալապես չպաշտպանված սեգմենտի ներկայացուցիչներ: Գյուղատնտեսության համատարած հաշվառման տվյալներով՝ գյուղացիական տնտեսությունների 25%-ը կանայք են ղեկավարում:        Կին գլխավորով տնային տնտեսություններն առավել խոցելի են գյուղտեխնիկայի բացակայության, հողակտորների դժվար հասանելիության, ոռոգման հնարավորությունների և ֆինանսական միջոցների հետ կապված խնդիրների պատճառով:

 

Դիտումների քանակը` 2634

Գլխավոր էջ