“Ներառական կրթությունը բոլոր մարդկանց ավելի բարի ու համերաշխ դարձնելու արդյունավետ գործիքներից մեկն է”
Հոկտեմբերի 1-2ը Երևանում տեղի ունեցած «Ներառական կրթություն. ժամանակակից հիմնախնդիրներն ու մարտահրավերները» միջազգային գիտաժողովին մասնակցեցին 100-ից ավելի մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ֆինլյանդիայից, Շվեյցարիայից, Շոտլանդիայից, Չեխիայից, ԱՄՆ-ից և Ուկրաինայից. այդ թվում` բուհերի պրոֆեսորներ, ներառական հաստատությունների տնօրեններ, բազմամասնագիտական թիմերի անդամներ, ոսուցիչներ, հասարակական կազմակերպությունների, ծառայությունների մատուցող կենտրոնների, կլինիկաների ղեկավարներ ու ներկայացուցիչներ: Գիտաժողովը կազմակերպվել էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետի նախաձեռնությամբ՝ ՀՀ գիտության պետական կոմիտեի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Տեմպուսի ASPIRE ծրագրի աջակցությամբ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը գիտաժողովի բացմանը նշեց, որ ներառական կրթության խնդիրը վերջերս ակտիվ հանրային քննարկումների առարկա է դարձել ու նաեւ կառավարության օրակարգում է: «Նախապատրաստել ենք գործողությունների ազգային ծրագիր, համաձայն որի, 2025թ. Հայաստանի բոլոր դպրոցները պետք է ունենան ներառական կրթություն կազմակերպելու կարողություն: Պետությունն այսպիսի քաղաքական կամք է դրսևորել, և որևէ ֆինանսական կամ կազմակերպական խնդիր խոչընդոտ չի կարող հանդիսանալ, նման խնդիրներ ունեցող երեխաների ապագայի համար: Կրթությունն է այն բացառիկ գործիքը, որի միջոցով հնարավոր է հազարավոր երեխաների հասարակություն վերադարձնել որպես լիարժեք քաղաքացի: Կրթությունն այն բանալին է, որը կարող է դուռ բացել դեպի ավելի լավ ապագա այդ երեխաների համար»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ ներառական կրթություն ստացող յուրաքանչյուր երեխայի հաջողությունը հավելյալ ուժ է՝ հավատալու այս կարևոր բարեփոխման հաջողությանը:
Ա.Աշոտյանի խոսքերով՝ համընդհանուր ներառականության գաղափարախոսությունը և բարեփոխումը ողջ հասարակությանն է անհրաժեշտ: «Դա նախևառաջ մեզ է հարկավոր, քան այն երեխաներին, ովքեր դառնալու են այդ բարեփոխման ուղղակի շահառուները: Այն բարոյահահոգեբանական փոփոխությունները, որոնք անդառնալիորեն կատարվում են համընդհանուր ներառականության անցնելու ճանապարհին, նախևառաջ բարիացնում են հասարակությանը: Միայն ֆորմալ իմաստով է այդ համակարգը կոչված երեխային հասարակություն վերադարձնելու համար, բովանդակային իմաստով ներառական կրթությունը բոլոր մարդկանց ավելի բարի ու համերաշխ դարձնելու արդյունավետ գործիքներից մեկն է: Համընդհանուր ներառականության բարեփոխումը հնարավոր չէ իրականացնել առանց հանրային աջակցության, որը մենք այսօր զգում ենք ՀԿ-ների ու ԶԼՄ-ների մեկնաբանություններից: Մենք զգում ենք հանրային կառույցների, ծնողական հանրույթի, քաղաքացիական ինստիտուտների աջակցությունը»,- շեշտեց Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ ռեֆորմի հաջողվածության կարևոր պայմանը մանկավարժական կրթության զարգացումն է:
Նախարարը նաև ընդգծեց, որ մանկավարժական ուղղվածության բուհերն ի սկզբանե պետք է ներդնեն ներառական կրթության համակարգ և պատրաստեն հենց այդ ուղղությամբ մասնագետներ:
Գիտաժողովին մասնակցում էր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ով իր խոսքում արձանագրեց՝ Հայաստանը վերջին տարիներին ներառական կրթության ոլորտում մեծ առաջընթաց է գրանցել: Դրա վկայությունը, ըստ նրա, նաև այս գիտաժողովի կազմակերպումն է, որում եղած քննարկումներն ու նոր մոտեցումները հետագայում կունենան գործնական և կիրառական արդյունք:
«Մեր բոլորի խնդիրն է տալ և ստեղծել հավասար հնարավորություններ Մենք պետք է ստեղծենք հավասար հնարավորություններ հաշմանադամություն ունեցող մարդկանց, այդ թվում երեխաների համար: Այսինքն՝ սոցիալական ապահովությունից պետք է անցնել ներառական քաղաքականության, հավասար հնարավորությունների քաղաքականության ապահովմանը և գործնականում դրանց իրացմանը»,- ասաց Արտեմ Ասատրյանը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչան էլ կարևորելով կրթության դերակատարումը բոլորի, այդ թվում՝ հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների կյանքում, նշեց, որ նրանցից յուրաքանչյուրի հետ պետք է անհատական աշխատանք տարվի: Ի դեպ, նա բարձր գնահատեց ներառական կրթության ոլորտում հայ ներկայացուցիչների իմացությունն ու պատրաստվածությունը և կոչ արեց աշխատել միասին՝ ներգրավելով տարբեր կազմակերպություններին ու հատկապես հաշմանադամություն ունեցող երեխաների ընտանիքներին:
ՌԴ կրթության ակադեմիկոս, Շտկողական մանկավարժության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Մոլոֆեևն էլ ներկայացնելով «Ներառական կրթության ապահովումը. Ռուսաստանի Դաշնության փորձը» թեմայով զեկույցը՝ անդրադարձավ Ռուսաստանում կրթության հատուկ կարիքներ ունեցողների ներկայիս խնդիրներին, այդ թվում օրենսդրական դաշտում կատարված փոփոխություններին: «Նախորդ 20 տարիներին շատ հաճախ ընդունվել և կիրառվել են անհաջող որոշումներ ու մեթոդական սխալներ, իսկ գլխավոր խնդիրը ոլորտում արտերկրի փորձի ուղղակի արտատպումն է»,- ասաց նա:
Ըստ պրոֆեսորի՝ ներկառական կրթության փորձն ամբողջ աշխարհում նոր է՝ ընդամենը 20-25 տարվա պատմություն ունի: Նրա խոսքերով, Հայաստանն այն երկրներից է, որը դեռևս 80-ականներին ունեցել է հաշմանադամություն ունեցող մարդկանց հետ աշխատելու փորձ, և անկախ երկրի տնտեսական վիճակից արել ու անում է ամեն ինչ ոլորտում նոր ձեռքբերումներ գրանցելու համար: «Նախկին խորհրդային միության երկրները թեպետ չունեն արևմուտքի ֆինանսական հնարավորությունները, տարբեր են իրենց մենթալիտետով, արժեքներով, սակայն նրանցից շատ բան կա փոխառնելու. պետք է հարգել հաշմանադամություն ունեցող երեխաների, նրանց ընտանիքների իրավունքներն ու փոխել վերաբերմունքը նրանց նկատմամբ», – նշեց Նիկոլայ Մոլոֆեևն:
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հատուկ մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետի ասիստենտ Ինեսսա Հարությունյանը Womennet-ի հետ զրույցում կարևորելով ներառական կրթության ներդրումը Հայաստանում, նշեց, որ թեպետ ներառական դպրոցները այսօր ունեն որոշակի խնդիրներ, սակայն Հայաստանում այս հարցում կա մեծ առաջընթաց. «Կարևորն այն է, որ հատուկ կրթական կարիքներ ունեցող բազմաթիվ երեխաներ այսօր հաճախում են դպրոցներ, եւ նրանց հետ զբաղվում են հատուկ մասնագետներ»:
Նրա խոսքով, մանկավարժական համալսարանն այսօր պատրաստում է նման մասնագետներ, որոնք կարող են հաջողությամբ աշխատել ներառական կրթություն իրականացնող հաստատություններում հաջողությամբ աշխատել:
<Դրա հետ մեկտեղ ներառական կրթության կարիք ունեցող երեխաները, ցավոք սրտի, այսօր բախվում են խտրական վերաբերմունքի: Դեռևս մեր հասարակությունը պատրաստ չէ տեսնել նրանց որպես հանրության լիարժեք անդամ: Խնդիրը ավելի շատ մեծահասակների մոտ է: Երեխաները չեն նկատում, որ իրենց դասարանում սովորող մեկ այլ երեխա խնդիրներ ունի, բայց հասարակությունը դա դեռ չի ընկալում»,- ասում է Ի. Հարությունյանը` հույս հայտնելով, որ հասարակության վերաբերմունքը ժամանակի ընթացքում կփոխեն հենց այն երեխաները, ովքեր այսօր սովորում են ներառական կրթություն իրականացնող դպրոցներում;
Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց որակյալ կրթության, նրանց սոցիալիզացիայի հիմնահարցերը, ոլորտի մարտահրավերները, ինչպես նաև նախանշվեցին անելիքները՝ հայրենական և միջազգային առաջավոր փորձի հիման վրա:
Մ. Մարգարյան
Դիտումների քանակը` 4905