Ներառական կրթությունը՝ միայն շենքային հարմարությունները չեն…
Համաձայն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի 2012 թվականին իրականացված հետազոտության տվյալների՝ Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների 70%-ը հաճախում է ընդհանուր հանրակրթական դպրոց: Այս մասին WomenNet.am-ի հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթության բաժնի ավագ օգնական, հաշմանդամության ծրագրի փորձագետ Մայա Սիմոնյանը:
Նա նշեց, որ առ այսօր, համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետությունում 139-ը դպրոց ներառական են և համաձայն ՀՀ ԿԳՆ սույն թվականի ապրիլի 7-ի թիվ 232 հրամանի՝ ներառական դպրոցների ցանկը համալրվել է ևս 30 դպրոցներով: Ավելացնենք, որ Կրթության և գիտության նախարարությունը նպատակ է դրել, որ մինչև 2022 թ. ՀՀ-ում գործող բոլոր հանրակրթական դպրոցները պետք է իրենց դռները բացեն հաշմանդամություն ունեցող երեխաների առջև:
Ռազմավարակն նպատակներն անշուշտ ողջունելի են, սակայն արդյո՞ք կարելի է բավարար գնահատել արդեն իսկ իրականացվող ներառական կրթությունը Հայաստանում, ինչպիսի՞ն է դրա արդյունավետությունն այսօր: Ի պատասխան մեր այս հարցերին, Մայա Սիմոնյանը համաձայնեց հաճախ լսվող այն քննադատության հետ, որ ներառական կրթությունը միայն շենքային հարմարությունները չեն և թեքահարթակով չէ, որ կարելի է դպրոցը ներառական որակել: Նրա խոսքով՝ անշուշտ շենքային հարմարությունները կարևոր են հաշմանդամություն ունեցող երեխաների համար՝ միջավայրը մատչելի դարձնելու առումով: Սակայն ներառական կրթություն հասկացությունը շատ ավելի լայն է, քան միայն շենքային հարմարությունները.
«Թեքահարթակը անհրաժեշտ , սակայն բավարար պայման չէ: Ներառականությունը, առաջին հերթին, ենթադրում է բազմամասնագիտական թիմի առկայությունը, օրինակ՝ սոցիալական աշխատող, հատուկ մանկավարժ, հոգեբան, լոգոպեդ, եթե կա համապատասխան ծառայության անհրաժեշտություն, և այլն: Այդ մասնագետների վարձատրումը ապահովելու համար յուրաքանչյուր ներառական դպրոցին տրամադրվում է հավելյալ ֆինանսավորում: Դպրոցը անհրաժեշտության դեպքում պետք է ապահովի հատուկ կրթական պահանջներ ունեցող երեխայի ուսուցման համար անհրաժեշտ պարագաներ՝ բրայլյան տետր, դասագիրք և այլն»,- ասում է Մայա Սիմոնյանը:
Բացի այս, հորդորեց նա, չպետք է մոռանալ, որ հաշմանդամության տարբեր տեսակներ են հանդիպում՝ ֆիզիկական և մտավոր, և այդ առումով ներառական կրթության հասանելիությունն էլ է տարբերվում:
« Նշված հետազոտության համաձայն՝ հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր 5 երեխայից 1-ը (18%) չի հաճախում դպրոց: Գյուղերում այդ ցուցանիշը հասնում է 23%-ի՝ 4-ից 1-ը: Հենաշարժողական և մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաներն ավելի շատ են հակված դպրոցից դուրս մնալու՝ 26-27%», – ասաց նա:
Մայա Սիմոնյանը նաև ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ հաշմանդամություն ունեցող երեխաների հանրակրթական դպրոց հաճախելիության պատկերը ակնհայտ տարբերվում է ըստ երեխաների սեռի և ըստ մարզերի: Հաշմանդամություն ունեցող աղջիկներն ավելի շատ են հակված դուրս մնալ դպրոցից, քան տղաները. Սեռերի միջև տարբերություններն ավելի ակնհայտ են մարզային քաղաքներում:
Երեխաների դպրոց չհաճախելու հիմնական պատճառ է բերվել այն, որ երեխան չի կարող սովորել դպրոցում: Մարզերում, օրինակ, այդպես են կարծում դպրոց չհաճախող երեխաների ծնողների 51%-ը, Երևանում` 36%-ը:
Ինչ վերաբերում է հաշմանդամության տեսակին, ապա մտավոր և լսողական հաշմանդամության դեպքում երեխաների հաճախելիության ցուցանիշը նշանակալիորեն ավելի ցածր է` համապատասխանաբար 48% և 56%, մինչդեռ ֆիզիոլոգիական հաշմանդամության դեպքում ընդհանուր հանրակրթական դպրոցում նրանց ներգրավվածությունը կազմում է 90%:
Նշենք նաև, որ ըստ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից 2012 թ. իրականացված «Խոսքը ներառման մասին է» ուսումնասիրության` Հայաստանում կան 8000 պաշտոնապես գրանցված հաշմանդամություն ունեցող երեխաներ, որոնք կազմում են մանկական բնակչության 1%-ը: Հաշվի առնելով, որ մանկական հաշմանդամության միջազգային ակնկալելի ցուցանիշը մոտ 2,5% է, փորձագետները նշում են, որ հնարավոր է կան շուրջ 12.000 հաշմանդամություն ունեցող երեխաներ, որոնց հաշմանդամությունը վկայագրված չէ տարբեր պատճառներով:
Լիա Խոջոյան
«Խոսքը ներառման մասին է» ուսումանսիրությունն ամբողջությամբ այստեղ.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Հենրիետ Արենս. « Ավելի շատ լսել երեխաների ու երիտասարդների ձայնը»
Ինչպիսի՞ն է հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ վերաբերմունքը. ԱՄՆ vs Հայաստան
Orange-ը ֆինանսավորում է հատուկ հավելվածի ստեղծումը աուտիզմով երեխաների համար
«Մենք ենք» ներառական թատրոնը փակման վտանգի տակ է
«Հաշմանդամություն ունեցող աղջիկներն ու կանայք կրկնակի խոցելի են»
«Էությամբ լավատես եմ, ունեմ նաև հումորի մեծ զգացում, որն ինձ օգնում է չհուսալքվելու»
«Ես Դաունի համախտանիշ ունեմ, սակայն դա ամենաանհետաքրքիրն է իմ մեջ»…/ տեսահոլովակ
«Արևիկ-Հայաստան»-ը բացել է դռները Սիրիայից եկած հաշմանդամություն ունեցող երեխաների համար
«Սիրող ծնողն ամեն ինչի միջով էլ կանցնի, միայն թե երեխան իր կողքին լինի ու ժպտա»
«Հայ մայրեր»-ը փոխում են գլխուղեղային վնասվածքով մանուկների ճակատագրերը
«Անհաղթահարելի թվացող պատն աստիճանաբար քանդվում է»…
Երեխաների իրավունքների լիարժեք պաշտպանությունը մարզերում. ի՞նչ է անհրաժեշտ
«Չես պատկերացնի, թե ինչ ա նշանակում այդ դպրոցի պիտակը կրել»…
Ներառական կրթությունը մանկապարտեզից է սկսվում
«Մայրիկ, մարդիկ այնքան տարբեր են: Ես նրանց բոլորին ուզում եմ օգնել»
«Նրանք մեզ բոլորիս աշխարհին այլ կերպ նայելու հնարավորություն են տալիս»…
Մոր խոսքը` չընկճվել եւ պայքարել հանուն երեխաների եւ հավասարության …
Կարող ենք միասին/ սոցիալական տեսահոլովակ
Դիտումների քանակը` 5724