Ներկայացվել են «Կանանց և տղամարդկանց տնտեսական գործունեությունը Հայաստանում» հետազոտության արդյունքները

–         Կանայք չվճարվող աշխատանքի (տնային տնտեսության և ընտանիքի խնամքի) վրա ծախսում են 5 անգամ ավելի շատ ժամանակ, քան տղամարդիկ:

–         Տղամարդկանց 62%-ը և կանանց 56%-ը լիովին համաձայն են այն դատողությանը, որ երբ աշխատատեղերը քիչ են, տղամարդիկ պետք է ունենան աշխատանք ձեռք բերելու ավելի ընդարձակ իրավունքներ, քան կանայք:

–         Պատանիները, որոշ դեպքերում՝ նաև աղջիկները, գտնում են, որ կնոջ աշխատելու պարագայում անպայմանորեն պետք է տղամարդու աշխատավարձի չափն ավելի բարձր լինի, քան կնոջը, քանի որ հակառակ դեպքում կինը կարող է օգտագործել այդ հանգամանքը՝ ցուցաբերելով «անհնազանդություն» ընտանեկան հարաբերություններում:

 

Այս եւ ուշագրավ այլ դիտարկումներ են արվել   Օքսֆամ և «ՕքսԵՋեն» հիմնադրամի «ՀԱՎԱՍԱՐ» քարոզարշավի շրջանակներում իրականացված «Կանանց և տղամարդկանց տնտեսական գործունեությունը Հայաստանում»  հետազոտության  հեղինակների կողմից: Հետազոտությունն իրականացվել է Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնի կողմից: Հետազոտության  արդյունքների ներկայացումը  տեղի ունեցավ  հունիսի 27-ին  Երեւանի պետական համալսարանում:    

Հետազոտության նպատակն էր  վերլուծել սոցիալ-տնտեսական ոլորտում կանանց և տղամարդկանց գործունեության  հիմնախնդիրները, ինչպես նաև բացահայտել կանանց տնտեսական առաջընթացի և  նրանց քաղաքական  ակտիվության միջև եղած կապը:

Հետազոտության շրջանակում,  մասնավորապես ուսումնասիրվել են.

–         աշխատաշուկայում կանանց և տղամարդկանց ներգրավվածության առանձնահատկությունները

–         գենդերային տարբերությունները հանրապետության աշխատանքի շուկայի  պետական, մասնավոր և հասարակական հատվածներում

–         աշխատաշուկայում կանանց ցածր ներգրավվածության կառուցվածքային և մշակութային պատճառները

–         կանանց և տղամարդկանց տնտեսական և քաղաքական կապիտալի հարաբերակցությունը:

Հետազոտության հիմք են հանդիսացել 2010-2015 թթ.-երի ընթացքում աշխատանքի շուկայի վերաբերյալ ՀՀ վիճակագրության տվյալները և փորձագիտական հարցումները:

Առանձնահատուկ ուշադրության են արժանացել աշխատաշուկայում կանանց ներգրավման վրա ազդող սոցիալ- մշակութային գործոնները: Դիտարկվել է այն դրական փորձը, որը ցույց է տալիս կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնման և նրանց քաղաքական մասնակցության միջև առկա կապը:

 

 

Հետազոտության ամբողջական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ

 

 

 

Դիտումների քանակը` 7254

Գլխավոր էջ