Նարինե Մկրտչյան. «Կլինեմ մտավորականության թեկնածուն»…
Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանն որոշել է առաջադրել իր թեկնածությունը Հայաստանի նախագահի պաշտոնում:
Այսօր նա դեռեւս ուսումնասիրում է հասարակական տրամադրությունները, և մինչև հունվարի 4-ը կկայացնի որոշում՝ առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, թե ոչ. այս մասին նա հայտարարեց օրերս «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման տաղավարում:
Նա որևէ քաղաքական կուսակցության անդամ չի եղել, սակայն տարիներ առաջ եղել է Հայոց համազգային շարժման համակիրներից: «Ցանկանում եմ փոփոխություններ բերել»,- ասում է նա: Իր խոսքով, Հայաստանյան իրականության մեջ այսօր կյանքը դժոխք է բոլորի համար՝ բիրտ խաղի կանոնները գործում են ոչ միայն տղամարդկանց, այլև՝ կանանց համար, և կանայք վարժված են այդ պայմաններում ապրելու և պայքարելու:
Վստահ է, որ իր կին լինելը չի խոչընդոտի բիրտ պայքարի մեջ արդյունքներ գրանցելուն, և որպես օրինակ հիշատակում է «երկաթե լեդի» Մարգրետ Թետչերին: «Ես աշխատանքի բերումով շփվում եմ ավելի շատ երիտասարդության և մտավորականության հետ. կարծում եմ, ավելի շատ իմ ընտրողները կլինեն մտավորականները: Որպես կանոն, գիտե՞ք, մտավորականությունը չի ունենում իր թեկնածուն»,- նշում է Մկրտչյանը:
Գաղափարներով ազատական է, սակայն կարծում է, որ մարդկային որակներն առավել կարևոր են, քանի որ «երկիրը կարելի է կողոպտել թե սոցիալիզմի, թե ազատականության անվան տակ»:
Նարինե Մկրտչյանը նշեց, որ պատրաստվում է կիրառել քաղաքական բոլոր դասական տեխնոլոգիաները՝ ցույցեր, երթեր, բողոքի ակցիաներ, մարդկանց հետ անհատական հանդիպում-զրույցներ: «Երբ դու քայլ ես անում, մարդիկ գալիս են քո հետևից»,- նշում է նա՝ իրեն համեմատելով Վրաստանի գործող նախագահ Սաակաշվիլիի հետ:
Անհրաժեշտության դեպքում չի բացառում նաեւ հեղափոխությունը: Ասում է, «եթե իշխանությունը պատրաստվում է գործադրել վատագույն ավանդույթները ընտրություններում, ապա հասարակությունը պիտի խնդիրը լուծի հեղափոխությամբ»:
Ընտրվելու դեպքում նա առաջին հերթին զբաղվելու է համակարգային կոռուպցիան արմատախիլ անելով, հետո հանձնարարելու է մշակել նոր սահմանադրություն, քանի որ գործող տարբերակը չի ստացել հասարակության համակրանքը:
Ըստ Civilnet.am –ի հրապարակման
Հ.Գ. Դեկտեմբերի 11-ին «Առավոտ» օրաթերթի կայքէջում հայտնվեց նրա տեսահոլովակը ՝ ուսանողների համար իր դասախոսության ձայնագրմամբ: Ինչպես նկատեց նյութի հեղինակը «դասն ավելի շատ նախընտրական քարոզարշավի էր նման»: «Եկել է փոփոխությունների ժամանակը բոլորիս համար»,- ուսանողներին դիմեց Ն. Մկրտչյանը:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2012/12/11/139611/
Դիտումների քանակը` 3606