Նարինե Մկրտչյանը ընտրագրավի գումարը չի կարողանում գտնել

Մամուլի ազգային ակումբի նախագահ, դասախոս Նարինե Մկրտչյանն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Մինչ այդ` երեկ Նարինե Մկրտչյանը հանդես էր եկել տեսաուղերձով, որտեղ հայտարարել էր, որ իր փաստաթղթերը ԿԸՀ կներկայացնի առանց ընտրագրավի վճարի անդորրագրի: Կին գործիչը չի կարողանում գտնել Ընտրական օրենսգրքով սահմանված ընտրագրավը` աշխատավարձի 800-ապատիկը կամ 8 մլն դրամը:

 

 

ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը WomenNet.am-ին հայտնեց, որ Նարինե Մկրտչյանը փաստաթղթերի հետ, իսկապես, անդորրագիր չի ներկայացրել:

 

 

«Ընտրապայքարի այս կարճ ժամանակահատվածում ընտրագրավին ես չեմ անդրադարձել հուսալով, որ աջակցություն կգտնեմ: Սակայն այս պահին այդ խնդիրը մնում է չլուծված»,-տեսաուղերձում նշում է տիկին Մկրտչյանը:

 

 

«Սիրելի հայրենակիցներ,

երբ ես հայտարարեցի 2013 թ. փետրվարի 13-ի ՀՀ նախագահի ընտրություններում առաջադրվելու իմ մտադրության մասին, այն ես հիմնավորեցի Հայաստանի ներկայի և ապագայի հանդեպ խոր մտահոգությամբ: Ես առաջարկել և առաջարկում եմ փոփոխությունների ճանապարհը՝ լայնատարած, խորքային, արմատական փոփոխությունների, որի առաջին և անհրաժեշտ քայլը իշխանափոխությունն է՝ քաղաքական ներկա վերնախավից մինչև գործող քաղաքական համակարգի ապամոտնաժում: Անարդարությունն ու անօրինականությունը, կաշառակերությունն ու կոռուպցիան, ցինիզմն ու քամահրանքը հասարակության անդամների նկատմամբ, գործազրկությունն ու ունեզրկությունը, տնտեսական մրցակցության բացակայությունը և մենաշնորհների գոյությունը, ապօրինություններն ու անպատժելիությունը՝ առաջացնելով արտագաղթի աննախադեպ ալիք, դարձել են այս համակարգի անբաժան ուղեկցիները, և դրանք վերացնելու ճանապարհը գիտակցված մարտահրավերն է այդևայլ երևույթների և դրանք մարմնավորղ իշխանությունների հանդեպ: Այդ մարտահրավերը ես նետել եմ և այն կարող է իրականություն դառնալ հասարակության աջակցությամբ և գործուն մասնակցությամբ:

 

Սիրելի հայրենակիցներ,

 

ես կներկայացնեմ իմ փաստաթղթերը ԿԸՀ՝ առանց ընտրագրավի վճարի անդորրագրի: Ես շարունակում եմ մնալ ընտրապայքարի մեջ այնքան, քանի դեռ դա թույլ է տալլիս գործող Ընտրական օրենսգիրքը, որն ամրագրել է թույլ, վախեցած, անարի իշխանությունների պահանջը՝ 8 միլիոն դրամ ընտրարգավի չափը, որը սահմանված է նրա համար, որ որևէ մտավորակական, իր աշխատավարձին ապավինած մարդ մոտ չգնա նախագահի ընտրություններին՝ չունենալով այդքան գումար: Այս ընթացքում ես ֆինանսական աջակցության համար դիմել եմ հայաստանցի բազմաթիվ գործարարների: Սակայն նրանք կաշկանդված են, վախեցած. Սերժ Սարգսյանի ստվերը հետապնդում է նրանց:

 

Ընտրապայքարի այս կարճ ժամանակահատվածում ընտրագրավին ես չեմ անդրադարձել հուսալով, որ աջակցություն կգտնեմ: Սակայն այս պահին այդ խնդիրը մնում է չլուծված: Ես չեմ դիմել հասարակությանը դրամահավաքի համար՝ հաշվի առնելով սոցիալական բարդ վիճակը: Ես հրաշքների չեմ հավատում, վստահ, որ հրաշքը մենք պիտի ստեղծենք: Ես մնում եմ ընտրապայքարի մեջ այնքան, որքան այդ հնարավորություն կտան օրենքը, առաջադրման հնարավորության այս մի քանի օրերը և հասարակությունը՝ գործուն աջակցությամբ:

 

ՀՀ նախագահի ընտրության քաղաքական բոյկոտին դեմ լինելով՝ հանուն քաղաքական համաձայնության կողմ եմ նաև միանալ այդ բոյկոտին: Անկախ ընտրապայքարին իմ մասնակցության հեռանկարից՝ ուզում եմ վստահեցնել ձեզ, սիրելի հայրենակիցներ, ես փորձել եմ ձեր մեջ հույս և պատասխանատվություն արթնացնել Հայաստանի ապագայի հանդեպ և այդ հնարավորությունը տեսել եմ, չհավատալով ազատ ընտրություններին՝ փորձել եմ ձեզ ընտրության հնարավորություն ընձեռել և Հայաստանի անկախությունից ի վեր իմ հոդվածներով ես զրուցել եմ ձեզ հետ և այդ զրույցը չի ավարտվել: Ես ձեզ հետ եղել եմ ազնիվ, անկեղծ և շիտակ: Իմ կյանքում ես գործել եմ՝ ականջ դնելով իմ սրտին և առաջնորդվելով բանականությամբ:

 

Նույնն էլ ձեզ եմ ցանկանում՝ ականջ դրեք ձեր սրտին և գործեք բանականությամբ»,-տեսաուղերձում նշում է Ն. Մկրտչյանը:

 

Ավելի վաղ WomenNet.am-ի հետ զրույցում Ն. Մկրտչյանը հայտնել էր, որ բանակցություններ է վարում տարբեր գործիչների հետ, որոնց արդյունքում կլինեն մարդիկ, ովքեր  իրեն կաջակցեն:

 

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները նշանակված են 2013-ի փետրվարի 18-ին: Առաջադրումները կշարունակվեն մինչև հունվարի 4-ը:

 

Այս պահին ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել 9 թեկնածուներ, որոնցից միայն մեկն է կին: Նրանք են Սերժ Սարգսյանը, Արման Մելիքյանը, Պարույր Հայրիկյանը, Վարդան Սեդրակյանը, Արամ Հարությունյանը, Անդրիաս Ղուկասյանը, Նարինե Մկրտչյանը, Պավլիկ Սարգսյանը, Մհեր Հայրապետյանը:

 

Հունվարի 4-14-ը կկատարվի թեկնածուների գրանցումը, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ից և կշարունակվի մինչև փետրվարի 16-ը:

Պատրաստեց Հ. Կարապետյանը

 

 

Կարդացեք նաեւ թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

 

 

Նարինե Մկրտչյան. «Ես պիտի փորձեմ հասարակության հուսահատությունը հաղթահարել»…

 

 

 

Դիտումների քանակը` 4092

Գլխավոր էջ