Նարե Ղազարյան. «Մի փոքր ջանք, ժամանակ և Շիկահողում շատ բան կփոխվի»
Սյունիքի մարզի Շիկահող համայնքն առաջին անգամ կին ղեկավար ունի: 26 ամյա Նարե Ղազարյանն է: Երիտասարդ համայնքապետը մայրաքաղաքում է կրթություն ստացել, հետո աշխատել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Վեց ամիս աշխատելուց հետո, որոշել է վերադառնալ Շիկահող և աշխատել հարազատ համայնքում:
«Ես երբեք չեմ փոշմանի իմ կայացրած որոշման համար, վերդարձել եմ, քանի որ մտածում էի, որ իմ գյուղին ավելի շատ եմ պետք, էստեղ շատ խնդիրներ ու հոգսեր կան, որոնք լուծման կարիք ունեն և ես տեսնում էի ինձ այդ խնդիրների լուծման գործընթացում: Դեռ անցյալ տարի էի մտածում, որ մասնակցեմ ընտրություններին, օրերն ինչքան մոտենում էին, այնքան ավելի շատ էր ամրապնդվում մասնակցելու ցանկությունս: Ընտրապայքար նաև այլ թեկնածուներ մտան, հետո ինքնաբացարկ հայտնեցին, ես ընտրվեցի »,-պատմում է համայնքի ղեկավարը:
Նարե Ղազարյանն ավելացնում է, որ համագյուղացիները բավակին լավ են ընդունել համայնքապետ դառնալու իր որոշումը: 220 բնակիչ ունեցող Շիկահողը բազմաթիվ խնդիրներ ունի: Համայնքի ղեկավարը դրանցից երկուսն է առաջնային համարում. միջհամայնքային ճանապարհները և լուսավորության հարցը:
«Ես շատ ծրագրեր ու նպատակներ ունեմ: Կնոջ համար, իհարկե, դժվար է. պետք է հույսը չկորցնել, առաջ նայել, եթե թուլանաս, դա արդեն կվկայի որ ոչինչ չես կարող անել: Մարդիկ միշտ ակնկալիքներ ունեն. պետք է ստեղծես, պետք է խնդիրները լուծես, իսկ թե ինչպես, ոչ ոքի համար դա կարևոր չէ, ուստի պետք է կարողանաս այդ ակնկալիքներն ու հույսերը արդարացնել: Իսկ կին լինելը ինձ ուժ է տալիս, դու կին ես ու պետք է ապացուցես, որ դու կարող ես», -ասում է Նարեն
Ընտրություններից շատ կարճ ժամանակ է անցել, բայց համայնքի ղեկավարը արդեն կոնկրետ քայլեր է ձեռնարկում, մի քանի միջազգային կառուցների հետ համագործակցության նոր ուղիներ է ստեղծել, դրամաշնորհային ծրագրերի միջոցով է փորձում համայնքային խնդիրներին լուծում տալ: Ասում է` գյուղում շատ են գործազուրկ կանայք, պետք է խրախուսել նրանց մասնակցությունը գյուղատնտեսության զարգացման գործում:
Մեր համայնքի բնակիչներն աշխատասեր են, կաջակցեն ցանկացած հարցում, զգում եմ, որ եթե կարիք լինի, ամեն աշխատանքում կարող են ներգարվվել, նպաստել, որպեսզի համատեղ լուծվեն Շիկահողի խնդիրները, մի փոքր ջանք, ժամանակ և ներդումներ, Շիկահողում շատ բան կփոխվի:
Իրինա Յոլյան
Դիտումների քանակը` 4073