Նատալյա Լափաուրի. «Հաջողությունը երջանիկ զգալու մեջ է»

«Պետք է այնպես անենք, որ  չորս տարի անց  էլ ընտրողների հետ լինենք պարզճակատ,  ամոթի զգացում չունենանք: Սա ամենակարևոր խնդիրն է», – ասում է մայրաքաղաքի նորընտիր ավագանու անդամ Նատալյա Լափաուրին:  

 

Նատալյայի հետ մենք ծանոթացանք 2008-ին, երբ նա նոր էր ընտրվել մայրաքաղաքի Նոր Նորքի ավագանու անդամ, բայց այն ժամանակ էլ նա ՏԻՄ-ում նորեկ չէր՝ կարելի է ասել կանգնած է եղել համակարգի ստեղծման ակունքներում  և երկար տարիներ Հայաստանի համայնքների ասոցիացիայի անդամ լինելով ոլորտի հիմնախնդիրները լավ գիտեր: Այսօր էլ  Նատալյա Լափաուրին Հայաստանի համայնքների միության գործադիր տնօրենն է, բացի այդ Եվրախորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում հայկական պատվիրակության քարտուղարն է: Մայիսի 5-ին անցկացված ընտրություններում  նա արդեն երկրորդ անգամ է ընտրվում Երևանի ավագանու անդամ: Թեպետ ընտրվել է ՀՀԿ ցուցակով, սակայն շարունակում է անկուսակցական մնալ.

 

–         Միշտ մտածել եմ, որ մենակս էլ  իմ ձայնով, թեկուզ քիչ, բայց ինչ որ բան կարող եմ փոխեմ, բայց հետո հասկացա, որ երբ որոշակի թիմով ես սկսում աշխատել  դա արդեն մեծ ուժ է, որն ի զորու է շատ բան փոխելու:

 

Նատալիան ծնվել և մեծացել է Վրաստանում, վրացու և հայուհու ընտանիքում, սակայն բարձրագույն  կրթությունը ստացել է Հայաստանում` ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության և իրավունքի բաժինը, ամուսնացած է, ունի հինգ  տարեկան որդի: Նա միշտ փորձել է նմանվել իր ծնողներին` լինել բարի, վճռական և օգնել մյուսներին, իսկ այսօր ինքն է փորձում իր տղայի համար օրինակ ծառայել:

 

–         Հաճախ,հատկապես ձմռանը, մեքենայով աշխատանքի գնալիս՝ կանգառի մոտ կանգնում եմ և ասում. «Շրջանային եմ գնում, ո՞վ է գալիս, 3 հոգու կարող եմ տանել»: Ինձ հետ վերցնում եմ  հատկապես երիտասարդ աղջիկներին, մտածում եմ շուտով մայրանալու են կմրսեն, -ասում է նա և ավելացնում, որ այդ օրը իրեն շատ լավ է զգում, որ գոնե ինչ որ մի բանով մարդկանց օգնել է:

 

Ասում է, որ այդ  դրվածքը մնացել է ուսանողական տարիներից, երբ ընկերների հետ միասին  որոշել  էին ամեն մի օր գոնե մեկին ինչ որ հարցում օգնել կամ ինչ որ մի լավ բան անել:

 

–         Այդ ցանկությունն է, որ ինձ մինչ օրս առաջ է մղում և համոզված եմ, որ եթե այդ նույն ցանկությամբ մի ամբողջ թիմ է աշխատում, ապա արդյունքներն ակնհայտ կլինեն:

 

Կազմակերպչական ունակությունները նրա մոտ մանկուց են ի հայտ եկել: Պատմում է, որ ուսանողական տարիներին Նոր Նորքի ուսանողական ավանում, որտեղ ապրում էր, ստեղծել էր ուսանողական խորհուրդ և մյուս ակտիվիստների հետ փորձում էր ոչ միայն հետաքրքիր դարձնել ուսանողների առօրյան, այլև լուծել նրանց խնդիրները: Իսկ դրանք 90-ականների ցուրտ ու մութ տարիներին շատ էին, և  ամենակարևորները լույսի և մարզային տրանսպորտի հարցերն էին, որը նրանց  հաջողվել էր լուծել.

 

–         Աշխատանքի բերումով ես շատ եմ լինում մարզերում, հաճախ է պատահում, երբ հանդիպումներին հանկարծ ծանոփ ձայն եմ լսում. «վա˜յ Նատոն, մեր Նատոն, հիշու՞մ ես, ոնց էինք պայքարում»: Պարզվում է այդ տարիներին մեր հանրակացարանում ապրող ուսանողներից են… Շատ եմ հպարտանում այդ հիշողություններով, քանի որ ուսանողական ընկերությունը մի տեսակ ուրիշ է,- ժպտում է նա:

 

Անդրադառնալով նորընտիր ավագանիում իր հետագա պլաններին , ասում է, որ նոր եռանդով է սկսելու  աշխատանքը:

 

–         Գլոբալ առումով, մենք պետք է հասկանանք թե ինչ ենք ուզում թողնել մեր երեխաներին, ես ուզում եմ լավ Երևան թողնել: Եթե  խոսենք համակարգի մասին, ապա չնայած, իմ կարծիքով, դեռևս բավականին լուրջ խնդիրներ կան, բայց համեմատական կարգով կարծում եմ, որ լուրջ փոփոխություններ են արվել և դրանք նորմալ հունով ենք  գնում: Շատ կարևոր է, որ այդ գրծընթացը չկանգնի, և ես էլ ինչ որ մի ձևով կփորձեմ աջակից լինել դրան: Կան համակարգային մի քանի կարևորագույն խնդիրներ,  որոնք որ պետք է լուծում ստանան, մոտակա 4 տարիների ընթացքում և պետք է կարողանալ դրանց լուծման գոնե սկիզբը դնել:

 

Նատալիայի համար համայնքը դա նույն ընտանիքն է,  որտեղ յուրաքաչյուրի դերը պետք է հստակ լինի, յուրաքանչյուրը պետք է իմանա իր իրավունքները և համատիրության պարտականությունները, ամեն ոք պետք է լինի նախաձեռնող, իսկ   դրա համար պարտադիր պետք է լինի հասարակություն-քաղաքացի-քաղաքային իշխանություն կապը, և նա համոզված է, որ հենց այս ուղղությամբ է պետք  աշխատել.

 

–         Պետք է լինի ինչպես ընտանիքում` փոխադարձ հարգանք մեկը մյուսի նկատմամբ: Երբ  փորձում ես, այլ կերպ նայել և որպես իշխանություն մոտենալ, ապա որևէ անգամ հաջողություն չես ունենա, իսկ հաջողությունները լինում են այն համայնքի ղեկավարների և տեղական իշխանությունների մոտ, ովքեր շատ սրտացավ մոտեցում ունեն յուրաքանչյուր ընտանիքին, յուրաքանչյուրի խնդիրին:

 

Աշխատանքից դուրս հասարակական և քաղաքական գործիչ Նատալիան սիրող կին է և հոգատար մայր, իսկ տարածված այն կարծրատիպը, թե քաղաքականությամբ զբաղվող կանանց համար ընտանիքը երկրորդական տեղ է զբաղեցնում, նա հերքում է իր օրինակով.

 

–         Ընտանիքը և աշխատանքը դրանք իմ արժեքներն են, այն ինչով ես ապրում եմ, երկուսն էլ ինձ համար նույն հարթակի վրա են, ես երբեք չեմ համեմատում այդ երկու հասկացությունները, այլ դրանք ես միշտ իմ մեջ եմ կրում և փորձում ես այնպես անել, որ ժամանակի առումով որևէ մեկը չտուժի: Աշխատանքի ժամին աշխատում եմ, իսկ երեկոները անցկացնում եմ ընտանիքիս հետ և շատ ավելի երջանիկ եմ ապրում այդ պահերը:

 

Նատալիան հաջողության իր գաղտնիքն ունի.

 

–         Հաջողությունը այն չի, որ դարձա ավագանու անդամ, կամ Եվրոպայի խորհուրդում ելույթ ունեցա, հաջողությունը ամենօրյա աշխատանքի մեջ է՝ եթե այդ օրը ինչ որ բան տվեցիր մարդկանց, դրանով իսկ դու էլ ստանում ես: Հենց այդ փոքր հաջողություններն են, որ դրական էմոցիաների տեսքով  ներծծվում են քո մեջ, մղում էլ ավելին անելու և դարձնում քեզ  երջանիկ:  Ի վերջո,  հաջողությունը երջանիկ զգալու մեջ է:

Կարինե Պետրոսյան

Դիտումների քանակը` 5487

Գլխավոր էջ