Նանսենյան անձնագրով փրկված ընտանիքը
Նազար և Աննա Ջանիկյանների համար Նանսենյան անձնագիրը մի լուսատու լապտեր էր, որով հարյուր հազարավորների թվում փրկվեց նաեւ նրանց ընտանիքը…
WomenNet-ի հետ զրույցում Նազար և Աննա Ջանիկյանների կրտսեր որդին`արձակագիր, հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը պատմեց մորական պապի` Գրիգոր Միսակյանի մեծ գերդաստանի պատմությունը: Գրիգոր աղան գեղեցկուհի կնոջ և երեք դստրերի հետ Ռոդոսթոյից աքսորվում է Ռագա /Դեյր Զոր/, սակայն որոշ ժամանակ անց դարձյալ վերադառնում է Ռոդոսթո: Գրիգորի մորը` Աննային, որն այդ ժամանակ 5 տարեկան աղջնակ էր, մի արաբ ցանկանում է որդեգրել, հույսով, որ աղջիկը տարիների ընթացքում կմոռանա ազգությունն ու հավատը, սակայն Գրիգոր աղան ոսկով փրկագնում է դստերը: Վերականգնելով ավերված տունը, Գրիգոր աղան ընտանիքի հետ ապրում է Ռոդոսթոյում մինչև չարաբաստիկ 1922 թվականը, երբ Թուրքական Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքը պարտադրում է Հայոց Ցեղասպանությունից փրկված և թուրքահպատակ տարածքներում ապրող հայերին փոխել ազգությունը կամ հեռանալ երկրից: Հայերն ընտրում են երկրորդը:
-Այս պատմությունն իր գրքում ներկայացրել է նաև Շառլ Ազնավուրի քույրը` Աիդան, թե իրենց ընտանիքն ինչպես հեռացավ Ստամբուլից և Նանսենյան անձնագրի շնորհիվ հաստատվեց Ֆրանսիայում : <Եթե Նանսենյան անձնագիրը չլիներ, ապա Շառլը Շառլ չէր լինի, – գրել է Աիդան: Եվ այսպես, այլևս ինքնության վկայական չունեցող հայերը դարձան տարագիր, սփռվեցին աշխարհով մեկ` Հունաստան, Բուլղարիա, Ֆրանսիա և այլուր: Հենց այդ ժամանակ էր, որ Նանսենը իրականացրեց երբևէ չլսված մարդասիրական քայլ, ստեղծելով հարյուր հազարավոր տարագիր հայերի փրկության հնարավորություն` Նասենյան անձնագրերը: Դրանով նա պատասխանատվություն ստանձնեց մի ողջ ժողովրդի հսկայական զանգվածի համար քանի որ, եթե որևէ երկրում հայը հանցանք կատարեր կամ թե ունենար հսկայական պարտք, պատասպանատուն համարվելու էր Նանսենը, – պատմում է Գրիգոր Ջանիկյանը:
Ջանիկյանների ընտանիքը 1923-1924 թվականներին տասնյակ հայ ընտանիքների հետ հաստատվեց Բուլղարիայի Խասկովո քաղաքում, որտեղ էլ ստացավ Նանսենյան անձնագրեր: Տարագիր հայերը Թուրքիայից տարհանվում էին, նավերով տեղափոխվում տարբեր ուղղություններով: Բայց ամենացավալին ու ողբերգականը այն էր, որ Թուրքիայի կողմից իրենց տրված ինչ-որ փաստաթղթում նշված էր` առանց հետդարձի իրավունքի: Փաստորեն, նրանք ընդմիշտ վտարված էին իրենց բնօրրանից:
– Հայրս ու մայրս պատմում էին, որ Նանսենյան անձնագիր չունեցողը մարդ չէր համարվում, քանի որ հաշվառված չէր, անգամ եթե փողոցում կողոպտեին կամ սպանեին, ապա նրա անձը հաստատող որևէ փաստաթուղթ չկար,- պատմում է Գրիգոր Ջանիկյանը, -1946 թվականին մեր ընտանիքը հազարավոր հայ ընտանիքների հետ ներգաղթեց Խորհրդային Հայաստան: Մայրս պատմում էր, որ «Ռոսիա» նավի վրա ներգաղթյալ հայերից վերցրին Նանսենյան անձնագրերը, իսկ փոխարենը ստացան Խորհրդային Հայաստանի անձնագրեր:
Գրիգոր Ջանիկյանի խոսքով այսօր Նանսենյան անձնագրով հայեր աշխարհում չկան, քանի որ նրանք ստացել են տվյալ երկրի քաղաքացիություն և անձնագիր: Արձակագիրը սա համարում է ազգային ճակատագրական սխալ, քանզի, երբ սփյուռքահայերը ստացան Նանսենյան անձնագրեր, նրանք համարվում էին հայրենազուրկ, պահանջատեր էին, իսկ երբ ընդունեցին այս կամ այն երկրի քաղաքացիություն, թուրքերը հայտարարեցին թե`էլ ինչու՞ են անհայրենիք, նրանք բոլոր են այս կամ այն երկրի քաղաքացիներ են: Ինչևէ, Նանսենյան անձնագիրը օգնեց հայերին ինքնահաստատվել, պահպանել իր գոյությունը աշխարհի բոլոր ծայրերում: Սրանում է Նանսենի վիթխարի դերն ու նշանակությունը, որը հավերժ մնաց մարդկության և հայ ժողովրդի պատմության մեջ:
Ով անցյալ ունի, չի կարող հիշողություն չունենալ: Այդ հիշողությունը Գրիգոր Ջանիկյանին օրեր առաջ տարավ պապերի բնօրրան` Ռոդոսթո / ներկայիս Թեքիրդաղ/ քաղաքի Սբ Թագավոր թաղում պահպանված Գրիգոր աղայի կիսավեր մենատունը: «Այն, ինչ ապրեցի սեպտեմբերյան այս մեկ շաբաթվա ընթացքում, թշնամիս թող չապրի, ոչ էլ նույնիսկ թուրքը»,-իր պատմությունն այսպես ավարտեց Գրիգոր Ջանիկյանը:
Անուշ Ներսիսյան
Լուսանակրում՝
Գրիգոր Ջանիկյանը Ռոդոսթո / ներկայիս Թեքիրդաղ/ քաղաքի Սբ Թագավոր թաղում պահպանված Գրիգոր աղայի կիսավեր մենատան մոտ
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ֆրիտյոֆ Նանսեն՝ աշխարհի խիղճը/ ֆիլմ
Հայոց Ցեղասպանության թանգարանում Նանսենյան անձնագրի բնօրինակ չկա
Փախստական ուսուցչուհին՝ Նանսենի մրցանակակիր – հաղորդում է ՄԱԿ ՓԳՀ-ն
Սիրիահայ փախստականները Նանսենի թանգարանում
Դիտումների քանակը` 3481