Նախադպրոցական տարիքի երեխաների 80 տոկոսը մանկապարտեզ չի հաճախում

 

Մինչեւ 6 տարեկան յուրաքանչյուր 10 երեխայից միայն երկուսն են հաճախում մանկապարտեզ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության տվյալներով, այսօր Հայաստանում գործում են 642 պետական ​​մանկապարտեզներ, որոնցում ներգրավված են 55,711 երեխաներ: Կան նաեւ 64 մասնավոր մանկապարտեզներ, ընդ որում, դրանց հիմնական մասը գտնվում է մայրաքաղաքում: Համեմատության կարգով նշենք, որ 1989 – ին Հայաստանում գործում էին շուրջ 1335 նախադպրոցական հաստատություններ, ինչպես նաեւ գերատեսչական ենթակայության 80 մսուր – մանկապարտեզներ, իսկ նախադպրոցական հաստատություններում ընդգրկվածությունը հասնում էր մինչեւ 60%: Այսօր հանրապետությունում նախադպրոցական տարիքի երեխաների միայն 21,6% – ն է մանկապարտեզ հաճախում, իսկ գյուղական համայնքներում, ընդամենը 10,5% – ը:

 

 

Գյուղական համայնքների մեծ մասում (մոտ 80%-ում) երեխաները զրկված են մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից: Համայնքների գրեթե կեսում մանկապարտեզի շենք ուղղակի գոյություն չունի, ևս 190 համայնքում մանկապարտեզի շենք կա, բայց չի գործում:

 

 

Վերջերս «Արմնյուզ»  հեռուստաընկերությունը  «ԳավառGate. կոռուպցիա և ամենաթողություն» լրագրողական հետաքննության շրջանակներում՝ ուշագրավ դիտարկումներ  էր արել  մարզերում  մանկապարտեզների  իրավիճակի վերաբերյալ:

 

 

«Ըստ քաղաքապետարանի` բարեկարգ ու լուսավոր, ըստ բնակիչների` քանդված ու մութ փողոցներով ամեն օր քայլում են համայնքի երեխաները: Անձրեւի ժամանակ հատկապես տուժում են աշակերտներն ու մանկապարտեզի սաները, որոնց կոշիկները ցեխից այնքան է ծանրանում, որ երբեմն մնում են փողոցում, մինչեւ մեծերը կօգնեն: Փոքրերի հետիոտնային մղձավանջը փոխարինվում է ավելի սարսափելի կեցավայրով: Հացառատի մանկապարտեզի վիճակն ավելի սարսափելի է, քան ճանապարհինը: Ամեն երեխային առավոտյան ճանապարհելուց մայրը զուգարանի մի կտոր թուղթ է դնում գրպանը: Մանկապարտեզում դռների փոխարեն կախված են խալաթներ, իսկ երեխաները խաղում են զովացուցիչ ըմպելիքների խցաններով: Պատուհանները ջարդված են, պատերը` կիսափուլ:  Սա թաղամասի միակ մանկապարտեզը չէ, ավելին` սա հինն է, երկրորդը` նորը` չի աշխատում: Թաղամասի մյուս ծայրում գտնվող նոր մանկապարտեզը չի շահագործվում գրեթե 10 տարի, բայց այնտեղ և ջուր կա և պայմաններն են ավելի բարվոք: Ինչո՞ւ չի շահագործվում ավելի նոր մանկապարտեզը»…

 

 

Լրագրողի այս հարցադրումն անպատասխան է մնում, քանզի    քաղաքապետարանը  պնդում է, որ մանկապարտեզը չի շահագործվում, որովհետեւ ֆինանսական միջոց չկա, իսկ  թաղամասի բնակիչները համոզված են, որ  համայնքային բյուջեն հնարավորություն ունի  մանակապարտեզը  բարեկարգելու և աշխատեցնելու :  Այդպես էլ ապրում են,  երկու, լրագրողի բնորոշմամբ,  երբեք չխաչվող  իրականություններում… Բացի դրանից համայնքում խոսակցություններ կան, որ  քաղաքապետը  մտադրվել է  մանկապարտեզը սեփականաշնորհել, և դա այն դեպքում, որ օրենքով  կրթական հաստատությունները սեփականաշնորհելու, կամ վաճառելու իրավունք համայնքները չունեն…

 

 

Ցավոք սրտի, նկարագրվածը եզակի դեպք չէ: Մանկապարտեզը `  համայնքային  իշխանությունների համար, որպես կանոն,  առաջնահերթությունների  թվին  պատկանող խնդիրներից չէ:  Աշխատող մայրերի  հոգսերը  և նրանց նախադպրոցական տարիքի երեխաների կարիքները շատ դեպքերում ուղղակի տեսանելի չեն համայնքների ղեկավարության համար: Թերևս բացառություն են կազմում   այն սակավաթիվ համայնքները, որոնք ղեկավարվում են   կանանց կողմից  կամ որոնց ավագանիների կազմում   կանայք շատ են:  Գոնե նրանց  պետք չէ բացատրել  ինչ նշանակություն ունի մանկապարտեզի առկայությունը   առանց այդ էլ գերծանրաբեռնված  կանանց  և նրանց  մանկահասակ երեխաների  համար:

 

 

Համարվում է , որ մայրաքաղաքում մանկապարտեզների հիմնախնդիրը այդչափ սուր չի արտահայտված, ինչպես մարզերում և գյուղական վայրերում:  Հատկապես, որ Հայաստանում  գործող մանկապարտեզների գրեթե 1/3-ը բաժին է ընկնում Երևանին, որոնցում հաճախող  երեխաները կազմում են նախադպրոցական հաստատություններ հաճախող երեխաների  ընդհանուր թվաքանակի գրեթե կեսը:  Այնուամենայնիվ  Երևանում էլ լուրջ խնդիրներ կան:  Պաշտոնական տվյալներով, մայրաքաղաքում, շուրջ 7 հազար երեխա սպասում է մանկապարտեզի իր հերթին:   Շատ մայրեր երեխայի ծնվելուց անմիջապես հետո ստիպված հերթագրվում են միանգամից մի քանի մանկապարտեզներում, սակայն դա էլ երաշխիք չէ, որ երեխայի 2-3 տարին լրանալուց հետո գոնե հերթը կհասնի:

 

 

Այս թեմային   անդրադարձ է կատարել «Ազատություն» ռադիոկայանը՝ նշելով, որ իրականում  մանկապարտեզի հերթն ավելի բազմամարդ է, քան  պաշտօնական տվյալներն են փաստում :   Երևանի քաղաքապետարանի հանրակրթության բաժնի պետ Գայանե Սողոմոնյանի հետ զրույցից  պարզվեց,  որ  նոր մանկապարտեզներ կառուցելու համար բյուջեում բավարար գումար չկա: Հին մանկապարտեզների շենքերն էլ 90-ականներին կա’մ սեփականաշնորհվել են, կա’մ երկարաժամկետ վարձակալության տրվել: Առայժմ ողջ գումարները նպատակաուղղվում են   միայն գործող մանկապարտեզների վերանորոգման և վերակահավորման համար:  «Ազատության» լրագրողի հարցին, թե գոյություն ունի արդյոք հերթերին վերաբերվող ծրագիր և ի վերջո երբ կանհետանան դրանք, Գայանե Սողոմոնյանը պատասխանեց.  «Իհարկե, երբեք չեն վերջանա հերթերը: Եվ ես չեմ էլ ուզի, որ վերջանան, որովհետև ինչքան ծնելիությունը մեծացավ, պիտի հերթերը լինեն»:

 

 

Իսկ այն   դիտարկմանը, թե երեխային մանկապարտեղ տեղավորելու դժվարությունները հազիվ թե ոգևորեն ծնողներին երկրորդ կամ երրորդ երեխան ունենալ, Սողոմոնյանն արձագանքեց, թե մանկապարտեզների խնդիրը օրակարգային է  քաղաքապետարանի համար և այս տարի 12 նոր խմբեր են բացվել մոտ 300 երեխաների համար:  Բայց 7000-անոց ցուցակում սա էական փոփոխություն չի մտցրել, նշում է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը:

 

 

Մինչդեռ, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի դիտարկմամբ` մանկապարտեզների հասանելիությունը ուղղակիորեն ազդում է կնոջ երեխա ունենալու-չունենալու, քանի երեխա ունենալու որոշման վրա: «Բարեկեցիկ կյանք ապահովելու համար կինը պետք է աշխատանք ունենա, իսկ եթե չկա հաստատություն, որտեղ հոգ կտանեն նրա երեխայի մասին, մինչև որ նա աշխատում է, ստացվում է մի իրավիճակ, երբ կինը պետք է ընտրի երեխայի կամ իր տնտեսական բարեկեցության և պրոֆեսիոնալ աճի միջև»:

 

Նշենք, որ մանկապարտեզ չհաճախելու հանգամանքը  ունի ուղղակի բացասական  հետևանքներ ոչ միայն   աշխատող մայրերի լրացուցիչ ծանրաբեռնվածությունը թեթևացնելու, նրանց համար ածխատանքնբ ու ընտանիքը  համատեղելու պայմաններ ստեղծելու առումով: Մանկապարտեզը խիստ կարևոր օղակ է  հանրակրթության շեմին 5-6 տարեկան երեխաների համար հավասար մեկնարկային հնարավորություններ ապահովելու  տեսանկյունից:  Թեպետ «Նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագրով»  նպատակ է դրվել  մինչև  2015 թվականը ավագ նախադպրոցական տարիքային խմբի (5-6 տարեկանների) ընդգրկվածությունը հասցնել մինչև 90%-ի, սակայն այդ նպատակին հասնելու նախադրյալները այսօրվա՝ 2014-ի դրությամբ դեռևս բացակայում են:

 

WomenNet.am

 

 

Դիտումների քանակը` 7209

Գլխավոր էջ