Նաիրա Զոհրաբյան. «Չաշխատող մայրերն իրենց կամքով չէ, որ չեն աշխատում..»
Անցյալ շաբաթ Ազգային ժողովում տեղի ունեցած 2016թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ խոսելով չաշխատող մայրերին մայրության նպաստ տրամադրելու կառավարության նախաձեռնության մասին հայտնեց, որ դրանով իսկ պետությունն ամբողջությամբ կարգավորում է ապագա մայրերի հարցը… Այսօր պարզվեց, որ Ազգային ժողովի ոչ բոլոր պատգամավորներն են համաձայն այդ գնահատականի հետ…
Չաշխատող մայրերն իրենց կամքով չէ, որ չեն աշխատում. աշխատանք չկա: Եկեք չմոռանանք, թե ինչպիսի երկրում ենք ապրում, որտեղ գործազրկության մակարդակն ուղղակիորեն անցել է թույլատրելի սահմանները, որտեղ պաշտոնական թվերով աղքատությունը 36 տոկոս է, ու այնպես չէ, որ աշխատանքի լայն ընտրություն կա և կանայք լոդր են ու չեն աշխատում: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ:
Ըստ Ն.Զոհրաբյանի` աշխատող մայրերը պաշտպանված են, բայց պետք է պաշտպանված լինեն նաև չաշխատող մայրերը: Եվ առաջին հերթին պետք է նրանց աշխատանքով ապահովել, դրանից հետո միայն տեսնել, թե նրանցից քանիսն են իրենց կամքով հրաժարվել այդ աշխատանքից:
«Իհարկե, այս նախագիծը որոշակի խնդիր լուծում է և շատ լավ է, որ չաշխատող մայրերը նույնպես ծննդյան միանվագ նպաստ կստանան: Բայց դա ամբողջապես խնդիրը չի կարգավորում, ոչ էլ ոլորտում առկա խնդիրներն են լուծվում: Մենք գտնում ենք, որ և’ աշխատող, և’ չաշխատող մայրերի համար պետք է գործի հավասար դաշտ, և չաշխատողներ մայրերը ևս պետք է ստանան ամսական 18 հազար դրամ նպաստ»,- նշեց Ն.Զոհրաբյանը` ավելացնելով, որ նախորդ կառավարությունը հանեց գործազրկության 18 հազար դրամ նպաստը այն պատճառաբանությամբ, թե չարաշահումներ են լինում և այդ գումարները գողանում են.
«Գողանալը մեզ համար անակնկալ չէր, բայց արդեն ժամանակն է, որ հաշվետվություն պահանջենք` նպաստը հանվեց, ի՞նչ փոխվեց: Մի հատ դա պետք է հասկանանք: Մեր գնահատմամբ՝ չպետք է տարբերակում լինի աշխատող և չաշխատող մայրերի միջև: Բոլորս լավ հիշում ենք, որ որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կանայք, օգտվելով նրանից, որ շատ բարձր աշխատավարձ էին ստանում կամ ծննդաբերության վերջին ամիսներին գործատուների հետ ինչ-ինչ գործարքների գնալով բարձր աշխատավարձ էին ստանում, ինչպիսի ահռելի նպաստ ստացան` տասնյակ միլիոնների հասնող: Այդ նախադեպերը եկեք չմոռանանք: Բայց կրկնում եմ, որ իրենց մեղքով չէ, որ կանայք չունեն աշխատանք ու զրկված են այդ չնչին 18 հազար գումարից»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց նաև , որ ԲՀԿ-ն ժամանակին մշակել էր օրենքի մի նախագիծ, որով նպաստ պետք է ստանային նաև չաշխատող մայրերը, սակայն նախագիծը մերժվեց: Տեղեկացրեց նաև, որ ԲՀԿ-ն պատրաստվում է այդ նախագիծը կրկին շրջանառության մեջ դնել:
Հիշեցնենք, համաձայն փոփոխված օրենքի` 2016թ-ից ծննդի միանվագ կստանան նաև չաշխատող մայրերը` 126.600 դրամի չափով: Բայց ամսական 18 հազար դրամ նրանք չեն ստանա: Հիշեցնենք, որ երեխայի խնամքի համար տրվող այդ նպաստը նշանակվում և վճարվում է միմիայն վարձու աշխատող հանդիսացող մայրերին, որոնք գտնվում են մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում` մինչև երեխայի երկու տարին լրանալը՝ ամսական 18 հազար դրամի չափով:
Լիա Խոջոյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Արտեմ Ասատրյան. « Պետությունն ամբողջությամբ կարգավորում է ապագա մայրերի հարցը»
Կրկին մայրական նպաստների մասին. պարզաբանում
Չաշխատող կանայք հունվարի 1-ից մայրության նպաստ կստանան. կարգը հաստատվեց / լրացված
Մայրության նպաստների մասին օրենքն ընդունվեց վերջնական ընթերցմամբ
Մայրության նպաստների մասին աղմկահարույց նախագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ
Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին
Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով
Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող և չաշխատող մայրերի խտրականության վերացումը
Դիտումների քանակը` 3563