Նազելի. «Հայրս ինձ ոգևորում է»
13-ամյա Նազելին առաջին անգամ իմացավ, որ հոկտեմբերի 11-ը համարվում է Աղջիկ երեխաների միջազգային օր, զարմացավ ու միաջաժամանակ ուրախացավ, որ ինքն ու իր հասակակիցները նման տոն ունեն:
Նազելին սովորում է Երևանի Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցի 8-րդ դասարանում: Նախընտրած առարկաններն են անգլերենն ու ֆիզիկան, լավ է սովորում, համոզված է, որ այն ինչ ուսանում են դպրոցում, պետք է գալիս ողջ կյանքում: Սակայն միայն դպրոցի գիտելիքներով չի սահմանափակվում՝ զբաղվում է սպորտով և երգով: Երկրորդ տարին է, ինչ դասերից հետո հաճախում է բասկետբոլի պարապմունքներին: Բայց գլխավոր նախասիրությունը երգն է: Դեռ փոքրուց սիրել է երգել, նրա առողջ ու զրնգուն ձայնը հաճախ է հնչել հավաքույթների ժամանակ կամ տանը՝ գործ անելիս: Դպրոցն ավարտելուց հետո Նազելին որոշել է լրջորեն զբաղվել երգարվեստով, կատարելագործվել արտասահմանում, անգամ ընտրել է երկիրը՝ ԱՄՆ-ը: Ասում է ուսանողական ծրագրեր կան, որոնց միջոցով էլ կիրականացնի իր երազանքը:
-Մանկական փառասիրություն չհամարեք,սակայն կուզեի, որ Նազելի Մուխայելյան անունը հնչեր բեմերից: Կարծում եմ, ցանկացած երազանքի իրագործման բանալին բարձունքներին ձգտելու մեջ է, այլապես ոչնչի չես հասնի,-համոզված է Նազելին:
Հայկական երգարվեստի սիրահար է Նազելին, սիրում է լսել Սոնա Ռուբենյանի երգերը, հատկապես «Լուսին» երգը, սակայն նրան էլ ավելի հագեհարազատ է հարավկորեական BTS ռոք խումբը, որին «հայտնաբերել» է համացանցի միջոցով: Նազելին խմբի միլիոնավոր երկրպագուներից մեկն է, և BTS –ի մասին ավելին իմանալու նպատակով որոշել է համացանցի միջոցով ուսումնասիրել կորեերեն լեզուն:
-Սիրում եմ անգլերեն և կորեերեն լեզուները, ուզում եմ այդ խմբի տղաների հետ շփվել ոչ թե անգլերենով, այլ իրենց մայրենի լեզվով: Այս տարի Էջմիածնում ծանոթացա կորեացի երկու աղջիկների՝ Հյունահի և Մինայի հետ, ում հետ համացանցի միջոցով շփվում եմ: Նրանցից բացի համացանցում կորեացի այլ ընկերներ էլ ունեմ, իրենց օգնությամբ էլ ուսումնասիրում եմ կորեերեն լեզուն, կան նաև լեզուների ուսուցման ծրագրեր, որոնցից նույնպես օգտվում եմ: Ինձ դուր է գալիս Կորեայի հարուստ մշակույթը, լեզվի հետ մեկտեղ ուսումնասիրում եմ նաև այդ երկրի պատմությունն ու մշակույթը, և անպայման որոշել եմ մեկնել Կորեա,-ասում է Նազելին:
Դստեր համարձակ ու հավակնոտ ծրագրերը փոքր ինչ մտահոգում են մորը՝ տիկին Հասմիկին, սակայն հայրը՝ Վահանը դեմ չէ: Նազելիի խոսքով հայրը լիովին ողջունում է դստեր որոշումը, անգամ խրախուսում. «Հայրս ինձ ոգևորում է, ասում է, երազանքներն ու ծրագրերը որքան էլ համարձակ ու անիրականալի թվան, պետք է առաջ շարժվել, հետ չկանգնել որոշումից»: Քույրը՝ Աննան իր համախոհն է, ու քանի որ նրան ծրագրերն էլ պակաս համարձակ չեն, ուստի նույնպես ոգևորում է քրոջը:
Նազելիին ֆինանսական դժվարությունները չեն մտահոգվում, որոշել է երկու տարի հետո, երբ քիչ էլ կմեծանա, աշխատել, գումար տնտեսել արտասահմանում ուսանելու և որոշ ժամանակ ապրելու համար:
Նազելիի նախասիրություններից մեկն էլ պարն է, տանը հաճախ է պարում BTS ռոք խմբի երաժշտության ներքո, տանից դուրս՝ ընկեր-ընկերուհիների հետ: Ի դեպ, Նազելին ընկերասեր է, ու գտնում է, որ լավ ընկերը նա է, ով ազնիվ է , նվիրված ու գաղտնապահ: Նա գերադասում է ունենալ քիչ, բայց հավատարիմ ընկերներ:
-Այսօր մեր սերունդը, կարծում եմ շատ ավելի ազատ ու համարձակ է մտածում ու գործում, սակայն որքան էլ ժամանակն իր հետքը թողնի մեր դաստիարակության վրա, այնուհանդերձ մենք ծնվել և մեծանում ենք հայկական ընտանիքում, որտեղ հարգանքն ու սերը ծնողների հանդեպ, հայկական ավանդույթները պահպանվում են,- ասում է Նազելին:
Անուշ Ներսիսյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Նինայի պատմությունը. «Ամուսնացրեցին, երբ 15 տարեկան էի» …
«Ուզում եմ հասարակական կարծիքը այդքան ճնշող չլինի…»
Նազելի. «Հայրս ինձ ոգևորում է»
Մեր աղջիկ երեխաները . թվերն են խոսում
#Բավականէ սոցիալական արշավը մեկնարկեց Մայր Հայաստան հուշարձանի մոտ
Դիտումների քանակը` 1690