Յուրաքանչյուրիս ապագան՝ այսօրվա տարեցներն են. երկու պատմություն
Ընդունված է ասել ՝ «Երեխաները մեր ապագան են», բայց իրականում մեր ապագան այսօրվա տարեցներն են, ահա թե ինչ կկատարվի մեզ հետ, երբ կբոլորենք հերթական 60 անց ամյակը… Եվ թոշակն այս պարագայում , թեեւ հիմնական, բայց տարեցների միակ խնդիրը չէ…
Այսօր ողջ աշխարհում կյանքի տեւողության աճի հետ մեկտեղ, փոխվում են տարեց մարդկանց մասին կարծրացած պատկերացումները եւ նրանց նկատմամբ վերաբերմունքը: Խոսքն արդեն ոչ միայն խնամքի պահանջ ունեցող տարեցներին արժանապատիվ ծերություն ապահովելու, այլ տարեցների ներուժն ի նպաստ երկրի եւ հասարակության ներգրավելու մասին է:
«40 տարեկանում կյանքը նոր է սկսվում»- այս հանրահայտ արտահայտությունը «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմից է եւ 80-ականների համար այն գրեթե հեղափոխական բնույթ էր կրում: Ենթադրվում էր, որ այդ տարիքի կանայք արդեն պետք է մտածեին թոշակի և թոռնիկների մասին և ոչ մի դեպքում անձնական կյանքը դասավորելու մասին: Իրականում, ոչ խորհրդային, ոչ էլ հետխորհրդային տարիներին հասարակությունն առանձնապես չէր էլ ուզում խոսել այն մասին, թե ինչպիսին է կյանքը 50-ից , 60-ից կամ 70-ից հետո:
Հետաքրքիր աշխատանք, նոր ծանոթություններ, նույնիսկ նոր սեր… Եվ այս ամենը 70-ն անց տարիքում: Կասեք, դեռեւս միայն ֆիլմերում ու կսխալվեք: Իրական կյանքում ևս շատ թոշակառուներ հասկանում են, որ անձնագրում նշված թվերը չեն փաստում կյանքի ավարտի մասին: Բոլոր արգելքները և սահմանափակումները հիմնականում իրենց գլխում են: Եվ եթե կարելի է 70 տարեկանում հաջողակ բիզնես ծավալել, ապա ինչու ոչ…
«Եթե ես չաշխատեմ, կմեռնեմ..»
Այսօր արդեն կարելի է նկատել, որ տնտեսության որոշ ոլորտներում կանանց ներգրավվածությունը կարծես թե սկսել է գերազանցել տղամարդկանց։ Օրինակ՝ տուրիզմի, տեքստիլ արտադրության և հացաբուլկեղենի արտադրության ոլորտներում ձեռնարկատիրական գործունեությամբ առավել աչքի են ընկնում կանայք։ Հատկանշանական է, որ կանայք որքան տարիքն առնում են, այնքան ավելի նոր գաղափարներ են կյանքի կոչում:
Երևանի բնակիչ 70-ամյա Էլյա Սարգսյանն այդպիսի կանանցից մեկն է: Չնայած տարիքին, այսօր էլ տիկին Էլյան շարունակում է օրնիբուն աշխատել:
90-ականների ծանր տարիներին նա թողել է իր սիրելի աշխատանքը՝ մանկավարժությունը ու սկսել շուկայում միրգ ու բանջարեղեն վաճառել: «Այդ ծանր տարիներին գիշեր-ցերեկ աշխատում էի, որ երեխաներս սոված չմնան: Հետո սկսեցի գումար հավաքել: Որոշել էի, որ հարսիս հետո խմորեղեն կթխենք ու կվաճառենք: Հավաքած գումարով վառարան գնեցի ու սկսեցի ծրագիրս կյանքի կոչել»,- պատմում է տիկին Էլյան:
Սկզբից թխում են մեկ-երկու հատ գաթա, հիմնական գնորդներն էլ հարևաններն էին , հետո ծավալներն ու տեսականին ավելացնում են: Նրա թխած խմորեղեններն այսօր մեծ պահանջարկ ունեն:
«Այդ տարիքում սկսեցի նորից սովորել, վերապատրաստման դասընթացների եմ գնացել, որպեսզի ժամանակից հետ չմնամ: Այսօր նույնիսկ պատվերները չենք հասցնում կատարել : Հիմա արդեն չորս աշխատող ունեմ, բայց հավանաբար աշխատողների թիվն ավելացնեմ» ,- ասում է Էլյա Սարգսյանը:
Հարցին, թե չի ցանկանում հանգստանալ՝ անմիջապես պատասխանում է. «Ձեզ թվում է, որ արդեն թոշակառու եմ, ուրեմն պետք է տանը նստեմ, սերիալ նայե՞մ: Երբեք, ես դրա համար չեմ ծնվել: Քանի ապրում եմ՝ պետք է աշխատեմ, իսկ եթե մեկ օր չաշխատեմ, ապա այդ օրը կմեռնեմ: Ինձ ի՞նչ է եղել: Ես չեմ կարող նստել, դա ինձ համար չէ, նույնիսկ ամբողջ առևտուրը ես եմ անում, ոչ մեկին չեմ վստահում»,- նշում է նա:
Երբ հարցնում ենք՝ գիտե՞ք, որ հոկտեմբերի 1-ին նշվում է տարեցների միջազգային օրը, պատասխանում է. «Ոչ թե պետք է մեկ օր նշել, այլ այնպիսի պայմաններ ստեղծել, որ տարեցների համար ամեն օրը տոնը լինի, նրանք պետք է արժանավայել ապրեն»:
Հարցիս՝ ինչպե՞ս, տիկին Էլյան նշում է. «Դա պետության խնդիրն է: Պատկերացնում եք՝ ես մոտ 40 հազար դրամի չափ թոշակ եմ ստանում, արդյոք կարո՞ղ էի այդ գումարով ապրել, իհարկե՝ ոչ: Բայց մարդիկ, ծերերն ապրում են, եթե իհարկե դրան ապրել են ասում: Ես աշխատում եմ ու նորմալ հարկեր վճարում, եթե բոլորն էլ հարկեր վճարեն, ապա պետությունը կկարողանա թե թոշակները, թե աշխատավարձերը բարձրացնել: Բայց պետությունը չի ուզում, որովհետև լավ գիտենք, թե ովքեր են երկիրը կառավարում: Իհարկե շատ լավ հասկանում եմ, որ պատերազմող երկիր ենք, բայց ծերերին էլ չպետք է անտեսել»:
Տիկին Էլյայից հետաքրքրվեցինք, եթե ինքը լիներ երկրի ղեկավարը, ի՞նչ կփոխեր երկրում: Մի պահ լռեց ու պատասխանեց. «Գործարաններ կբացեի, աշխատատեղեր կստեղծեի, որ մարդիկ աշխատանք ունենան իրենց երկրում: Կրթական համակարգում բարեփոխումներ կանեի…շատ բան կփոխեի: Շատերը կարող են այդ քայլերն անել, ուղղակի պետք է սրտացավ լինել ու մի քիչ էլ՝ աչքը կուշտ»:
«Գոնե աղջիկս ապահով ծերություն ունենա…»
75-ամյա Հայկուշ տատն ամեն օր մտածում է տուն-ինտերնատ տեղափոխվելու մասին, բայց հետո սկսում է ինքն իր հետ կռվել, նախատել: Իսկ այդ քայլին գնալու միակ պատճառը, ըստ Հայկուշ տատի, սոցիալական խնդիրներն են ու հուսահատությունը:
Նա ամեն օր դեռ լույսը չբացված, գնում է փողոցներն ավլում, իսկ հետո վերադառնում տուն ու մտածում՝ օրվա հացի մասին: Հինգ հոգանոց ընտանիքն ապրում է 42 հազար դրամ կենսաթոշակով և հավաքարար տատի 35 հազար դրամ աշխատավարձով։
Հայկուշ տատը հիշում է իր երբեմնի ուրախ կյանքն ու հոգոց անելով պատմում, թե ինչքան երջանիկ ընտանիքի է ունեցել: Տղան 90-ականներին ընտանիքի հետ մեկնել է արտերկիր, սակայն ընտանեկան խնդիրների պատճառով ամուսինները բաժանվել են, հետո Հայկուշ տատի տղան նորից է ամուսնացել՝ այս անգամ ռուս կնոջ հետ, իսկ մի քանի տարի հետո ծանր հիվանդությունից մահացել է: Առաջին ամուսնությունից նա մեկ տղա ունի, սակայն թոռանը տատը 20 տարուց ավելի չի տեսել, եթե մի քանի տարի առաջ հեռախոսով թոռան ձայնը լսում էր, ապա այսօր դա էլ չկա:
Հիմա նա ապրում է աղջկա ընտանիքի հետ երկու սենյականոց խարխլված բնակարանում : «Տարիներ շարունակ ամուսնուս հետ աշխատել ենք, որ ծերության ժամանակ հանգիստ ապրենք…ի՞նչ իմանայի, որ էս օրին կհասնեմ, այսքան դաժան ծերություն կունենամ: Տունը վաճառեցինք, որ տղաս Ռուսաստան գնա, դրանից հետո ես ու ամուսինս վարձով էինք ապրում, տղաս օգնում էր, բայց նրա մահից հետո մնացինք անտեր: Հետո ամուսինս մահացավ ու ես ստիպված տեղափոխվեցի աղջկաս տուն: Միակ աշխատողը ես եմ, աղջիկս, փեսաս հիվանդ են, չեն կարողանում աշխատել, իսկ թոռներս դեռ անչափահաս են»,- պատմում է տատը:
Հայկուշ տատի միակ հույսը աղջկա մեծ տղան է, որը որոշել է դասերից հետո աշխատել, տատին օգնել և ընտանիքի հոգսը թեթևացնել:
«Ամեն օր մտածում եմ ծերանոց գնալու մասին, բայց էս էրեխեքին ո՞ւմ թողնեմ: Ոչ մի օգնող չունեն, երեխաներս սովից կմահանան, ես պետք է ուժեղ լինեմ…»,- արցունքները սրբելով ասում է տատն ու հավելում. «Միշտ մտածում էի՝ խաղաղ, հանգիստ ծերություն կունենամ, բայց ինչ հանգստության մասին է խոսքը: Հիմա ավելի հոգսաշատ եմ, մտածում եմ օրվա սնունդի, կոմունալ վճարների, հիվանդների դեղերի մասին: Միայն Աստծուն աղոթում եմ, որ թոռներս առողջ լինեն ու իրենց ծնողներին տեր կանգնեն, գոնե աղջիկս հանգիստ, ապահով ծերություն ունենա…»:
Մ.Մարգարյան
Լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի «Մեր տարեցները » շարքից
Դիտումների քանակը` 3603