ՅՈՒՆԵՍԿՕ-ն փորձում է վերացնել գենդերային անհավասարությունը թվային միջավայրում
Թվային հանրագիտարանում՝ Վիկիպեդիայում հրապարակումների միայն 17 տոկոսն են կանանց մասին: Կանանց միջազգային օրվան ընդառաջ ՄԱԿ-ի կառույցներից մեկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է թվային տիրույթում գենդերային անհավասարության վերացման արշավի մեկնարկի մասին: Առաջին միջոցառումը «Edit-a-thon» խորագրով սեմինարն է, որը կանցկացվի մարտի 8–ին:
Միջոցառման խնդիրը պարզ է: Աշխարհի տարբեր մասերում ապրող մարդկանց առաջարկում են ստեղծել, խմբագրել կամ էլ նոր էջեր բացել այն կանանց կերպարների մասին, որոնք առանցքային դեր են ունեցել, հիմա էլ իրենց ավանդն են բերում կրթության, գիտության, մշակույթի ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
Միջոցառման մասնակցում են 130 կամավորներ: Նրանց թվում ուսանողներ են, լրագրողներ, թոշակառուներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, դիվանագետներ: Վիկիպեդիայի թիմը նրանց համար վերապատրաստման դասընթացներ կանցկացնի:
Նկատենք, որ գենդերային հավասարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջնահերթություններից մեկն է: Կազմակերպությունում կարծում են, որ դրան պետք է հասնել տարբեր միջոցառումների օգնությամբ այդ մասին քարոզչություն իրականացնելով:
Միջոցառման ընթացքում նախատեսում են խնդրին նվիրված գրքերի ու ֆիլմերի շնորհանդես, կանանց նվիրված բանաստեղծությունների ընթերցում, քննարկումներ նվիրված գյուղատնտեսության ոլորտում ու զանգվածային լրատվությունում կանանց ներգրավածության ու ազդեցության մասին:
Մինչ այդ խնդրին նվիրված ծավալուն զեկույց է հրապարակվել: Ըստ դրանում ներառված տվյալների, աշխարհում ինտերնետից օգտվող կանանց թիվը 200 մլն-ով փոքր է ինտերնետից օգտվող տղամարդկանց թվից, սակայն այն գնալով ավելանում է:
«Այս խնդրի լուծումը կարևոր պայման է ժամանակակից թվային տնտեսության զարգացման համար: Դա նաև գործողությունների պարտադիր ուղղություն է ՄԱԿ-ի հռչակած գենդերային հավասարությանը, կանանց ու աղջիկների իրավունքների, հնարավորությունների ընդլայմանը հասնելու համար»,-ասված է զեկույցում:
Զեկույցում 2016-ի տվյալներն են, որոնց համաձայն աշխարհում ինտերնետ օգտագործողների միջև գենդերային խզումը 12 տոկոս է: Ներկայացվող քարտեզներից պարզ է դառնում, որ խզումն առավել մեծ է արաբական ու աֆրիկյան երկրներում՝ համապատասխանաբար 20 և 23 տոկոս, ԱՊՀ երկրներում 5.1 տոկոս է, Եվրոպայում՝ 6.9 տոկոս, Ամերիկյան մայրցամաքներում՝ 1.8 տոկոս:
ITU-ի ռազմավարական նախագծերի ու անդամ երկրների հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Դորին Բոգդան Մարտինը նույն զեկույցում նկատում է, որ թվային միջավայրում գենդերային անհավասարության հաղթահարման ճանապարհին հանդիպում են շատ խնդիրների, սակայն միասին ու համատեղ ջանքերի շնորհիվ խնդիրը կարող են լուծել:
Խնդիրն առկա էր նաև Հայաստանում: «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի 2012-ին անցկացրած ու 2013-ին ամփոփած հարցումների արդյունքւոմ պարզվել էր, որ Հայաստանում ինտերնետից ավելի շատ օգտվում են արական սեռի ներկայացուցիչները: Ըստ սեռի` ինտերնետից օգտվելու հարաբերակցությունը ունի հետևյալ պատկերը` կանայք 43.5 %, տղամարդիկ` 56.5 %:
Մինչդեռ Համաշխարհային բանկի՝ 2017 թ. մարտին հրապարակած հետազոտության տվյալներով այդ խզումը զգալիորեն քչացել է: Հայաստանն այն երկրների թվում է, որտեղ ինտերնետից օգտվող կանանց ու տղամարդկանց թիվը մոտենում է հավասարի՝ համապատասխանաբար 53% և 56.6% է:
Հայաստանը ներառված է նաև We Are Social գործակալության հրապարակած աշխարհի թվային, սոցիալական և մոբայլ օգտագործման մասին Digital in 2016 և 2016 Digital Yearbook զեկույցներում, որը ներկայացնում է 232 երկրների տվյալներ:
Զեկույցի համաձայն՝ Հայաստանի 3.02 մլն բնակչության 70%-ը (2.13 մլն մարդ) ակտիվ ինտերնետ օգտագործող է: Բնակչության 29%-ը (890 հազ. մարդ) սոցիալական մեդիայի ակտիվ օգտագործող է: Մոբայլ սարքերից ակտիվ սոցիալական ցանցերի օգտագործողների թիվը 680 հազ. է՝ բնակչության 23% ը, իսկ մոբայլ կապ ունի 3.66 մլն մարդ (թիվը ներկայացնում է մոբայլ բաժանորդագրությունների քանակը, այլ ոչ թե օգտագործողների):
Ինչ վերաբերում է սոցցանցերից օգտվողներին, ապա տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի տվյալներով, «Ֆեյսբուքից» և «Օդնոկլասնիկից» օգտվողների թիվը գրեթե հավասար է՝ 1 մլն 100 հազար և 1 մլն 200 հազար: Ֆեյսբուքից օգտվող կանայք և տղամարդիկ հավասար են, այստեղ գենդերային հավասարություն է, իսկ ռուսական սոց. Ցանցում հայաստանցի տղամարդիկ 10 տոկոսով ավելի շատ են:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 2070