Մրցանակներ երեխաների առողջության, սնուցման և խնամքի հիմնահարցերը լուսաբանելու համար

Այսօր հայտնի դարձան  երեխաների առողջության, սնուցման և խնամքի հիմնահարցերի լուսաբանմանն նվիրված  լրագրողական մրցույթի հաղթողները:  Խրախուսական մրցանակների  են  արժանացել  WomenNet.am կայքում հրապարակված երկու  հոդվածները` Նունե Հովսեփյանի «Մտահոգող ցուցանիշներ` թերսնուցում և թերքաշություն․ պայքար հանուն առողջ սերնդի»   եւ Նելլի Բաբայանի  «Երեխաներին ճիշտ սնելն այնքան էլ գումարի խնդիր չէ» հոդվածները:

 

Մրցույթը հայտարարվել էր  2015թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության  կողմից:  Այն նպատակ ուներ  խրախուսել երեխայի խնամքի, առողջության և սնուցման թեմաներով հավասարակշռված լուսաբանումը:

 

Առողջապահության և մեդիա ոլորտի ներկայացուցիչներից կազմված ժյուրին գնահատել էր 23 լրագրողական նյութ, որի արդյունքում ընտրվեցին երկու հիմնական և վեց խրախուսական մրցանակներ: Հիմնական երկու մրցանակները՝ պլանշետների տեսքով ստացան Լիանա Մարգարյանը՝ ռադիո «Վան»-ի լրատվական ծառայությունից և Աստղիկ Կարապետյանը` Իրավաբան.նեթ լրատվական կայքից: Խրախուսական մրցանակներ ստացան Լիլիթ Տերտերյանը (Հանրային հեռուստատեսություն), Տիգրան Հովակիմյանը («Քյավառ» հեռուստաընկերություն), Գայանե Մկրտչյանը (ԱրմենիաՆաու), Նելլի Բաբայանը (WomenNet.am), Նունե Հովսեփյանը (WomenNet.am) և Ամալյա Գաբրիելյանը (NEWS.am Medicine):

 

«Հայաստանում երեխաների 19 տոկոսն ունեն թերաճություն՝ այսինքն նրանց հասակը հետ է մնում տարիքային միջինից: Սա ոչ միայն աղքատության կամ ընտանիքի միջոցների անբավարարության հետևանք է, այլև գիտելիքների պակասի, տեղեկացվածության բացի ու դրա վստահելի աղբյուրների բացակայության արդյունք: Խնդիրների լուծման հարցում լրագրողների դերը շատ կարևոր է՝ երեխայի առողջության հարցերի վերաբերյալ հանրային իրազեկման, նաև լավագույն փորձն ու ճիշտ գործելակերպերը ներկայացնելու համար»,- նշեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի առողջապահության ծրագրի ղեկավար Միհրան Հակոբյանը:

 

Մրցույթը կազմակերպել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջության ու սնուցման բարելավում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից՝ ՀՀ Առողջապահության նախարարության և Վորլդ Վիժն Հայաստանի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է նվազեցնել կանանց և երեխաների թերսնուցումը առաջին 1000 օրերի ընթացքում՝ հղիությունից մինչև երկու տարեկան:

 

 

«Ծրագրի ընթացքում բավականին աշխատանք է կատարվել Հայաստանի բոլոր մարզերում բուժաշխատողների վերապատրասման, նրանց խորհրդատվական հմտությունների զարգացման և ծնողների իրազեկման ոլորտում: Սակայն բուժաշխատողների կողմից իրականացվող խորհրդատվությունը հասանալի է միայն սահմանափակ թվով մարդկանց: Այդ իսկ պատճառով մենք կարևորում ենք զանգվածային լրատվամիջոցների դերը հանրության լայն շրջանների իրազեկման հարցում¦,- նշեց ԱՄՆ ՄԶԳ Առողջապահական ծրագրերի ղեկավար Աստղիկ Գրիգորյանը:

 

Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության գործառնությունների ղեկավար Շաղիկ Մարուխյանի ներկայացմամբ  ծրագրի շրջանակներում մինչ օրս մոտ 9000 վաղ հասակի երեխաների ծնողներ են մասնակցել երեխաների սնուցման և խնամքի թեմաներով դասընթացների և հանրային միջոցառումների և տեղեկացել երեխաների սնուցման և պատշաճ խնամքի հարցերի շուրջ: “Այս ամենը կնպաստի ընտանիքներում երեխաների առողջ սնուցման և պատշաճ խնամքի ձևավորմանը», – հավելեց նա:

 

WomenNe.am –ը  շնորհավորում  է  բոլոր մրցանակակիրներին` նորանոր հաջողություններ մաղթելով նրանց:

 

 

 

P.SԿարդացեք այս թեմայի շուրջ  մեր կայքի բոլոր նյութերը    “Առողջ սնունդը եւ կանայք”    խորագրի ներքո  ինչպես նաեւ   միացեք  “Սննդի անվտանգությունը կանանց ձեռքերում է”  ֆեյբուքյան մեր խմբին:

 

 

Դիտումների քանակը` 3825

Գլխավոր էջ