Մի քայլ առաջ, երկու քայլ հե՞տ

Քանի՞ կին կլինի ՀՀ նոր՝ հինգերորդ գումարման Ազգային ժողովում։ Այս հարցին դեռեւս  ոչ ոք չի կարող պատասխանել, նույնիսկ ընտրողը, որին, ինչպես հայտնի է, պատկանում է վերջին խոսքը։  Ընդամենը կարելի է որոշ եզրահանգումներ անել՝ դիտարկելով  կուսակցությունների ներկայացրած ցուցակներն ու մեծամասնական ընտրատարածքներում առաջադրված թեկնածուների ցանկը:  Իհարկե, վերջնական գրանցման փուլում ամեն ինչ դեռ կարող է փոխվել, սակայն փորձը  ցույց է ալիս, որ այս հարցում կտրուկ փոփոխությունների չարժի սպասել։

 

Սկսենք կուսակցություններից։ Նախորդ ընտրություններում, երբ ընտրական օրենսգրքում գործում էր կանանց ներկայացվածության վերաբերյալ 15 տոկոսանոց քվոտան, կուսակցություններն իրենց ցուցակներում ընդգրկեցին միջինը 22,6% կին։ Այս անգամ, երբ օրենքում ամրագրված է 20%  գենդերային քվոտա, ԿԸՀ ներկայացված կուսակցական ցուցակներում միջինը նույն 22,5%-ն է։ Դա նշանակում է, որ այս պահին հնարավոր  չէ  որևէ դրական կանխատեսում անել  նոր  Ազգային ժողովում կանանց թվի ավելացման վերաբերյալ:

 

 

Ժամանակին, երբ Ազգային ժողովում քննարկվում էին ընտրական օրենսգրքի փոփոխությունները, և կանանց հասարակական կազմակերպությունն առաջարկում էին բարձրացնել քվոտան մինչև 30-40% կամ էլ առաջնորդվել արդարության սկզբունքով, այսինքն` 50/50 բանաձևով, պատգամավորներն ընտրեցին «կամաց գնաս, հեռուն կհասնես» տարբերակը։ Դատելով ցուցակներից՝ տեղ հասանք, սակայն միանգամայն այլ սկզբունքով. մի քայլ առաջ, երկու քայլ  հետ։

 

 

Իրականում բարձրացնելով քվոտան մինչև 20%` կուսակցությունները քայլ առաջ գրեթե չեն կատարել, եթե չասենք՝ հետընթաց են ապրել: Դա հատկապես զգալի է ցուցակներում տեղերի բաշխման առումով: Ընտրական օրենսգրքում ամրագրված սկզբունքը, այն է` «2-րդ համարից սկսած ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 և այդպես շարունակ) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը», կուսակցություններից շատերն ընկալել են բառացիորեն. կանայք պետք է լինեն «յուրաքանչյուր վեցերորդ» տեղում և ոչ մի դեպքում` ավելի առաջ:

 

 

Արդյունքում` ցուցակների առաջին հնգյակում կամ, ինչպես սիրում են այն կոչել հենց կուսակցությունները՝ «սրբություն սրբոց»-ում, ընդամենը 4 կին են ( Դեմոկրատական կուսակցություն, «Միավորված հայեր», «Օրինակ երկիր» և «Ժառանգություն»)  այն դեպքում, երբ նախորդ ընտրություններում 17-ն էին։

 

 

Նույն հետընթացն է ցուցակի առաջին տասնյակում. 2007-ին ցուցակների առաջին տասնյակներում ընդգրկված էր 37 կին, իսկ ներկայումս՝ ընդամենը 15։ Կասեք՝ խորհրդարան ձգտող կուսակցությունների մեծ մասը «ծանրքաշայիններ» են, որոնք ակնկալում են մեծ թվով մանդատներ։ Թող այդպես լինի, սակայն մեծ հավակնություններով այս բոլոր «ծանրքաշայինների» մոտ չափազանց ցածր է կանանց ներկայացվածությունը նույնիսկ առաջին քսանյակում՝ 3 կնոջից ոչ ավելի, բացառությամբ ՀՅԴ-ի (առաջին քսանյակում 4 կանայք են) և «Ժառանգության» (5 կին)։ Իսկ այն փաստը, որ, օրինակ, «Միավորված հայերի» առաջին քսանյակում 8 կին են ընդգրկված, թեկուզ եւ միանգամայն գովելի է, բայց հերթական անգամ  գալիս է ապացուցելու հայտնի ճշմարտությունը. որքան շատ իշխանություն, այնքան քիչ կանայք։

 

Կուսակցական  ցուցակներում այս ճշմարտությունը հաճախ ներկայանում  է փոքր-ինչ այլ ձևով. որքան հեռու ցուցակի սկզբից, այնքան ավելի շատ կանայք։

 

ՀՅԴ-ն, օրինակ, կարողացել է ապահովել իր ցուցակում կանանց ներկայացվածության գրեթե 32 տոկոսը կիրառելով Եվրոպայում լայնորեն կիրառվող «կայծակի» սկզբունքը, այսինքն՝ գրեթե հավասարաչափ բաշխելով կանանց և տղամարդկանց թեկնածությունները, սակայն միայն 20-րդ տեղից հետո: Կարծում ենք  ավելորդ է հարցնել, թե ինչո՞ւ այդ նույն սկզբունքը հնարավոր չի կիրառել մինչև 20-րդ տեղը: Մեզանում նման  հարցադրումը, դեռևս, հռետորական է…

 

 

Եզրահանգումը, որ ընդդիմադիր ուժեը  իրենց ցուցակներում ավելի շատ կանայք են ընդգրկել, քան կոալիցիոն կուսակցությունները, արդարացված է  միայն ՀՅԴ (32%) և «Ժառանգության» (25%) պարագայում:  Հայ ազգային կոնգրեսը այս հարցում չգիտես ինչու հետ մնաց  բոլորից, ներկայցնելով  ընդամենը 18% կին իր ցուցակում ։

 

Ներկայիս կուսակցական ցուցակների մեկ այլ առանձնահատկությունը կանանց առնչվող առնվազն երկու սկանդալն է։ Երկուսի պատճառն էլ չգնահատված լինելու հանգամանքն էր: Դուռը շրխկացրել և «Ժառանգություն» կուսակցությունից դուրս է եկել վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը, որը լինելով «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միասնական ցուցակի 10-րդ տեղում՝ դժգոհություն է հայտնել նրա կազմման սկզբունքից։ Ցուցակի կազմը, նրա խոսքով, անսպասելի էր ոչ միայն իր համար։ Նույն պատճառաբանությամբ «Օրինաց երկրից» դորս է եկել մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը՝ հայտարարելով, որ կուսակցական ցուցակում 36-րդ տեղը ապացուցում է, որ կուսակցության կերպարի աջակցության իր ջանքերն ըստ արժանվույն չեն գնահատվել։

 

 

Ինչպես արդեն առիթ ենք ունեցել նշելու, նվազ հարցեր չի առաջացրել նաև Լարիսա Ալավերդյանի 41-րդ տեղը, մի պատգամավոր, որն անցյալ ընտրություններում «Ժառանգության» ցուցակում երկրորդն էր և իր անունով նպաստել է խորհրդարան կուսակցության անցնելուն, քանի որ 2007-ին «Ժառանգության» անդամներից քչերն այնպիսի ճանաչում ունեին, որն ունեն այսօր։ Ավելի ուշ նա հայտարարեց, որ խորհրդանշորեն է ընտրել այդ տեղը, քանի որ համաձայն չէ «Ազատ դեմոկրատների» հետ դաշինքին։ Համենայն դեպս, Ալավերդյանը ձեռնպահ մնաց ցուցադրական քայլերից՝ հայտարարելով. «Իմ 41-րդ տեղը ցուցակում ուղերձ է հասարակությանը, որ հավերժ պատգամավորներ չեն լինում»։

 

 

Գուցե դա այդպես է, սակայն ստացվում է, որ այս ուղերձն ավելի շատ տարածվում է միայն կանանց վրա։ Նմանօրինակ  հարցեր ծագեցին ՀՅԴ ցուցակում կանանց ռոտացիայի առնչությամբ: Ինչո՞ւ հինգ տարի խորհրդարանում ակտիվությամբ աչքի ընկած (parliamentmonitoring-ի տվյալներով) պատգամավոր Լիլիթ Գալստյանը  ընդգրկվեց կուսակցական ցուցակի միայն 20-րդ տեղում:

 

 

Ցուցակ կազմելը, անշուշտ, կուսակցության ներքին գործն է, բայց բոլոր դեպքերում կարիք կա հանրությանը բացատրելու՝ ի՞նչ սկզբունքով է դա արվել: Դա իհարկե ոչ միայն Դաշնակցությանն է վերաբերվում:  Եթե խոսքը կադրերի ռոտացիայի մասին է, ապա հարց է ծագում` ինչո՞ւ ռոտացիոն սկզբունքը շատ ավելի հաճախ կանանց նկատմամբ է կիրառվում: Եվ արդյոք շռայլություն չէ՞ կուսակցությունների կողմից՝ հետ մղել իրենց իսկ աճեցրած կանանց կադրերը, որոնք իրենց աշխատանքով  լիովին արդարացրել են կուսակցության վստահությունը:

 

 

Ցուցակների որակական կազմի վերլուծությանը մենք դեռ հնարավորություն կունենանք անդրադառնալու և այդ ժամանակ կկարողանանք պատասխանել այն հարցին, թե ի՞նչ մասնագիտության, տարիքի և զբաղմունքի տեր կանայք են ձգտում ներկայացված լինելու խորհրդարանում: Առայժմ նշենք միայն, որ թեկնածուների կազմում ակնհայտորեն շատացել են կին լրագրողները, այն էլ քաղաքական լրագրության ոլորտից:

 

 

Բոլոր դեպքերում,  կանանց ներկայացվածության առումով կուսակցությունները հասարակությունից շատ ավելի պահպանողական են գտնվել, հաշվի առնելով, որ սոցիոլոգիական հարցումների արդյունքներով Հայաստանի քաղաքացիները պատրաստ են տեսնելու ավելի շատ կանանց խորհրդարանում, քան այսօր կարողացել են առաջադրել մեր կուսակցությունները։

 

Թամարա  Հովնաթանյան

Դիտումների քանակը` 6088

Գլխավոր էջ