Միջազգային դիտորդները կանանց մասնակցության մասին
Թեպետ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո միջազգային դիտորդները կանանց մասնակցության առումով որոշակի վերլուծություն չեն կատարել, սակայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկիրինսկան ի պատասխան WomenNet.am – ի հարցի ասաց, որ դրական են գնահատում կանանց ներկայացվածությունը կուսացությունների նախընտրական ցուցակներում:
«Հատկանշական է, որ Ընտրական նոր օրենսգրքում քաղաքական գործընթացներին կանանց մասնակցության համար նոր ծավալի քվոտաներ էին նախատեսվել: Նկատելի եւ ողջունելի է քվոտայի դերակատարումն ու կիրառումը, սակայն այս առումով կա մտավախություն: Կանայք, ովքեր ընդգրկվում են կուսակցությունների ցուցակներում ընտրվելուց հետո ինքնաբացարկ են հայտարարում: Այս պարագայում քվոտայի նշանակության իմաստը կորում է», – ասաց Շեկիրինսկան հույս հայտնելով, որ այս անգամ կին պատգամավորներն իրենց բաժին հասած մանդատներից չեն հրաժարվի:
Բանախոսը նաեւ նկատեց, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում նախագահների 32 տոկոսը իսկ անդամների 44% տոկոսը կանայք են եղել:
« Սա նշանակում է, որ գենդերային քվոտան ընտրությունների կազմակերպման հարցում պահպանված է եղել: Կանանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները նույնպես շատ ակտիվ են եղել ընտրատեղամասերում, տեղական դիտորդների մի ստվար զանգվածը կանայք էին, ինչը ողջունելի է», – եզրափակեց Շեկիրինսկան:
Հ. Հ.
Դիտումների քանակը` 3444