«Միշտ մտածել եմ, որ քաղծառայողները պաշտպանված են  օրենքով»

«Երկար  տարիներ ես ու  ինձ  նմանները օգնել ենք աշխատանք  փնտրողներին, ու  հիմա  մենք ենք հայտնվել  իրենց  վիճակում,  դա  ճակատագրի  հեգնանք է.- ասում է Նարինե Մատինյանը, ով մինչև  համակարգում սկսված բարեփոխումներն աշխատում էր որպես Շենգավիթի  Զբաղվածության  տարածքային  կենտրոնի  տնօրեն:

 

 

Բարեփոխումները սկիզբ առան  «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքից,  որի համաձայն  2021թ. ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գործում է Միասնական սոցիալական ծառայությունը: Այդ ծառայությանը բացի սոցիալական ապահավորության ծառայության լիազորություններից վերապահվել է նաև զբաղվածության պետական գործակալության ու բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի, ինչպես նաև սոցիալական աջակցության տարածքային կենտրոնների լիազորությունները։

 

 

Միասնական սոցիալական ծառայության ստեղծման նպատակը սոցիալական պաշտպանության բնագավառում կառավարության որդեգրած քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմների ներդրումն է, այն ակնկալիքով, որ սոցիալական պաշտպանության ոլորտի 4 մարմինների ինտեգրումը հնարավորություն  կտա գործընթացն իրականացնել  ավելի սահուն  և արդյունավետ:

 

 

Ի դեպ, նախատեսվում էր, որ տարբեր գերատեսչություններ իրար միավորելու արդյունքում աշխատողներ չեն կրճատվելու (դրա մասին հայտարարվել էր նաև ԱԺ ամբիոնից օրենքի փոփոխությունները ներկայացնելիս), քանի որ նոր ձևավորված ծառայությունում աշխատանքի են անցնելու միավորվող հիմնարկների աշխատողները։

 

 

Սակայն պարզվեց, որ Զբաղվածության պետական գործակալության բազմաթիվ աշխատակիցներ այնուամենայնիվ զրկվել են աշխատանքից։ Եթե  Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցներից  շատերը վերանշնակվեցին իրենց պաշտոններում,  ապա Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների աշխատակիցների շուրջ 70-%-ը կորցրեց աշխատանքը:   Սա այն դեպքում, երբ տարբեր առիթներով իր ելույթներում Աշխատանքի  և սոցիալական  հարցերի նախկին  նախարար Մեսրոպ Առաքելյանը հավաստիացնում էր, որ իրականացվող բարեփոխումների արդյունքում որևէ քաղաքացիական ծառայող չի կորցնի աշխատանքը: Ավելին, ապրիլի 21-ին ի պատասխան համակարգի աշխատողների բողոքների, նախարարության կողմից  հրապարակվեց պարզաբանում, որտեղ ևս մեկ անգամ հավաստիացվում էր, որ կազմակերպությունների միավորման արդյունքում որևէ հաստիք չի կրճատվել: Սակայն  ժամանակը ցույց  տվեց, որ դրանք  միայն  խոստումներ էին:

 

 

Իրականում Միասնական սոցիալական ծառայության կազմավորումից  հետո Զբաղվածության պետական գործակալության բազմամյա աշխատանքային փորձ ունեցող շատ աշխատողներ աշխատանքի առաջարկ չեն ստացել, իսկ ապրիլի 21-ին կենտրոնների տնօրենները ազատվել են աշխատանքից՝ հաստիքների կրճատման հիմքով: Ավելին, ապրիլի 12-ից նորաստեղծ կառույցի կայք էջում, որի մասին որևէ պաշտոնական տեղեկացում չէր եղել, հայտարարվել են ժամանակավոր թափուր պաշտոնների մրցույթներ, որոնց կարող են մասնակցել նաև այլ անձինք:

 

 

Իրենց  իրավունքները պաշտպանելու  նպատակով աշխատատեղը  կորցրած աշխատողները դիմել են  դատարան, հույսով, որ կվերականգնվեն աշխատանքի, նրանց  համոզմամբ  նորաստեղծ  կառույցի հաջողությունը կախված է առաջին  հերթին ոլորտի փորձառու  մասնագետների  վերանշանակումից, որոնց  տարիների  ընթացքում  կուտակած փորձը միայն  կնպաստեր  նորաստեղծ  կառույցի արդյունավետ աշխատանքին:

 

 

Այս  կարծիքին է Ցողիկ Բեժանյանը, ով 2002 թվականից եղել է  Զբաղվածության  պետական  գործակալության  տեղեկատվության  ապահովման բաժնի  պետ:

 

 

-Հուլիսի  20-ին ես  նույնպես  դիմել եմ  դատարան, թեև առ այսօր  ծանուցում  չեմ  ստացել: Անկեղծ ասած, դատարանից ակնկալիք  չունեմ, մեր աշխատանքից  դուրս  մնալու գործընթացն ըստ իրենց, արվել է  իրավական հիմնավորմամբ, թեև տեղի է  ունեցել միջազգային  իրավական  ակտերի  խախտում: Լուրջ և անկողմնակալ  քննության արդյունքում  վստահ եմ, որ դատարան դիմողներս  կշահենք,- WomenNet.am-ի հետ զրույցում ասաց Ցողիկ Բեժանյանը:

 

 

Նրա  խոսքով նույն  պաշտոնի համար հայտարարված  մրցույթին  մասնակցելու իմաստ  չկա, քանի որ այդ  պաշտոնում արդեն  նշանակվել է  մեկ ուրիշը: Բացի դա հայտնի չէ մրցույթի արդյունքում նշանակված մասնագետների ընտրության տրամաբանությունը:

 

 

«Եթե դա մրցույթ է, ապա ովքե ՞ր են մրցութային հանձնաժողովի կազմում: Եթե դա հարցազրույց է, ապա ինչո՞ւ ոչ բոլորն են հրավիրվում հարցազրույցի, ինչո՞ւ հրավիրվածներին որևէ մասնագիտական հարց չի տրվում: Իսկ եթե դա փաստաթղթային ընտրություն է, ապա նշված թափուր աշխատատեղերի համար դիմած զբաղվածության կենտրոնների աշխատակիցները միայն իրենց աշխատանքային փորձով արդեն իսկ ունեին առավելություն այլ դիմողների նկատմամբ: Ցավն այն է, որ  համակարգից  դուրս  մնացին լավագույն,   արտերկրում  տարիներով վերապատրաստված  մասնագետներ, որոնց  ուսերին  էր աշխատանքի պատասխանատու  և ծանրագույն բաժինը: Փոխարենը  բերեցին  փորձ  չունեցող մարդկանց: Հարցը վերաբերում է ոչ  միայն  մեզ, այլ սա  համակարգային  խնդիր է», -մեկնաբանում է Ց.Բեժանյանը:

 

 

Նարինե Մատինյանը նույնպես  համակարգի երկարամյա աշխատողներից է: 1992 թ.-ից աշխատել է համակարգում, իսկ 1997 թ.  հոկտեմբերի 1-ից նշանակվել է   Շենգավիթի  Զբաղվածության  տարածքային  կենտրոնի  տնօրեն, իր մասնագիտական  հմտություններով նպաստել համակարգի կանոնավոր աշխատանքին, արժանացել է  խրախուսանքների և գովասանքների: Բազմիցս  վերապատրաստվել է  առաջատար կենտրոններում, մասնակցել «Զբաղվածության  դպրոց» ծրագրի համար  կազմակեպված դասընթացներին:

 

 

-Միշտ մտածել եմ, որ քաղծառայողները  պաշտպանված են  օրենքով, մինչդեռ իրականում  մնացինք անպաշտպան, – ասում է Նարինե Մատինյանն ու շարունակում, -Ես  ցավ եմ ապրում, ինչպե՞ս  կարող էին ոլորտի  լավագույն աշխատողները սոցապնախարարության պաշտոնյաների  կրավորական  կեցվածքի արդյունքում դուրս  մնալ համակարգից:  2020 թվականին  համավարակի  և  պատերազմի  ընթացքում աշխատել ենք  շուրջօրյա  գրաֆիկով, անգամ  տանից, սոցիալական  ոլորտի թեժ  գծով  բոլոր հարցերին մենք էինք  պատասխանում, աշխատել ենք  առանց  հանգստյան  օրերի:

 

 

Նարինե Մատինյանի  փոխանցմամբ իրենք  հանդիպել են ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին, Աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտը համակարգող փոխնախարարների հետ, սակայն խնդիրը չի լուծվել։ Նա  նույնպես  դիմել է  դատարան, իսկ  մրցույթին  մասնակցելու հեռանկարն իր համար մշուշոտ է, թեև անհրաժեշտ  փաստաթղթերը ներկայացրել է  Շենգավիթի, Մալաթիա-Սեբաստիայի, Աջափնյակի վարչական  շրջանների տարածքային կենտրոնների տնօրենի թափուր  տեղի  համար:

 

 

 

-Իհարկե, շատ  հիասթափված եմ  և որևէ  ակնկալիք  չունեմ, դեռ  մրցույթ չի  եղել, ու մեր  տեղն  արդեն  մեկ ուրիշն է  նշանակվել: Սակայն այս ողջ  պատմության  մեջ ամենացավալին  հարցի  բարոյական  կողմն է: Ես սիրում եմ իմ աշխատանքը, դրա  համար էլ սիրտս ցավում է: Երկար  տարիներ ես ու  ինձ  նմանները օգնել ենք աշխատանք  փնտրողներին, ու  հիմա  մենք ենք հայտնվել  իրենց  վիճակում,  դա  ճակատագրի  հեգնանք է.-ասում է Ն.Մատինյանը:

 

 

 

Աշխատանքը  կորցրած մասնագետների խախտված աշխատանքային իրավունքների հարցով  մտահոգված են  նաև Զբաղվածության պետական գործակալության աշխատողների արհմիութենական  կազմակերպության  նախագահ Ստյոպա Դոխոյանն ու, Հայաստանի պետական  հիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային  ծառայությունների աշխատողների արհեստակացական կազմակերպությունների ճյուղային  հանրապետական  միության  նախագահ Անահիտ Ասատրյանը:

 

 

WomenNet.am-ի  հետ զրույցում Անահիտ Ասատրյանն  ասաց, որ աշխատանքից զրկված աշխատակիցների  մի մասն արհմիության անդամներ են, ուստի մտահոգված է  նրանց  հարցով: Որպես  ճյուղային  միության  նախագահ դիմել է Միասնական սոցիալական ծառայության  ղեկավարությանը,  պարզելու համար, թե որքանո՞վ են  իրավաչափ իրենց  գործողություններն ու ի՞նչ հիմունքներով է հայտարարվել թափուր  հաստիքների համար մրցույթ:

 

 

-Դիմել ենք նաև ՀՀ վարչապետին՝ առաջարկելով  միջոցներ ձեռնարկել քաղծառայողների իրավունքը  պաշտպանելու  համար: Մեզ  պատասխանեցին, որ ամեն  ինչ արվել է  օրենքով: Իրենց  իրավունքների  պաշտպանության  նպատակով դատարան դիմած շուրջ 8 աշխատակիցներին փաստաբանական  ծառայությունից  օգտվելու  նպատակով մեր արհմիությունը ցուցաբերել է  ֆինանսական աջակցություն,-ասաց Ա. Ասատրյանը:

 

 

Թե ինչով  կավարտվի աշխատանքից զրկված  մասնագետների  հարցը,  ցույց  կտա  ժամանակը: Մինչ այդ ապավինում են հայտնի ճշմարտությանը, որ «արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում»…

 

 

Անուշ Ներսիսյան

 

 

Դիտումների քանակը` 1474

Գլխավոր էջ