Միգրացիա, ծնելիության անկում և ծերացում. Հայաստանի ժողովրդագրական անկման պատճառները
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը ժողովրդագրական իրավիճակի բարելավման վերաբերյալ ուսումնասիրություն է կատարել:
Ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը հայտնեց, որ լավատեսական սցենարի դեպքում, Հայաստանի բնակչությունը 2050 թվականին կկազմի 3.2 միլիոն: Սա այն դեպքում, եթե ժողովրդագրության կայունացման ուղղությամբ լուրջ քաղաքականություն տարվի: «Սա ընդամենը կանխատեսում է և կարող են լինել նաև անկանխատեսելի իրավիճակներ, օրինակ՝ քառօրյա պատերազմներ և այլն, որոնք միանգամից կարող են փոխել այս կանխատեսումները»:
Ինչ վերաբերում է վատատեսական սցենարին, ապա, ըստ Գարիկ Հայրապետյանի, եթե որևէ բան չարվի արտագաղթը նվազեցնելու, ծնելությունը խթանելու համար, ապա Հայաստանում երկու միլիոնից էլ քիչ մարդ կմնա:
Նրա խոսքերով՝ Հայաստանը խոցելի է հիմնական երեք գործընթացներով, որոնք ազդում են ժողովրդագրության վրա՝ միգրացիա, ծնելիության անկում և ծերացում:
1980-ականների վերջին Հայաստանն ունեցել է լավագույն ժողովրդագրական իրավիճակը, սակայն անկախությունից հետո վիճակը սկսել է վատթարանալ: Ըստ նրա՝ անկախության տարիների տնտեսական, սոցիալական իրավիճակը, իր ազդեցությունն է թողել, և ծնելիությունը գրեթե կրկնակի նվազել է՝ 2.5-ից ծնելիության գործակիցը իջել է մինչև 1.5:
«1985-90 թվականներին Հայաստանում գրանցվել է 80 հազարից ավելի ծնունդ, միգրացիան, ծերացումը քիչ էր, բայց անկախությունից ի վեր՝ 1990-ականների սկզբին 400 հազարից ավելի քաղաքացիներ անվերադարձ գնացին երկրից: Դա մութ ու ցուրտ տարիներին էր: Բնականաբար, ծնելիությունն էլ անկում ապրեց՝ 2000թ-ին կազմելով ընդամենը 35 հազար»,- ասաց Գարիկ Հայրապետյանը:
Ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցչի՝ այդ ժամանակահատվածում նվազել է նաև ծնելիության գործակիցը. եթե 80-ականների վերջին ծնելիության գործակիցը 2.2-2.3 էր, ապա 2000 թ-ին այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 1.4-1.5, իսկ ներկայումս ծնելիության գործակիցը 1.6-1.7 է:
Գարիկ Հայրապետյանը նշեց, որ Հայաստանն այսօր կանգնած է նաև ծերացման խնդրի առաջ: Եթե 80-ականներին բնակչության մոտ 8 տոկոսն էր 60+ տարիքի, ներկայումս արդեն 13 տոկոս 60+ տարիքի բնակչություն ունենք:
«Դա ևս ազդում է բնական հավելաճի վրա: Սա նաև նշանակում է որ Հայաստանում մահացության ցուցանիշը գնալով կբարձրանա: Ծնունդների անկման, միգրացիայի, մահացության ավելացման պատճառով բնակչության թիվը տարեկան նվազում է 10-12 հազարով, իսկ նախորդ տարի պաշտոնական տվյալներով նվազել է 14 հազարով»,- ընդգծեց նա:
Գարիկ Հայրապետյանը նաև հայտնեց, որ Հայաստանում ծնունդների թիվը կարող է կտրուկ նվազել 2024-2030 թվականներին, քանի որ վերարտադրողական տարիք կմտնեն այն երեխաները, որոնք ծնվել են 2000 թվականին:
«Խոսքը 35 հազար երեխաների մասին է: Եթե սրան գումարվի սեռի ընտրությունը, որի պատճառով բավականին նվազել է աղջիկ երեխաների՝ այսինքն ապագա մայրերի թիվը, դա ևս ժողովրդագրական վիճակի վրա կունենա իր ազդեցությունը»,- նշեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչը:
«Վերադարձ և պաշտպանություն» սոցիալ-իրավական ՀԿ նախագահ Տաթևիկ Բեժանյանն էլ անդրադարձավ միգրացիային՝ նշելով, որ Հայաստանում ծնելիության նվազմանը, մահացության ավելացմանը զուգահեռ աճում է նաև միգրացիան: Ըստ նրա՝ տարեցտարի մեծանում է միգրացիոն գործընթացներում ՀՀ քաղաքացիների ներգրավվածության թիվը :
Միգրացիոն հետազոտությունները ցույց են տալիս, որ միգրացիոն տեղաշարժի մեջ մեծ տոկոս է կազմում երկարաժամկետ աշխատանքային միգրացիայի համար մեկնողների և անվերադարձ մեկնողների թիվը: Ընդ որում, միգրացիոն տարիքը 18-54 տարեկանն է, այսինքն՝ վերարտադրողական տարիքը: Մեկնողների 77 տոկոսն էլ տղամարդիկ են:
Տաթևիկ Բեժանյանի խոսքերով՝ մինչև 2015 թվականը երկարաժամկետ և մշտական մեկնողների թիվը 35 հազար էր, մինչդեռ 2016թ-ին Հայաստանից մեկնել է 37 հազար մարդ, որից 47 տոկոսը կազմում են աշխատանքային միգրանտները, 53 տոկոսը՝ անվերադարձ մեկնողները:
Նա նաև ասաց, որ բարձրագույն կրթություն, բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքի միտում է նկատվում. «Կանխատեսումները, ցավոք սրտի, հուսադրող չեն: Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ հնարավոր է կրկնվի 90-ականների սկզբի իրականությունը, այսինքն՝ ուղեղների արտահոսք: Իսկ դա լրջագույն խնդիր է մեր երկրի համար»:
Միաժամանակ, Տաթևիկ Բեժանյանը նշեց, որ 2016թ-ին միգրացիոն հոսքերը նվազել են, հիմնականում նվազել է կարճաժամկետ աշխատանքի մեկնողների թիվը: Դա պայմանավորված չէ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմամբ, պարզապես ՌԴ տնտեսությունն է թուլացել։
«Պետք է նշենք, որ աշխատանքային միգրանտների շրջանում ավելացել է աղքատության տոկոսը: Մեր քաղաքացիների մի հատված աշխատելու նպատակով արտերկիր մեկնում է պարտքով, բայց հաջողության չհասնելով, այդ պարտքին գումարվում է նաև վերադառնալու ծախսը: Արդյունքում ստացվում է, որ աղքատության տոկոսն այդ մարդկանց շրջանում ավելանում է»,- նշեց Տաթևիկ Բեժանյանը:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ նվազել են նաև տրանսֆերտները. եթե 2015թ-ին տրանսֆերտները կազմել են 224,8 մլն դոլար, ապա 2016թ-ին՝ 201,1 մլն:
«Այսինքն՝ միգրացիան, որպես նյութական վիճակի բարելավման գործոն, սկսել է թուլանալ»,-ընդգծեց «Վերադարձ և պաշտպանություն» սոցիալ-իրավական ՀԿ-ի նախագահը:
Մ.Մարգարյան
Դիտումների քանակը` 3966