Միգրացիան՝ ամուսնալուծության հիմնական պատճառ
Վերջին տարիներին Հայաստանում ավելացել է ամուսնալուծությունների թիվը: Այս մասին են վկայում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ-ի կողմից իրականացված «Հայաստանի Հանրապետությունում ամուսնալուծությունների պատճառների բացահայտում և վերլուծություն» հետազոտության արդյունքները,
«Աշխատանքի և հետազոտությունների ազգային ինստիտուտ»-ի տնօրենի տեղակալ Գառնիկ Նալբանդյանի ներկայացմամբ հետազոտությունը ցույց է տվել, որ ամուսնալուծությունների հիմքում հիմնականում սոցիալական ու տնտեսական խնդիրներն են, միջանձնային հարաբերությունները: Վերջին տարիներին՝ գերիշխողը դարձել է մի նոր երևույթ՝ միգրացիոն գործընթացները:
«Միգրացիոն գործընթացներն այսօր դառնում են ամուսնալուծությունների բավական լուրջ պատճառ: Ամուսիններից մեկը, բնականաբար, հիմնականում տղամարդը, մեկնում է արտագնա աշխատանքի, որից հետո կամ կապն է կտրվում, կամ հետ վերադարձի հետ կապված իրավական խնդիրներ են առաջանում, կամ էլ այնտեղ զուգահեռ ընտանիք է ստեղծում, ինչն ի վերջո բերում է այստեղ ամուսնալուծության»,- ասում է Գառնիկ Նալբանդյանը:
Նրա խոսքով, ամուսնալուծությունների թիվը համեմատաբար բարձր է Լոռու, Արարատի ու Արմավիրի մարզերում: «Վերլուծությունների ժամանակ պարզվել է, որ նույնիսկ 6 երեխա ունեցողն է ամուսնալուծվել: Այսպիսի դեպքեր, իհարկե, փոքր տոկոս են կազմում: Հիմնականում մեկ կամ երկու երեխաներ ունեցողներն են ամուսնալուծվում»,- ասաց Գառնիկ Նալբանդյանը:
Նա նաև նկատում է, որ թե Ազգային վիճակագրական ծառայության, թե ինստիտուտի տվյալները ցույց են տվել, որ Հայաստանում ավելացել են այն զույգերի ամուսնալուծությունները, որոնք 20 և ավելի տարի միասին են ապրել, ու ամենայն հավանականությամբ դրա հիմքում կրկին միգրացիան է: «Մասնավորապես, արտագնա աշխատանքի ավելի հաճախ մեկնում են միջին և բարձր տարիքի տղամարդիկ, ինչն էլ հաճախ բերում է ընտանիքների քայքայմանը»,- նշում է նա:
Ըստ Գառնիկ Նալբանդյանի՝ վերջին տարիներին շրջանառվում է նաև «կեղծ ամուսնալուծություն» հասկացությունը և իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք կազմում եմ ամուսնալուծությունների 5-6 տոկոսը:
Նշենք, որ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, hանրապետությունում 2015թ-ին գրանցված 1 000 ամուսնության դեպքերի համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 208 դեպք` 2014թ. հունվար-դեկտեմբերին արձանագրված 238-ի համեմատ:
Մ.Մարգարյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Երեխաներն ամուսնալուծվող ծնողների ձեռքին դառնում են գործիք»
Հայաստանում յուրաքանչյուր 5–րդ ամուսնություն ավարտվում է ամուսնալուծությամբ. ինչու՞ եւ ինչ անել՞
Դիտումների քանակը` 3232