Միակ կին թեկնածուն ունի 48 ժամ` 8 մլն դրամ գտնելու համար
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ գումարեց` քննարկելու առաջադրված այն թեկնածուների հարցը, որոնք ընտրագրավը չեն վճարել:
Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածը սահմանում է. «Հանրապետության Նախագահի թեկնածուները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված ԿԸՀ հաշվեհամարին վճարում են ընտրական գրավ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի (այսուհետ` նվազագույն աշխատավարձ) 8000-ապատիկի չափով»:
Այս պահին առաջադրման համար փաստաթղթեր ներկայացրած 15 թեկնածուներից յոթին չի հաջողվել պահանջվող գումարը գտնել ու վճարել: Նրանց թվում են. «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը, 1948 թվականին ծնված, թոշակառու, անկուսակցական Պավլիկ Սարգսյանը, Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը, Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Տարոն Աբրահամյանը, անկուսակցական Մհեր Հայրապետյանը, ով նույնպես չի աշխատում, անկուսակցական, «Քաշաթաղ» ՀԿ նախագահ Ռոբերտ Սիմոնյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Այվազյանը, ով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում փաստաբան է եւ Ռոբերտ Ահարոնյանը, ով չի աշխատում, անկուսակցական է:
Այսօրվա նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները միաձայն որոշեցին, որ հանձնաժողով ներկայացված թերությունները վերացնելու, շտկելու, ինչպես նաև ընտրագրավը վճարելու համար թեկնածուներին տրվում է 48 ժամ: Ժամկետը կլրանա հունվարի 10-ին ժամը 14:00-ին:
Ինչպես արդեն հայտնել էինք, ավելի վաղ միակ կին թեկնածուն՝ Նարինե Մկրտչյանը, հայտարարել էր, որ փաստաթղթերը ներկայացնելու է ԿԸՀ առանց ընտրագրավի վճարի: «Ես շարունակում եմ մնալ ընտրապայքարի մեջ այնքան, քանի դեռ դա թույլ է տալլիս գործող Ընտրական օրենսգիրքը, որն ամրագրել է թույլ, վախեցած, անարի իշխանությունների պահանջը՝ 8 միլիոն դրամ ընտրարգավի չափը, որը սահմանված է նրա համար, որ որևէ մտավորակական, իր աշխատավարձին ապավինած մարդ մոտ չգնա նախագահի ընտրություններին՝ չունենալով այդքան գումար: Այս ընթացքում ես ֆինանսական աջակցության համար դիմել եմ հայաստանցի բազմաթիվ գործարարների: Սակայն նրանք կաշկանդված են, վախեցած. Սերժ Սարգսյանի ստվերը հետապնդում է նրանց»,-իր տեսաուղերձում հայտարարել էր Նարինե Մկրտչյանը:
Մյուս ընտրագրավ չմուծած քաղաքացիների պնդմամբ սահմանադրության մեջ ընտրագրավի մասին ոչինչ չի ասվում եւ դրանով իսկ խախտվում է սահմանդրական այն նորմը, ըստ որի յուրաքանչյուր քաղաքացի ունի ընտրելու և ընտրվելու իրավունք: Պավել Սարգսյանի խոսքով, սոցիալական ներկա պայմաններում , երբ հանրապետության բնակչության 95 տոկոսը սոցիալապես անապահով է, որտեղի՞ց 8 միլիոն դրամ՝ ընտրագրավի համար: « Սա խաղատո՞ւն է, ես պետք է խաղադրո՞ւյք կատարեմ»,- դիմելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, վրդովված ասաց նա:
«Օրենքը սահմանել է հստակ չափանիշներ, ովքեր առաջադրվում են Հանրապետության նախագահի թեկնածուի համար: Չափանիշները բոլորի համար հավասար են: Օրենքով ամրագրված չէ այնպիսի մոտեցում, թե որ քաղաքացին որ քաղաքացու նկատմամաբ ինչպիսի չափանիշներ պետք է սահմանվեն: Դրանք շատ հստակ սահմանված են Ընտրական օրենսգրքով, և յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է առաջադրվել պետք է հիշյալ դրույթներով առաջնորդվի»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` անդրադառնալով թոշակառու Պավլիկ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ինքը սոցիալապես անապահով է և չի կարող վճարել պահանջվող գումարը:
Բոլոր դեպքերում, եթե առաջադրված քաղաքացիները սահմանված ժամկետում չկարողանան գումարը վճարել, ապա չեն գրանցի որպես թեկնածու և հետևաբար չեն կարող շարունակել ընտրական պայքարը:
Նշենք, որ առաջադրման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, այդ թվում 8 միլիոն դրամ գրավի վճարման անդորրագիրը ներկայացրել են թեկնածուներից միայն 7-ը։ Նրանք ենք՝ գործող նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Ազատություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ռադիո Հայ»-ի տնօրեն, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, հասարակական կարգով «Փախստականների եւ միջազգային իրավունքի» բարեգործական հասարակական կազմակերպության քաղաքական հարցերով խորհրդատու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը եւ Վարդան Սեդրակյանը, ով չի աշխատում եւ հայտնի է հանրությանը որպես էպոսագետ։
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները նշանակված են փետրվարի 18-ին: Հունվարի 4-ին ավարտվեց առաջադրումների փուլը, հունվարի 4-14-ը կկատարվի թեկնածուների գրանցումը, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ից և կշարունակվի մինչև փետրվարի 16-ը:
Հ. Կարապետյան
Կարդացեք նաեւ այս թեմայի շուրջ մեր կայքում.
Նարինե Մկրտչյանը ընտրագրավի գումարը չի կարողանում գտնել
Դիտումների քանակը` 3307