«Մենք մի քիչ ամաչում ենք, որ կառավարության կազմում չենք կարողացել ավելի մեծ թվով կանանց ներգրավել»…
Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում ներկայացնելով կառավարության ծրագիրը, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի դիտարկմանը, որ կառավարության ծրագրում տեղ չի գտել նրա կողմից որպես վարչապետի թեկնածու հնչեցված ուղերձը կանանց ավելի լայն ընդգրկվածության մասին:
Մասնավորապես, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը նշեց , որ Փաշինյանի բոլոր ելույթներում հնչեցված բոլոր ուղերձները տեղ են գտել կառավարության ծրագրում, բացի մեկ ուղերձից, այն է՝ նպաստավոր պայմաններ ապահովել, որպեսզի կանայք ավելի շատ ընդգրկում ունենան պետական կառավարման համակարգում, քաղաքական և հանրային գործունեության մեջ: «Ցավոք, այսօր մեզ ներկայացված ծրագրում այդ ուղերձի արտացոլումը չտեսա: Ի՞նչ կարելի է ենթադրել՝ Դուք այլևս չե՞ք կարևորում կանանց ներգրավվածությունը, թե՞ ուղղակի բացթողում է»,- հարցրեց պատգամավորը:
Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ եթե անկեղծ ասի, իրենք մի քիչ ամաչում են, որ կառավարության կազմում չեն կարողացել ավելի մեծ թվով կանանց ներգրավել: «Այն, ինչ ասվել է, չափազանց կարևոր է, և իմ՝ որպես վարչապետի թեկնածու, հնչեցրած որևէ դրույթ, անկախ նրանից՝ ընդգրկված է կառավարության ծրագրում, թե` ոչ, չի կարող իր կարգավիճակը փոխել: Ցավում եմ, որ մենք չենք կարողացել շատ արագ շատ մեծ և էական փոփոխություններ անել այդ հավասարակշռության մեջ»,- ասաց նա:
Կյուրեղյանը, ի հավելումն, նշեց, թե խոսքն այն չէ՝ Փաշինյանն ու այսօրվա կառավարությունը կարևորում են կանանց դերը, թե` ոչ, այլ այն, որ մենք ունենանք ամրագրում օրենսդրության մեջ, որ կանանց ներգրավվածությունը որոշումների կայացման մեջ այլևս անհրաժեշտություն է:
Փաշինյանն արձագանքեց՝ ասելով, որ, իհարկե, դա շատ կարևոր է, քանի որ Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական գործընթացի առանցքային կարևորությունն այն էր, որ կանանց հսկայական ներգրավվածություն տեսանք այդտեղ: «Սա նույնպես այն կարևոր գործոններից մեկն էր, որը մեզ հնարավորություն տվեց խուսափելու բախումներից, սրացումներից և այլ զարգացումներից: Կարծում եմ՝ դա ժողովրդական հեղափոխության ամենամեծ ձեռքբերումներից մեկն է, և դրանք պետք է արտահայտվեն մեր հետագա քաղաքական կյանքում: Այն, որ մենք ունենք այդ ցանկությունը, միանշանակ է, և մենք պետք է ապահովենք, որ կանանց այդ ակտիվությւոնը շարունակվի մնալ որպես կարևոր գործոն: Այս ամենը ցույց տվեց, որ կանանց ակտիվությունը որևէ կերպ չի հակասում ընտանիքի մասին մեր ունեցած պատկերացումներին և ընտանիքի մասին մեր ունեցած լավագույն ավանդույթներին», – եզրափակեց վարչապետը:
Նշենք, որ իրականում խնդիրը ոչ միայն կանանց քաղաքական մասնակցության և որոշումների ընդունման մակարդակում նրանց ներկայացվածության տիրույթում է: Խոսքը ցանկացած ոլորտում կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովմանն ուղղված պետական քաղաքականության մասին է, որի արտացոլումը կառավարության ծրագրում կնշանակեր, որ Հայաստանն երաշխավորում է իր միջազգային պարտավորությունների մաս կազմող այդ քաղաքականության իրականացումը:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Կանայք իշխանության կազմում. չարդարացված ակնկալիքները թվերով
«Առանց կանանց Հայաստանի կառավարությունը ժողովրդավար չի կարող լինել և վե՛րջ»․ բաց նամակ՝ Փաշինյանին
Ազգային համաձայնության կառավարության կազմում ընդամենը երկու կին նախարար կա
Քաղաքական կուրությունն ինչպես որ կա…
Արդյո՞ք երեխայի ծննդյան նպաստների բարձրացումը բավարար միջոց է ծնելիությունը խրախուսելու համար
«Հայաստանում ոչ մի քաղաքական գործընթաց կանանց այսքան մեծ ներգրավում չի ունեցել…»
Դիտումների քանակը` 2973