Մեղադրյալները և նրանց հարազատները սպառնում են փաստաբանին և տուժողներին

 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հանդես է եկել հայտարարությամբ՝ լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով տուժող կողմի ներկայացուցիչ փաստաբան Ինեսսա Պետրոսյանին ուղղված սպառնալիքների կապակցությամբ:  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» խստորեն դատապարտում է երեք կանանց՝ գործով տուժող Էմմա Աբրահամյանի, սպանված Եղիշե Խաչատրյանի կնոջ՝ Փառանձեմ Մեյթիխանյանի և հատկապես նրանց շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի հանդեպ կատարվող ճնշումները՝ կարևորելով, որ  նման իրավիճակում հույժ կարևոր է պետության կողմից օրենքով նախատեսված բոլոր միջոցառումների իրականացումը՝ հանուն արդար դատաքննության իրավունքի իրացման։

 

Հայտարարությունում մասնավորապես նշված է.

 

Օրերս փաստաբան Ինեսսա Պետրոսյանը ստացել է իրեն և իր ընտանիքին ուղղված սպառնալիքներ՝ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից։ Սպառնալիքները կապված են Ինեսսա Պետրոսյանի մասնագիտական գործունեության հետ։ Հայտնի փաստաբանը  դատարանում՝ լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով տուժող կողմի ներկայացուցիչն է, և այդ գործում, որպես մեղադրյալ ներգրավված անձանց կողմից  պարբերաբար ենթարկվում է հոգեբանական գրոհների։

 

Քրեական գործը վերաբերում է 2016 թվականի հունիսի 4-ի ուշ երեկոյան՝ Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած վիճաբանությանը։ Մի խումբ երիտասարդներ՝ խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները դիտողություն էին ստացել Եղիշե Խաչատրյանից, որին հասցնելով բազմաթիվ հարվածներ՝ զրկել էին կյանքի իրավունքից։ Այդ ամենը կատարվել էր Եղիշե Խաչատրյանի տարեց մոր՝ Էմմա Աբրահամյանի աչքի առջև։ Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում հայտնված խումբը, որոնց մեջ կան ՀՀ արդարադատության համակարգում բարձր դիրքեր ու կոչումներ ունեցող անձանց մերձավոր ազգականներ, դատաքննության ողջ ընթացքում մշտապես սանձարձակ վարք են դրսևորել՝ հայհոյանքներ ու սպառնալիքներ տեղալով թե՛ տուժողի, թե՛ սպանվածի կնոջ ու նրանց շահերի պաշտպանի հասցեին։

 

Այսպիսով, երեք կին հայտնվել է հանցագործության մեջ մեղադրյալների և նրանց սատարող, քաջալերող հարազատների թիրախում։ Ամբաստանյալների հարազատները՝ նման վարք դրսևորելով փորձում են վախեցնել, լռեցնել պաշտպանական կողմին, այդպիսով խոչընդոտելով արդարադատության կայացման ընթացքը, միևնույն ժամանակ խորացնելով երկրում առկա ամենաթողության մթնոլորտը՝ հատկապես կանանց նկատմամբ բռնությունների տեսանկյունից։

 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»  խստորեն դատապարտում է երեք կանանց՝ գործով տուժող Էմմա Աբրահամյանի, սպանված Եղիշե Խաչատրյանի կնոջ՝ Փառանձեմ Մեյթիխանյանի և հատկապես նրանց շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի հանդեպ կատարվող ճնշումները և ընդգծում, որ նման իրավիճակում հույժ կարևոր է պետության կողմից օրենքով նախատեսված բոլոր միջոցառումների իրականացումը՝ հանուն արդար դատաքննության իրավունքի իրացման և դատավարության մասնակից կողմի անձեռնմխելիության։

 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» 

Դիտումների քանակը` 3083

Գլխավոր էջ