Մեկնարկեց գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակը
Այսօր նոյեմբերի 25-ին Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրն էր: Այդ օրն է ողջ աշխարհում մեկնարկում «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը, որը տեւում է մինչեւ դեկտեմբերի 10-ը:
Հայաստանում 16- օրյակը մեկնարկեց ավանդական երթով, որն արդեն արդեն 7 տարի է, ինչ նոյեմբերի 25-ին կազմակերպում է Կանանց ռեսուրսային կենտրոնը: Այս տարվա երթին մասնակցում էին նաեւ «Կանանց աջակցման կենտրոն», «Հույսի կամուրջ», «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ները և «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը»:
Երթը սկսվեց Ավետիք Իսահակյանի արձանի մոտից եւ շարունակվեց քաղաքի կենտրոնական փողոցներով: Հասնելով Հյուսիսային պողոտա՝ երթի մասնակիցները խորհրդանշական ծառի վրա փակցրեցին իրենց խոստումներն այն մասին, թե ինչ են պատրաստվում անել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում: Ընթացքում երթի մասնակիցները բաժանում էին անցորդներին ինֆորմացիոն թերթիկներ:
Այսօրվա երթը միայն սկիզբն էր մի շարք միջոցառումների,որոնք պատրաստվում են անց կացնել կանանց նկատմամբ բռնության խնդրով զբաղվող ՀԿ-ները 16-օրյակի ընթացքում:
Լուսանկարները՝ Կանանց ռեսուրսային կենտրոնի
Հիշեցնենք,որ նոյեմբերի 25-ին մեկնարկած «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» միջազգային քարոզարշավը ներառում է հետևյալ հիշարժան օրերը՝
նոյեմբեր 25 – Կանանց դեմ ուղղված բռնության վերացման միջազգային օր,
դեկտեմբեր 1 – ՁԻԱՀ-ի համաշխարհային օր,
դեկտեմբեր 2 – Ստրկության վերացման միջազգային օր,
դեկտեմբեր 6 – Մոնրեալի սպանդի տարելից
դեկտեմբեր 10 – Մարդու իրավունքների միջազգային օր։
Ի դեպ, 2012-ի քարոզարշավի կարգախոսը նույնն է , ինչ անցյալ տարի՝ «Խաղաղություն տանը – խաղաղություն աշխարհում. պայքարենք միլիտարիզմի դեմ և վերջ դնենք կանանց նկատմամբ բռնությանը»:
Դիտումների քանակը` 5529