Մեկնարկեց «Կին» միջազգային 9-րդ կինոփառատոնը
Դեկտեմբերի 3-7-ը Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում անցնելու է «Կին» միջազգային 9-րդ կինոփառատոնը: Կինոփառատոնի նպատակն է վերաիմաստավորել կնոջ տեղը և դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանել կանանց խնդիրները, ձևավորել մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կին ռեժիսորների ստեղծած ֆիլմերի տարածմանը, նոր անունների բացահայտմանը, տարբեր ազգերի մշակույթների երկխոսությանը:
Հիշեցնենք, որ ծրագրում ընդգրկված են ճապոնական «Շորտ շորտս փառատոնը և Ասիան» միջազգային կինոփառատոնի ընտրանին և ԲԱՖՏԱ-ում հաղթած կարճամետրաժ ֆիլմերը:
Փառատոնի առանցքում նաև շվեդահայ ռեժիսոր Սյուզան Խարդալյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունն է: Ընդհանուր առմամբ, փառատոնին մասնակցում են 25 երկրի 65 ֆիլմեր:
Փառատոնի շրջանակում դեկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, կազմակերպվելու է «Կին ռեժիսորը ժամանակակից իրականության մեջ» թեմայով կլոր-սեղան: Նախատեսվում են նաև վարպետության դասեր:
Փառատոնի ավարտին դիպլոմներ և մրցանակներ են շնորհվելու «Լավագույն ֆիլմ» և «Հատուկ մրցանակ» անվանակարգերում:
Ժյուրիի կազմում են դերասան, գրող Զեք Պողոսյանը /Արգենտինա/, ռեժիսոր Մահվաշ Շեյխոլեսլամին /Իրան/, կինոգետ Արծվի Բախչինյանը /Հայաստան/, դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը /Հայաստան/ և ռեժիսոր Արման Չիլինգարյանը /Հայաստան/: Փառատոնի հյուրերն են «Սինեմա Վերիտե» վավերագրական ֆիլմերի փառատոնի ծրագրերի ղեկավար Լեյլա Հոսեյնին /Իրան/, ռեժիսոր Օլգա Չերտոկը /Իսրայել/ և Ալյոնա Սուրժիկովան /Էստոնիա/:
«Կին» միջազգային 9-րդ կինոփառատոնի կազմակերպիչն է «Լիզա» հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի և Մոսկվայում Իսպանիայի դեսպանատան աջակցությամբ:
Կարդացեք նաեւ այս թեմայի շուրջ մեր կայքում.
«Լսելի դարձնել կանանց ձայնը». մեկնարկում է 9-րդ “Կին” կինոփառատոնը
Դիտումների քանակը` 4099