Մելանյա Թրամփը «Խիզախ կին» մրցանակ է հանձնել Լյուսի Քոչարյանին

Երեկ երեկոյան Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն և առաջին տիկին Մելանյա Թրամփը «Խիզախ կին»#WomenofCourage մրցանակն են   հանձնել հայաստանցի լրագրող և բլոգեր Լյուսի Քոչարյանին՝ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հիմնախնդիրները բարձրաձայնելու և հոգեբանական, ֆիզիկական ու ընտանեկան բռնության ենթարկվածներին հարթակ տրամադրելու համար։

 

 

Լյուսին առաջինն է Հայաստանից, որ արժանացել է «Խիզախ կին» միջազգային մրցանակին, իր հաղորդագրությունում նշում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։  Այս ամենամյա մրցանակաբաշխությամբ, որն արդեն 14 տարվա պատմություն ունի, ԱՄՆ պետքարտուղարը և ԱՄՆ առաջին տիկինն աշխարհի մասշտաբով մեծարում են այն կանանց, որոնք անտեսելով վտանգները ու զոհողությունների գնով՝ բացառիկ խիզախում են հանդես բերում խաղաղության, արդարության, մարդու իրավունքների, գենդերային հավասարության ու կանանց հզորացման հարցերում։ Բացի Լյուսի Քոչարյանից, այդ  մրցանակի են արժանացել ևս 11 կանայք տարբեր երկրներից. Ամայա Քոփինզը Նիկարագուայից, Ջալիլա Հեյդերը Պակիստանից, Քլեյր Աուեդրագոն Բուրկինա Ֆասոյից, Զարիֆա Ղաֆարին Աֆղանստանից, Սուսաննա Լյուն Մալազիայից, Սայրագուլ Սաույտբայը Ղազախստանից, Շալա Հումբատովան Ադրբեջանից, Բյութի Րիտա Նյամպինան Զիմբաբվեից, Խիմենա Գալարզան Բոլիվիայից, Յասմին Ալ Քադին Եմենից, Ալինա Խոլանին Սիրիայից։ Նրանք բոլորն են համարձակություն են ցուցաբերել իրենց իրավապաշտպան գործունեության ընթացքում՝ անտեսելով իրենց նկատմամբ  ցուցաբերվող  ճնշումները, ագրեսիան և պարսավանքը:   Առավել մանրամասն այդ կանանց մասին այստեղ :

 

Նշենք, որ 2007-ի մարտից ի վեր ԱՄՆ Պետդեպարտամենտը 73 երկրից 134 կնոջ է պարգևատրել: 2020-ի հետ միասին դափնեկիրների ընդհանուր թիվը կազմում է  146 կին 77 երկրից:

 

Վաշինգտոնում կայացած մրցանակների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն նշեց. «Այստեղ կհանդիպեք փաստաբանի, որը մարդու հիմնարար իրավունքներն է պաշտպանում դժվարին պայմաններում, լրագրողի, որը կոռուպցիա է բացահայտել, ակտիվիստի, որը վերջ է դրել կանանց սեռական ձևախեղմանը, կհանդիպեք նաև կրոնական իրավունքների ու վտանգավոր տարածաշրջաններում խաղաղության համար պայքարող կանանց։ Այստեղ ներկա կանայք տարբեր են, բայց բոլորն էլ հավատում են, որ ցանկացած մարդ արարած արժանապատիվ կյանքի իրավունք ունի», – նշել է պետքարտուղարը։

 

 

«Մենք բոլորս ճանաչում ենք քաջարի կանանց, որոնք ամեն օր թշնամական վերաբերմունքի են արժանանում, երբ խոսում են խնդիրների մասին։ Մենք պետք է արժանին մատուցենք այս կանանց ամեն օր։ Այս բեմին կանգնած կանայք ներգրավված են հենց այդպիսի գործունեությունում, ինչը այնքան կարևոր է մեր ընտանիքների, կառավարությունների և ողջ աշխարհի համար», – հայտարարել է Փոմփեոն։

 

 

Նշենք, որ հայաստանցի լրագրողը մրցանակի դափնեկիրների ցուցակում է հայտնվել իր կողմից նախաձեռնած  #բռնության_ձայնը/  #voice_of_violence  արշավի  շնորհիվ, որը մեծ արձագանք գտավ սոցցանցերում։ Ամեն ինչ սկսվեց Հայաստանում  չեխ աղջիկ Էվայի հրապարակված   պատմությունից հետո, որում նա պատմեց թե ինչպես է  Հայաստանում անցկացրած մեկ տարվա ընթացքում բազմիցս սեռական ոտնձգությունների  ենթարկվել, մեկ անգամ էլ՝ բռնաբարության փորձի: Այդ հրապարկումից հետո   լրագրող Լյուսի Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում  #բռնության_ձայնը հեշթեգով արշավ  սկսեց՝ հրապարակելով իրեն ուղարկված բազմաթիվ նամակներ, որտեղ կանայք և աղջիկները, նաև՝ տղամարդիկ պատմում էին իրենց նկատմամբ բռնության դեպքերի մասին։ Սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ ծավալվեցին թեմայի շուրջ, հանրությունն այնպիսի շոկի մեջ էր , որ նույնիսկ հնչում էին կարծիքներ իբր  նամակները հորինված են։ Ի դեպ,  ՍիվիլՆեթի լրագրող  Գևորգ Թոսունյանն ի պատասխան այդ կարծիքներին, առանձնացրեց  իրական դեպքեր՝ վերցված «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Դրանք բոլորն օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով քրեական գործեր են, որոնցով հանցագործությունն ապացուցվել է… Դրանից հետո կրքերն, կարծես թե, հանդարտվեցին, քանի որ պարզ  դարձավ, որ իրականությունը, ցավոք սրտի, ավելի դաժան է, քան  Լյուսիին ուղղված նամակներում նկարագրված  պատմությունները…

 

Հատկանշական է , որ երեկ մրցանակի մասին լուրի հետ մեկտեղ կասկածներն երկրորդ շունչ առան: Այս անգամ  ի դեմս «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի, ով իր խոսքով, այնքան էր ազդվել այդ սարսափազդու պատմությունններից, որ իրեն թվում էր իբր  «Հայաստանն ուղղակի ողողված է վայրենի բռնաբարների, և օրինակ Երևանյան փողոցներում կատաղած տղամարդիկ անդադար ծեծում և բռնաբարում են կանանց»: Պատգամավորը   Facebook–ի իր էջում հայտնեց, որ Ոստիկանությանը հարցում է ուղարկել, որպեսզի ճշտի Լյուսի Քոչարյանի «բռնության ձայն» հոդվածաշարի պատմությունների իսկությունը։ «Պատասխանը ստանալուց հետո ես անպայման կհրապարակեմ իմ վերջնական եզրակացությունները, և մենք միասին կանենք հետևություններ «բռնության» այս էպոպեայի շուրջ», – խոստացավ նա՝ տեղադրելով իր էջում  Ոստիկանություն ուղարկված դիմումի պատճեն…

 

Մինչդեռ Լյուսի Քոչարյանն՝ անդրադառնալով ստացված մրցանակին,  գրել է  իր ֆեյբուքյան էջում. «Կարելի ա ասել՝ #voice_of_violence -ը հասավ միջազգային հարթակ։ Ինչպես ես ասում էի՝ ինձ հնարավոր չի վախեցնել, շանտաժի ենթարկել, սպառնալ, լռեցնել …»

 

Դիտումների քանակը` 1397

Գլխավոր էջ