Մարտի 8-ը նշեցին ի պաշտպանություն կանանց իրավունքների քայլերթով
Այսօր՝ մարտի 8-ին, Ավ. Իսահակյանի արձանի մոտից մեկնարկեց «ֆեմինիստական պլատֆորմ»-ի կողմից կազմակերպված «Ամոթ չէ պաշտպանել քո իրավունքները» խորագրով քայլերթ-ֆլեշմոբը: Միջոցառման նպատակն էր ՝ հիշեցնել, որ մարտի 8-ը կանանց իրավունքների համար պայքարի օր է:
Երթի մասնակիցները շրջում էին քաղաքի կենտրոնական փողոցներով թմբուկներով, հայտնի հայ կանանց նկարներով եւ պաստառներով , որոնց վրա գրված էր՝ «Ամոթ չէ աշխատելը», «Ամոթ չէ բռնության մասին խոսելը», «Ամոթ չէ ուշ տուն գալը», «Ամոթ չէ սովորելը»…
Ընտրելով՝ «Ամոթ չէ» խորագիրը քայլերթի մասնակիցները փորձել են բացատրել, որ հասարակության կողմից հատկապես կնոջը պարտադրվող «տաբու»-ներն՝ իրականում կարծրատիպեր են, որոնք խոչընդոտում են կանանց իրավունքների իրացումը:
«Մենք ինչպես ամեն տարի, այս տարի էլ իրականացնում ենք քայլերթ՝ նվիրված կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Պայքարում ենք հասարակությունում գոյություն ունեցող կարծրատիպերի դեմ, որոնք նպաստում են կանանց նկատմամբ բռնության տարածմանը: Եթե մենք համարում ենք, որ ամոթ է խոսել բռնության մասին, ամոթ է աշխատել, ամոթ է աղջիկ երեխա ունենալ, ապա դրանով իսկ արդարացնում ենք կանանց նկատմամբ բռնությունը», – լրագրողներին ասաց «Ֆեմինիստական պլատֆորմ» նախաձեռնության անդամ Էլվիրա Մելիքսեթյանը:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ի՞նչ է թաքնված «ամոթի» շղարշի տակ
«Ներկայանալու ենք հանրությանը որպես ֆեմինիստական պլատֆորմ»
«Ամոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար»
Դիտումների քանակը` 4386