Մարսելա- Մարիա Նիկոդեմոս. «Հասարակությունը ևս պետք է հավատա, որ կինը կարող է»
WomenNet.am կայքի հարցերին պատասխանում է Հայաստանում Բրազիլիայի դեսպան՝ տիկին Մարսելա- Մարիա Նիկոդեմոսը, ով գտնում է, որ վերջին 30 տարիների ընթացքում իր երկրում նկատելի փոփոխություններ են տեղի ունեցել, կանանց դերը հասարակությունում բարձրացնելու ուղղությամբ:
– Տիկին դեսպան,Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսսեֆֆի անունը վերջերս հիշատակվեց աշխարհի ամենաարդյունավետ կառավարող լիդերների շարքում : Ձեր կառավարարությունում կա նաև 10 կին նախարար: Կարելի՞է ասել, որ Բրազիլիայում լուծվել է գենդերային անհավասարության խնդիրը:
– Դիլմա Ռուսսեֆֆի րնտրությունը նախագահի պաշտոնում` դա արդեն մեծ քայլ է գենդերային խտրականության դեմ և մեծ պայքարի արդյունք: Տիկին Դիլմայի նախարարների կաբինետում կան տաս կին, չնայած մինչ այդ էլ եղել են կանայք, ովքեր նույնպես ունեին բարձր պաշտոններ օրենսդիր և գործադիր մարմիններում: Ունենք նաև կին դատավորներ:
Դրա հետ մեկտեղ չէի ասի, որ գենդերային հավասարության խնդիրը Բրազիլիայում լուծված է: Այսինքն դեռեւս պետք է պայքարել, քայլեր ձերնարկել՝ դրան հասնելու համար: Կանայք պետք է պատշաճ ներկայացված լինեն ոչ միայն քաղաքականության, այլ նաև բիզնեսի և տնտեսության մեջ: Հասարակության մեջ էլ կնոջ դերը պետք է բարձրացվի: Բրազիլիայում այդ ուղղությամբ որոշակի քայլեր արվում են: Փոփոխությունները առավել նկատելի են, հատկապես եթե համեմատենք այն իրավիճակի հետ, որը առկա էր 30 տարի առաջ, երբ ես նոր էի սկսում իմ դիվավագիտական կարիերան:
– Ինչպե՞ս կգնահատեք կանանց ներկայացվածությունը Բրազիլիայի քաղաքական դաշտում և որոշումների ընդունման մակարդակում:
– Բրազիլիայում դեռևս իշխում են տղամարդիկ: Իհարկե, որպես բացառություն կարելի է նշել կրթության ոլորտը, որտեղ կան բավական մեծ քանակությամբ կանայք, ավելի շատ քան այլ բնագավառներում: Սակայն բարձրաաստիճան պաշտոններում հիմնականում տղամարդիկ են, կանայք դեռ քիչ են: Կարեւորը, որ Բրազիլայում նկատվում է առաջընթաց այդ հարցում: Վերջին տարիների ընթացքում կանանց մասնակցությունը քաղաքականությունում անշուշտ ավելացել է, բայց դեռ չի կարելի ասել, որ գենդերային խտրականությունը վերացվել է: Բրազիլիան ունի 200 միլիոն բնակչություն և հնարավոր չէ խտրականությունը ամբողջովին վերացնել: Հասարակությունը պայքարում է դրա համար:
– Իսկ ո՞րն է , ըստ ձեզ, նախագահ Դիլմա Ռուսսեֆֆի հաջողության գաղտնիքը:
– Անշուշտ չեմ կարող ասել Դիլմա Ռուսսեֆֆի փոխարեն ո՞րն է նրա հաջողության գաղտնիքը , բայց իմ դիտարկմամբ կարող եմ նշել, ինչպես է նա նախագահ դարձել` առաջին հերթին, իր կարգապահությամբ ու օրինապաշտությամբ: Բացի դրանից, նա շատ նպատակասլաց և հստակ դիրքորոշում ունեցող կին է: Նա մեծ հավատքով և նվիրումով է կատարում ցանկացած գործ, որի մեջ ներգրավված է՝ լինի դա երկրի ներսում թե դրսում: Իրականում, կարծում եմ, որ առաջին հերթին պետք է հավատալ այն գործին, որով զբաղվում ես, բացի այդ բոլոր հարցերում պետք է պահպանել կարգուկանոն: Հասարակությունը ևս պետք է հավատա, որ կինը կարող է հասնել մեծ բարձունքների, գնալ առաջ և հաղթահարել խոչընդոտները:
– Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարելի է կոտրել հասարակությունում ձևավորված կարծրատիպերը, որոնք խոչընդոտում են կանանց առաջխաղացումը քաղաքականությն մեջ:
– Վստահ եմ, որ հայ կանայք էլ կարող են կոտրել կարծրատիպերը` վերջ տալով տղամարդկանց գերիշխանությանը քաղաքականությունում: Կարծում եմ , կարգուկանոնը և նպատակասլացությունը կարող են օգնել այս հարցում, ինչպես նաև կանայք պետք է փոխեն իրենց մտածելակերպը, իրենց պահելաձևը, իսկ տղամարդիկ պետք է աջակցեն իրենց այդ հարցում, որ համատեղ հասնեն իրենց նպատակին` կառուցեն խտրականությունից զերծ հասարակություն: Միայն այդ դեպքում նրանք կարող են հասնել արդյունքի:
– Ի՞նչ գործոններ են օգնում կանանց ընդլայնելու իրենց հնարավորությունները` քաղաքականության մեջ բարձր պաշտոններ զբաղեցնելու հարցում:
– Կարևորը կրթությունն է` ինչքան շատ կրթված լինի կինը, այնքան մեծ է հավանականությունը, որ նա կզբաղեցնի ավելի բարձր պաշտոն: Կրթությունը մեծ դեր է խաղում քաղականությունում, տնեսությունում և այլ բնագավառներում, և գրեթե ամբողջ աշխարհում այդպիսի դրվածք է: Վստահ եմ, որ ինչպես Բրազիլիայում, այնպես էլ Հայաստանում, կրթված կանայք առաջ գնալու մեծ հնարավորություններ ունեն : Բրազիլիայում ավելի շատ կանայք են բարձրագույն կրթություն ստացել, քան տղամարդիկ, ինչպես նաև Հայաստանում: Կրթված կանայք անշուշտ նպաստում եմ հասարակության բարեկեցությանը, նաև ընտանեկան հարցերի կարգավորմանը:
– Ձեր կարիերայի ընթացքում առնչվել ե՞ք գենդերային խտրականության դրսևորումների հետ:
– Իմ դիվանագիտական կարիերայի ընթացքում չեմ հանդիպել նման դեպքերին, սակայն եթե եղել են, ապա բավականին քիչ: Արտաքին գործերի նախարարությունում այսօր չկան խտրական գործելաոճեր, որոնց պատճառով կանայք իրենց վատ զգան: Նախկինում այդպես էր` եթե կին ու տղամարդը դիվանագետ էին և նրանցից մեկը նշանակվում էր այլ երկիր ծառայության, ապա մյուսը պետք է թողներ իր դիվանագիտական աշխատանքը: Սակայն այս պահին դա վերացվել է: Ներկայումս Բրազիլիան այլ երկրների հետ ունի համաձայնագրեր, ըստ որոնց, եթե կինն և ամուսինը դիվանագետներ են և միասին մեկնում են ինչ-որ երկիր, ապա երկուսով կարող են աշխատել, և նրանց դիվանագիտական կարիերան չի ընդհատվի: Բրազիլիան սպասում է, որ Հայաստանի հետ էլ այդպիսի համաձայնություն ձեռք բերվի: Մենք հասել ենք այն մակարդակի, որ մեր Արտաքին գործերի նախարարությունում վերացվել է կանանց նկատմամբ խտրականությունը:
– Ըստ Ձեզ, հնարավո՞ր է համատեղել կարիերան և ընտանիքը:
-Առանց կեղծ համեստութան պետք է ասեմ, որ ես դրա վառ օրինակն եմ` ունեմ լավ ընտանիք և դիվանագիտական կարիերա: Իհարկե դա կապված է տարբեր գործոնների հետ, առաջին հեթին անձից: Ես բախտավոր եմ, ունեմ ինձ լավ հասկացող ամուսին, որը ինձ միշտ ուղեկցել է բոլոր այն երկրները, որտեղ ես աշխատել եմ, բացի դրանից իմ տղաները ևս եղել են իմ հետ, երբ նրանք փոքր էին: Հանրային կառավարման ասպարեզում բավական ջանքեր պահանջվեցին, որ դիվանագետ ամուսինները կարողանան համատեղ աշխատել, ինչը նպաստում է նաև ընտանիքի ամրությանը:
– Մենք ունենք այդպիսի օրինակ` Հայաստանում Բրիտանիայի դեսպանատանը աշխատում են ամուսիններ, որոնք կատարում են դեսպանների պարտականությունները:
– Սա առաջին դեպքն է, որ զույգը աշխատում է դեսպանի մակարդակով, հնարավորություն է տրվել, որպեսզի նրանք կարողանան ճկուն ձևով փոխարինել մեկը մյուսին: Այդ հնարավորությունը նրանց ընդձեռել են Բրիտանիայի և Հայաստանի կառավարությունները: Իրականում, դա ոչ միայն լավ հնարավորություն է ընտանիքի և կարիերայի համար, այլ ֆանտաստիկ նախադեպ է, որը կարող է օրինակ ծառայել ուրիշ երկրների համար:
– Ինչպիսի՞ հատկություններ են պետք կանանց դիվանագիտական կարիերայի ընթացքում:
– Դա նույն է և կանանց, և տղամարդկանց համար, չկա ինչ-որ առանձնահատուկ մի բան: Կարող եմ նշել, ինչը ինձ օգնեց կանացի մտածելակերպը պահպանելու: Երբ սկսեցի իմ դիվանագիտական կարիերան, ես չփոխեցի իմ կնոջ մտածելակերպը և չմտածեցի տղամարդու պես: Դա երևի այն պատճառով էր, որ հենց առաջին հանձնարարությունը ինձ տվեցին կապված կանանց հետ`միջամերիկյան հանձնաժողովում ես պետք էի զբաղվեի կանանց հարցերով: Շատ կանայք զբաղվելով դիվանագիտությամբ փորձում են նմանվել տղամարդկանց: Սակայն դա պետք չէ անել` կինն պետք է մնա կին և աշխարհի հարստությունը հենց սեռերի միջև եղած տարբերության մեջ է և այն պետք է պահպանվի, քանի որ դա է, որ ինչ-որ բան է փոխում և ներդաշնակություն է հաստատում: Այնպես որ եթե կանանյք կարողանան իրենց ներաշխարհը ներդնել քաղաքականությունում և այլ բնագավառներում, ապա մենք արդյունքի կհասնենք ոչ միայն գենդերային հավասարության համար պայքարում: Ուրախ եմ, որ հենց կանանց նվիրված կայքին եմ տալիս հարցազրույց, ցանկանում, որ հայ կանայք իրենց ամուսինների հետ հասնեն իրենց նպատակներին և միասին բարելավեն իրենց կյանքն ու երկիրը:
Զրույցը վարեց՝
Իլոնա Քամալյանը
Դիտումների քանակը` 3609