Մարո Մաթոսյան. «Կնոջը օգնում ենք, որ նա «հզորանա», առաջընթաց ապրի»…

Արդեն հինգ տարի է, ինչ «Կանանց աջակցման կետրոն» ՀԿ-ն  օգնում է  ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց: Կենտրոնն այն եզակի կազմակերպություններից է, որ պաշտպանություն փնտրող կանանց նաև ապաստարան է տրամադրում: Միայն այս տարի ապաստարանից են օգտվել  շուրջ 40 կանայք և երեխաներ, իսկ որպես շահառու՝ աջակցություն են ստացել  100-ից ավելի կանայք:

WomenNet.am –ի զրուցակիցն է  Կանանց աջացկման կենտրոնի հիմնադիր Մարո Մաթոսյանը:  Թեև մեր  հանդիպման առիթը Կենտրոնի հնգամյակն է,  մենք խոսում ենք  ոչ միայն  իր կողմից ղեկավարվող կազմակերպության , այլ  նաև Հայաստանում ընտանեկան բռնության  խնդրի  և դեռևս  չընդունված ընտանեկան բռնությունը կանախարգելող  օրենքի մասին:

Երբ կինը որոշում է բաժանվել, ուրեմն նա անելանելի  վիճակում  է…

 

–         Մեր կենտրոնը սկսեց գործել Թուֆենկյան հիմնադրամի «Սոցիալական աջակցություն խոցելի ընտանիքներին» ծրագրի շրջանակներում:  Ծրագիրը  սկիզբ առավ  2010-ին  AIWA (Armenian International Women Association), ԱՄՆ ՄԶԳ-ի և Թուֆենկյան հիմնադրամի աջակցությամբ:  Աշխատանքի ընթացքում բացահայտեցինք, որ  մեր շահառուների գրեթե կեսը ընտանեկան բռնության հետ կապված խնդիրներ ունեն:

Սկզբում մենք միայն խորհրդատվություն էինք տալիս կենտրոն հաճախող կանանց, բայց շատ շուտ հասկացանք, որ դա բավարար չէ: 2012-ին ապաստարան ունեցանք: Փորձը ցույց է տալիս, որ կանայք  բարձրաձայնում են խնդիրների մասին միայն այն ժամանակ, երբ արդեն շատ թեժ է վիճակը: Որպես կանոն  եթե  կինը որոշում է բաժանվել, ուրեմն նա ամենաբարդ, անելանելի  վիճակում է գտնվում: Եվ այստեղ է , որ մենք նրան օգնության  ձեռք ենք մեկնում:

Ճիշտն ասած միշտ հետաքրքրված եմ եղել կանանց հիմնախնդիրներով, սակայն չէի մտածում, որ այս ոլորտի մեջ այսքան խորը կընդգրկվեմ: Թուֆենկյան հիմնադրամի ծրագրի տնօրենն էի, մոնիտորինգ արեցի ծրագիրը և հասկացա, որ գործընթացը ճիշտ չէ դրված, քանի որ այն  անձնակազմը, որը պետք է աջակցի կանանց համապատասխան  պատրաստվածություն չունի: Գրականություն ուսումնասիրեցի, մեկնեցի Ամերիկա,  ապաստարանների փորձին ծանոթացա:  Այն վայրում, որտեղ ապրում եմ Ամերիկայում,  ամենահին ապաստարանն է գտնվում, որ գործում է 70-ականներից: Ինձ շատ օգնեցին այնտեղ, թրենինգ արեցին, ուղղություն տվեցին: Բացի այդ, կապեր ստեղծեցի Լոս Անջելեսում հատուկ հայ կանանց համար բացված ապաստարանի ղեկավարների հետ, նրանց փորձը նույնպես ուսումնասիրեցի: Այսօր մեր բոլոր աշխատակիցներն էլ շատ պատրաստված են, բազմաթիվ վերապատրաստումներ են անցել:

 

Դաժանության դեպքերի աճ է նկատվում…

 

–         Առաջին տարիներին էլ ունեինք ֆիզիկական բռնության ենթարկված կանայք, մինչդեռ այս վերջին երկու տարվա մեջ շատ դաժան ֆիզիկական բռնության դեպքերի ենք հանդիպում՝ խոշտանգումներ, այրելու դեպքեր, կնոջը կապում է գոմում, որ մորթի, այսպիսի դաժան երևույթներ կան այսօր…

Ապաստարան ընդունելուց առաջ սկսեցինք նաև ռիսկային գնահատում անցկացնել, որոշելու՝ թե որքան վտանգված է անձը: Այդ գնահատման ժամանակ ունեինք դեպքեր, երբ հղիության ընթացքում է կինը ծեծվել, ինչն էլ հետագայում վիժման պատճառ է հանդիսացել: Ռիսկային ենք  համարում, երբ կա սպառնալիք, թե կսպանի կնոջը, դանակով է սպառնացել, մի խոսքով կյանքին վտանգ է սպառնում: Մեր շահառուների  հիսուն տոկոսը այդ վիճակի մեջ է, իհարկե, ոչ բոլորն են ուզում գալ ապաստարան, պատրաստ չեն: Իրականում, ոչ թե չեն ուզում, այլ մեծ հոգեբանական խնդիրներ ունեն, կամ երեխաներն իրենց մոտ չեն, կամ վախենում են` կախվածություն կա բռնարարից, կամ իրենք չեն պատկերացնում, որ կա այդ ուժն իրենց մեջ, չեն պատկերացնում ինչ պետք է անեն հետո:

 

 

Երբ զսպող մեխանիզմներ չկան և բռնարարն անպատժռլի  է…

 

–         Մենք պատրիարխալ հասարակություն ենք և տղամարդը սովոր  է զգալ  իր ուժն, իր իշխանությունը: Ընտանեկան բռնության հիմքում այդ ուժի, իշխելու, հսկելու ցանկությունն է զոհի նկատմամբ, և եթե  տղամարդը անվստահություն ունի,  զգում է, որ չի կարողանում դրան հասնել, ապա փորձում է դա անել բռնություն կիրառելով: Բռնարարը  շատ լավ գիտի, որ կինը գնալու տեղ չունի, բողոքելու տեղ չունի,  տնտեսապես կախվածություն ունի իրենից, դրա համար կարող է հանգիստ  սպառնալ կնոջը , իսկ զսպող մեխանիզմներ չկան և բռնությունն, ըստ էության, անպատժելի է:  Բռնության փորձերը  կրկնվում են, շատանում, աստիճանաբար թեժանում  ու ի վերջո այս ամենը կարող է  մահվան ելք ունենան:  Մեկ ապտակը  գուցե ընտանեկան բռնություն չէ, սակայն  փորձը ցույց է տալիս, որ այն հաճախ սիստեմատիկ, ցիկլային երևույթի է վերածվում… Ունենք ընտանիքների օրինակներ, երբ քսան տարի համբերելուց հետո   կինը հեռանալու որոշում է կայացնում…

 

Ինչն է տանում բռնության…

 

–         Ընտանեկան բռնության հիմքում, առաջին հերթին,  կարծրատիպերն են, հարգանքի ու հավասարության ընկալման   բացակայությունը, որ երկուսն էլ կարող են ընտանիքում որոշում կայացնել…  Սա նաև սովորած վարք է, երեխաները ինչ տեսնում են իրենց ընտանիքներում, կրկնում են շատ անգամ, հատկապես տղաները: Բռնությունը զարգանում է այն հասարակություններում, որտեղ բռնության մշակույթ կա… Մենք բակում մեր հարցերը լուծում են բռնությամբ, մեր սերիալներում  կանայք ծեծված են, դավաճանված, ինքնասպան են ուզում լինել, մեր պաշտոնյան կարող է ապտակել  կնոջը և ոչ մի դատապարտում չկա…  Այս դաշտը տանում է նրան, որ մենք  ընտանիքում էլ հարցերը  խոսքով չենք լուծում, այլ՝ բռնությամբ:

 

 

Կինն է թույլ տվել, ինքն է մեղավոր… միայն հայկակա՞ն սինդրոմ

 

–         Ընտանեկան բռնության դեպքում  ազգային պատկանելիությունը   նշանակություն չունի,   այլ հարց է, որ  հասարակության մեջ կան կարծրատիպեր, որոնք պարարտ հող են ստեղծում բռնության համար:    Մենք հաճախ ասում ենք կնոջը ՝ դե ոչինչ, տղամարդ է, պետք է համբերես, պիտի յոլա գնաս: Անընդհատ հանդուրժողականության վիճակի մեջ է կինը. դե երեխաներ կան, առանց հայր մեծացնել ոնց կլինի…. Ընտանեկան բռնությունը մեկ օրում չի արտահայտվում,  կինը հաճախ   չի զգում ինչ է կատարվում, ինչպես է  բռնարարը սկզբից իրեն  վերահսկում, հետո  սկսում  ուժ  կիրառել… Զոհը հաճախ  իրեն է մեղադրում, բռնարարը կարծես թե հենց այնպես չի ծեծում, մեղադրանքով է ծեծում…  Ընդ որում, սովորաբար, դա անհիմն  պատճառներ են՝  երեխան, օրինակ, լացեց, ճաշը պատրաստ չի  կամ կինը  ուզում է գնալ ծնողների մոտ և այլն:  Կանանց  մեծ մասը  հաճախ   չեն հասկանում, որ իրականում  դրանք պատճառներ չեն, այլ պատրվակներ, որպեսզի բռնարարն իր ուժը կիրառի: Եթե երիտասարդ տարիքից սկսած աղջիկները եւ տղաները իրազեկվեն, թե ինչ է ընտանիքում առողջ  հարաբերությունը, ինչպիսի վերաբերմունք  պետք է  ցուցաբերեն միմյանց նկատմամբ ,  սերն ու հարգանքը որն է, այդ ժամանակ նրանք կհասկանան, որ բռնարար հարաբերությունը նորմալ չէ: Լավ կլիներ նաեւ, որ մեր հեռուստատեսային ծրագրերը, որոնց շատերը հետեւում են, նույնպես կնոջ նկատմամբ հարգանք քարոզեն, դատապարտեն բռնությունը եւ զերծ մնան կնոջը նվաստացնող կերպարներ ցուցադրելուց:

 

Երբ կյանքը շարունակվում է առանց բռնության…

–         Մոտ մեկ տարի կապի մեջ ենք լինում մեր շահառուների հետ: Նրանցից 80%-ը  վերականգնվում է, ունենք դեպքեր, երբ վերադառնում են բռնարարի մոտ: Համալիր ծառայություններ ենք մատուցում՝  աշխատանք ենք փորձում գտնել, մնալու տեղ, միջոցներ…ուղարկում ենք թրենինգների, ծնողավարության, կոմունիկացիայի, առողջապահության հմտություններ ենք ուսուցանում,  բիզնես ծրագրեր ենք մշակում, այսպես մեր շահառուներից է՝  Հասմիկ Խաչատրյանը սկսեց թխվածքների բիզնեսը,…

Կանայք գալիս են մեզ մոտ  շատ հուսահատված, հուսալքված, հոգեբանական  և ֆիզիկակական տրավմաների պատճառով  չեն կարողանում հիշել, կենտրոնանալ, որոշում չեն կարողանում կայացնել, ժամանակ է պետք, որ կարողանան վերականգնվել, կամաց-կամաց խորհրդատվություններով կարողանում ենք հասնել դրան:

Ունեինք մի կին, ով արդեն վերականգնվել էր  և ինքը որոշեց, որ պետք է մաքրություն անի: Ինքը մասնագիտությամբ հաշվապահ է, բայց ամուսինը չէր թողնում աշխատի, տնից դուրս գա, դրա համար էլ վստահություն չուներ իր ուժերի նկատմամբ: Մի օր հարցրեցինք, թե արդյոք գոհ է, որ մաքրություն է անում, ասեց, իսկ ուրիշ ի՞նչ կարող եմ  անել, առաջարկեցինք մասնագիտությամբ աշխատանք փնտրել միասին ու այժմ  նա մի կազմակերպությունում հաշվապահություն է անում: Կնոջը օգնում ենք, որ նա «հզորանա», առաջընթաց ապրի,  այդ մոդելն է, որ օգնում է  ընտանեկան բռնությունը հաղթահարել:

 

Երբ երեխան բռնության անուղղակի վկան է…

 

–         Ամենաահավոր վիճակի մեջ են երեխաները, նրանք  ընտանեկան բռնության անուղղակի վկաներն են: Ճիշտ է նրանց նկատմամբ ֆիզիկական բռնություն չի եղել, չնայած շատ դեպքեր ունենք, երբ երեխան նույնպես ենթարկվել է բռնության: Այս հարցում ՀՀ Կրթության և գիտության նախարությունն ընդհանրապես չի աջակցում մեզ: Մենք մի քանի անգամ խնդրել ենք հանդիպում, բայց չի ստացվում, ոչ մի մեխանիզմ չեն մշակում՝ պաշտպանելու երեխաների իրավունքները:

Երեխան, օրինակ, գալիս է մարզից, մայրը և երեխան փախչում են և գալիս են այստեղ ապաստարան,  գաղտնիությունը պաշտպանվում է մեր կողմից, բայց երեխային նոր դպրոց ընդունելու համար  պետք է նշես, թե որ դպրոցն ես տանելու նրան: Հայրն էլ գալիս է, նախկին դպրոցից իմանում է նոր դպրոցի տեղը և խնդիր է առաջանում: Բազմիցս դիմել ենք այս խնդրով նախարարություն, բայց ոչ մի արձագանք: Մենք այսօր լրացուցիչ վճարում ենք, որպեսզի ապահովենք մեր շահառուների անվտանգությունը, ինչը պետք է պետությունն աներ: Ես մեր ոստիկանությանն էլ չեմ ուզում մեղադրել, քանի որ ինքն էլ լիազորություններ, մեխանիզմներ չունի որևէ քայլեր  ձեռնարկելու համար: Ահա այստեղ է, որ կարեւորվում է ընտանեկան բռնության մասին առանձին   օրենքի անհրաժեշտությունը:

 

Ընտանեկան բռնության մասին օրենքը վաղ թե ուշ պետք է ընդունվի

 

–         Առ այսօր ընտանեկան բռնության հետ կապված խնդիրների վերաբերյալ  իրազեկումը ՀԿ- սեկտորիկողմից է  իրականացվում:  Պետությունը պարտականություններ ունի ստանձնած Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով , պետք է պաշտպանի զոհերին, պետք է կանխարգելի, խտրականությանը,  կարծրատիպերին դեմ հանդես գա,  ընտանեկան բռնության  մասին օրենքն ընդունի, ապաստարաններ տրամադրի զոհերին: Սա պարտավորություններ են, որ համապատասխան քաղաքականություն են ենթարում,  ֆինանանսական  ծախսեր են պահանջում   պետության կողմից:

Երկար ժամանակ մեզանում պետությունը, պետական պաշտոնյաները մեղմացրեցին կամ ժխտեցին, որ նման խնդիր կա: Ասում էին եզակի  դեպքեր են, առանձին անհաշտ ընտանիքներ են, իրականում   մեր ավանդական ընտանիքներում նման բան չկա: Սակայն երբ Մարիամի դեպքը եղավ, Զարուհունը, Հասմիկինը, մամուլը սկսեց խոսել դրա մասին, այլևս չկարողացան ժխտել, որ մեզանում ընտանեկան բռնություն կա կամ ասել,  որ  դա արտասահմանից եկած բաներ են: Այնուամենայնիվ այսօր էլ  ընտանեկան բռնության մասով չունենք  ճիշտ տվյալներ, քանի որ հաճախ չեն արձանագրվում այդ դեպքերը: Երբ կինը գալիս է նման խնդրով, թեկուզ կապտուկներով, բռնության հետքերով, նա հաշվառվում է  որպես անհաշտ ընտանիք և ոչ  թե ընտանեկան բռնության դեպք: Դրա պատճառով, ընտանեկան բռնության թվերը շատ անորոշ են:  Իրական պատկերը չի երևում, քանի որ անհաշտ ընտանիք ասելով, կարող ենք ունենալ տարածք բաժանելու խնդիր, պարտքի խնդիր, նման  վեճերը ընտանեկան բռնություն չեն, ընտանեկան բռնությունը սիստեմատիկ, հետևողական,  ցիկլային երևույթ է:

Պետությունը պատասխանատվությամբ պետք է մոտենա այս խնդրին, ինչպես թրաֆիկինգի խնդրի դեպքում եղավ՝  օրենք ընդունվեց, ապաստարան եղավ, մեխանիզմներ մշակվեցին և այսօր արդեն  ունենք  ցուցանիշների նվազում…

 

Զրուցեց Լիլիթ Քոչինյանը

 

Կարդացեք թեմայի շուրւջ մեր կայքում.

 

«Ոստիկանները վերապատրաստման կարիք ունեն»

«Ոստիկանությունը պետք է ձգտի նվաճել կանանց վստահությունը»

Ինչի՞ հետեւանք է ընտանեկան բռնությունը

Ինչո՞ւ են ՀԿ-ներին մեղադրում «ընտանիք քանդելու» մեջ

Մեր նպատակը՝ ամուր, սիրո վրա հիմնված ընտանիքն է /տեսանյութ

«Մենք ցանկանում ենք բռնության ենթարկված կանանց տեղեկացնել, որ նրանք միայնակ չեն»

Ամփոփվեցին «Գենդերային կարծրատիպեր» մրցույթի արդյունքները

 

 

Դիտումների քանակը` 5590

Գլխավոր էջ